Հեղինակը Եսթեր Թ. Մկրտչյանը, հայ հոգևորականի՝ Տիար Թովմաս Մկրտչյանի կին է, ցեղասպանության վերապրող, ով 1896 թվականին աշխատել է Բրիտանական Արևելյան հյուպատոսական ծառայությունում և, այդ իսկ պատճառով, խուսափել է բանտարկությունից և աքսորից։ Եսթերը, իր երեխաների հետ մնալով միայնակ՝ կարողացել է փրկվել ցեղասպանությունից և գրի առնել իր տեսածն ու վերապրածը։ Գիրքը կարևոր սկզբնաղբյուր է Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների վերաբերյալ[1]։
Մի օր էլ լսեցինք, որ Խարբերդից չորս ժամ հեռավորության վրա գտնվող Հապուսի գյուղի մոտ աշխատող բանակին, որը բաղկացած էր 19 և 21 տարեկան երիտասարդներից, ծեծելով տեղափոխել են Մեզրեյի «Կարմիր Գոնաղ» բանտը։ Նրանց մեջ էր նաև պրոֆ. Թենեքճյանը։ Տղաներին բոլորին փակել էին շինության մեջ և երեք օր առանց ջուր ու հաց պահել։ Խեղճերը ջո՜ւր, ջո՜ւր էին գոռում։ Հուսեյնիկցի դերձակ Նշանը պատմեց, որ նրանց բանտից հանելուց հետո վեց ժամ քայլացրեցին, այնուհետև նրանց հրամանատարը` արյունարբու գազան Քյազիմը, փողի ձայնով հրաման տվեց, որ շարք կանգնեն, և նշան արեց ոստիկաններին, որ կրակ բացեն տղաների վրա։ 1700 երիտասարդներ գետնին փռվեցին այնտեղ անկենդան, միայն մի քանիսը կարողացան դիակների տակ մնալով`փրկվել։
1915 թ. ապրիլի սկզբին սկսվեց Խարբերդ քաղաքի ձերբակալությունները։ Նախ հավաքեցին բոլոր հայ մտավորականներին, հետո վաճռականներին, ապա հարուստ, պատվավոր և աչքի զարնող բոլոր դասակարգերի հայերին։ Ընդհանուր առմամբ երեք հազարից ավել ընտրյալներ ձերբակալվեցին, որոնք խարբերդի հայության սերուցքն էին։ Բանտում անասելի տանջանքների ենթարկվելուց հետո, մի օր էլ Տիգրանակերտ տեղափոխելու պատրվակով նրանց տարհանեցին։ Այդ մարդկանց մեջ էր նաև Խարբերդ վիլայեթի Հայոց Առաջնորդ Պսակ վարդապետը։ Ճանապարհին` Պագր-Մատենի մոտ, այդ անիծյալ օձապտույտ ձորի մեջ, բոլորին սպանեցին։ Ոմանց վրա քարյուղ լցնելով` ողջ ողջ այրեցին, ուրիշներին գնդակով, սուրով, կացինով և քարերով սպանեցին ու ջախջախեցին։ Այս խեղճ ողջաեզներին ուղեկցող դաժան ոստիկանները ետ դառնալով պատմել են իրենց բոլոր ոճիրները։ Նրանք մեծ զվարճությամբ պատմել էին նաև Առաջնորդ Պսակ վարդապետի սպանությունը, ում ոտքերից կախելով ծառից` քերթել և մորթազերծ էին արել։