Jump to content

Ինքնադիտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 363