Jump to content

Զարդաքանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարդաքանդակ զարդարվեստի բնագավառներից, ուր զարդարումն իրագործվում է քանդակման եղանակով։ Նեղ իմաստով Զարդաքանդակը կապվում է քարի հետ, որը դեռևս քարի դարից հանդիսացել է զարդարման գլխավոր նյութը։ Այդ ժամանակներից պահպանվել են Զարդաքանդակ արձանիկներ, ժայռաքանդակներ և քարե զարդարուն առանձին առարկաներ։ Զարդաքանդակը լայն զարգացում է ապրել ճարտարապետության առաջընթացին զուգահեռ՝ ինչպես պաշտամունքային կառույցների, բնակարանների, օժանդակ շենքերի, այնպես էլ առանձին կոթող-հուշարձանների վրա։ Զարդաքանդակի մոտիվները նույնն են, ինչ առհասարակ զարդարվեստի մշակած մոտիվները, որոնք նյութի, գործիքների և համապատասխան պայմանների հետևանքով ունեն որոշակի առանձնահատկություններ։ Հայ ժողովուրդն ունի իր հնամենի և հարուստ Զարդաքանդակ, որի ակունքները հասնում են մինչև քարի դար։ Այդ ժամանակներից են վերջերս Սյունիքում, Գեղարքունիքում և այլուր հայտնաբերված ժայռապատկերները։

Հայկական զարդաքանդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Զարդաքանդակի հին ու մեծարժեք հուշարձաններից են «Վիշապ» կոչված քարակոթողները՝ իրենց զարդամոտիվներով։ Հեթանոսական ժամանակների Զարդաքանդակի եզակի հուշարձան է Տրդատի տաճարը Գառնիում։ Միջին դարերում Զարդաքանդակը մեծ զարգացում է ապրել քաղաքաշինության և տաճարաշինության շնորհիվ, ստեղծվել են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք խաչքարերն են։ Ավելի լայն առումով Զարդաքանդակ կարող է ընդգրկել նաև փորագրության, դրվագման և ձուլման միջոցներով ստեղծված զարդարանքի բնագավառները։ Այստեղ, ինչպես մշակվող նյութի տեսակները (փայտ, ոսկոր, մետաղ են), այնպես էլ գործիքներն ու մասնագիտական իմացությունները տարբեր են։ Ընդհանուր է միայն նյութի մակերեսին տարբեր եղանակներով իրականացված զարդապատկերի տեղադրման սկզբունքը (խորադիր, բարձրադիր, հյուսածո են)։ Դրվագմամբ և ձուլմամբ ստեղծված զարդարվեստը առավելապես ուշ շրջանի արդյունք է՝ պայմանավորված մետաղներից օգտվելու գյուտերով։ Հայկական զարդարվեստում մեծ տեղ ունեն փորագրության, դրվագման և ձուլման եղանակով ստեղծված հին ու նոր զարդամոտիվները։ Ժամանակակից արվեստը զարգանում է Զարդաքանդակի ողջ հարստության օգտագործմամբ։ Հայ սովետական ճարտարապետության ու դեկորատիվ կիրառական արվեստը, ստեղծագործաբար յուրացնելով զարդարվեստի հարուստ ավանդները, ստեղծում է նոր ու ինքնատիպ զարդատեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 667