Ընկալման խանգարումներ
Ընկալում, առարկաների և երևույթների ճանաչողություն` դրանց ամբողջականությամբ։ Ընկալումը հոգեկան ակտիվ գործընթաց է, որը կապված է հոգեկան մյուս ֆունկցիաների հետ։ Տարբերում են երեք տեսակի ընկալման խանգարումներ՝ պատրանքներ, ցնորքներ և հոգեզգայական խանգարումներ։
Պատրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրանք կամ խաբկանք, արտաքին աշխարհի իրերի ու երևույթների աղավաղված ընկալում՝ ընկալման խանգարում օբյեկտի առկայությամբ։
Աֆեկտիվ կամ գերզգայական պատրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախի կամ հուզական և առավել հաճախ անկումային տրամադրությամբ պայմանավորված ընկալման ձևն անվանում են աֆեկտիվ (գերզգայական) պատրանք։ Այսպես՝ մութ այգում ծառը կարող է ընկալվել որպես մարդ։ Աֆեկտիվ պատրանքներ կարող են առաջանալ նաև մոլագարային կամ դեպրեսիվ վիճակների պայմաններում, երբ հիվանդներն իրենց շուրջը գտնվող մարդկանց դեմքերը ընկալում են ուրախ ու խնդուն կամ համապատասխանաբար տխուր ու թախծալից[1]։
Վերբալ կամ խոսքային պատրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալման այն ձևն է, երբ խոսակցությունների բովանդակությունն աղավաղված է ընկալվում։ Օրինակ` անձին չառնչվող հարցադրումների ու արձագանքների մեջ հիվանդը լսում է իրեն ուղղված հարցեր։
Պարեյդոլիկ պատրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարեյդոլիկ պատրանք դրսևորվում են գերբնական պատկերներով, օրինակ՝ ամպերը, ստվերները, պատի վրայի ճեղքերը կամ նկարները ընկալվում են այլ կերպ՝ արտասովոր բովանդակությամբ ընդունելով տարօրինակ չափեր, զանազան գերբնական շարժվող նկարներ, կերպարանքներ, ձևեր։ Գիտակցության խանգարման վիճակներում կարող են առաջանալ պարեյդոլիկ պատրանքներ։
Պատրանքները կարող են դասակարգվել նաև ըստ զգայարանների` տեսողական, համի, հոտի, շոշափելիքի, լսողական։
Ցնորք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցնորքը ընկալման խանգարում առանց իրական օբյեկտի։ Ցնորքով տառապողների համար իր զգայախաբությունը ոչ թե երևակայական, այլ իրական երևույթ է, երբ նա լսում է, տեսնում է, համ ու հոտ է զգում, համոզված լինելով դրանց իսկության մեջ` որպես գոյություն ունեցող ռեալ իրականություն։ Տարբերում են պարզ և բարդ, իսկական և կեղծ։ Տարբերվում է նաև գործառույթային, ընդերային (վիսցերալ), հիպնագոգիկ, հիպնապոմպիկ ցնորքներ, էքստրակամպին (արտատեսադաշտային), շոշափողական (տակտիլ), Շարլ - Բոնեի ցնորքներ, խոսքային (վերբալ) ցնորքներ։ Վերջինս կարող է լինել հրամայողական (իմպերատիվ), մեկնաբանական, հակադրական (անտագոնիստական) ցնորքներ։
Հոգեզգայական (պսիխոսենսոր) խանգարումներ։
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեզգայական խանգարումները զգայական խանգարումների մի խումբ է, որը կարող է արտահայտվել տարբեր ախտանիշներով և համախտանիշներով։Լ
Սենեսետոպաթիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանջալից, ճնշող բազմատեսակ զգացողություններ մաշկի վրա, մաշկի տակ, մարմնի տարբեր մասերում առաջացած այրոցներ, սեղմոցներ, ծակծկոցներ, ձգվածություն, թրթռոց, քոր, որոնք կապ չունեն որևէ մարմնական (սոմատիկ) խանգարումների հետ։
Մետամորֆօպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալվող օբյեկտի ձևի, չափի փոփոխություն տարածության մեջ։ Մետամորֆօպսիան կարող է արտահայտվել հետևյալ ձևերով
Մակրօպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն ինչ ընկալվում է արտասովոր մեծ չափերով։
Միկրոպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն ինչ փոքրացված է ընկալվում։
Դիսմեգալօպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առարկաներն ընկալվում են երկարացած, լայնացած, իրենց առանցքի շուրջը ոլորված ու ծռմռված։
Պորօպսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածությունն ընկալվում է կրճատված, նրանում եղած առարկաները մոտեցած, կամ, ընդհակառակը, տարածությունն ընկալվում է ձգված ու երկարած։
Մարմնի սխեմայի խանգարում (աուտոմետամորֆօպսիա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր մարմնի, կամ նրա տարբեր մասերի աղավաղված ընկալում` դրանց ձևի, մեծության, կազմության, քաշի, տեղակայության փոփոխություն։ Նա գանգատվում է իր գլխի մեծացած կամ փոքրացած, ծայրանդամների երկարած կամ կարճացած լինելուց, մարմնի տձևությունից` (դիսմորֆօպսիա), իր առանցքի շուրջը ոլորված, լայնացած, երկարացած լինելուց` (դիսմեգալօպսիա)։ Երբեմն առաջանում է բացակայող ծայրանդամի կեղծ առկայության զգացողություն (ֆանտոմային ցավ զգացողություն), իսկ ծանր դեպքերում կարող է առաջանալ նաև այդ նույն բացակայող օրգանի ցավ, մարմնի մասերի անջատվածություն։
Դեռեալիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջապատն ընկալվում է անիրական, մշուշված, փոփոխական։ Արտաքին աշխարհը կորցնում է իր իսկական և բնական գունավորումը, ընկալվում է անճանաչելի և տձև , կարծես թե քողով պատած, շրջապատող իրերը , թվում է, շարժվում են, ճոճվում, կըռանում, փոխվում են մարդկանց դեմքերը , տափականում, լայնանում, ամեն ինչ աղոտ է կամ անգույն ու մռայլ։ Դեռեալիզացիայի տարբերակներից են արդեն տեսածի ախտանշանը (ֆրանս*դեժավյու) շրջապատի տարածության ընկալման այնպիսի խանգարում է, երբ հիվանդին թվում է, թե ներկայի տեսածը անցյալում ինչ–որ ժամանակ ու ինչ–որ տեղ տեսել է, երբեք չտեսածի ախտանշանը (ֆրանս.` ժամեվյու) այս դեպքում շրջապատի սովորական իրադրությունը, ամենօրյա տեսածը հիվանդին բոլորովին անծանոթ է թվում, կարծես թե առաջին անգամն է տեսնում։
Դեպերսոնալիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձի խորթացում։ Փոխվում է հիվանդի սեփական անձի ընկալումը, առաջանում է իր ես-ի օտարացման, երկատման, ամբողջականությունը կորցնելու զգացում։ Առաջանում է կարծիք, թե իր անձը փոխվել է, իր մեջ ապրում է երկու անձ, որոնցից մեկը գործում է, աշխատում, իսկ մյուսը` կողքից դիտում, վերահսկում։ Հաճախ խանգարվում է իր մարմնի ուրվագծի ընկալումը, տեղի է ունենում զգացմունքների ու մտածողության արտասովոր վերափոխում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար /Ա.Է. Մելիք-Փաշայան; - Եր։ Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ., 330 էջ