Եվգենիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվգենիկա, ուսմունք մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին։ Եվգենիկի խնդիրն է ակտիվ ազդել մարդու էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և հնարավորին չափ սահմանափակել ժառանգական հիվանդությունների փոխանցումը հետագա սերունդներին։ «Եվգենիկա» տերմինն առաջարկել է անգլիացի կենսաբան Ֆրենսիս Գալտընը (Francis Galton, 16 փետրվար 1822 – 17 հունվար 1911)։ Ռասիստները և հետադեմ գիտնականները եվգենիկա օգտագործել են «ոչ լիարժեք ցեղերի և ժողովուրդների» դեմ պայքարելու նպատակով։ Հետագայում գերմանական եվգենիկան գենիստները զարգացրել են ֆաշիստական ռասայական տեսությունը, գործնականում՝ գենոցիդը։ Եվգենիստներն առաջարկում էին սելեկցիայի միջոցով (որը կիրառելի է միայն կենդանական և բուսակաև աշխարհում) բարելավել մարդկային ցեղերը։ Նրանք անտեսում էին, որ մարդու զարգացումը ծնողներից ստացված գենետիկական ինֆորմացիայի և սոցիալական միջավայրի ազդեցության արդյունք է։ Եվգենիկան պետք է ուսումնասիրի մարդու էվոլյուցիայի առանձնահատկություններն ու մեթոդները։ Մեկ ձվից առաջացած երկվորյակների հոգեկան զարգացման, գենետիկական այլ բնույթի հետազոտությունները ցույց են տվել, որ ժառանգականությունն ունի խոշոր, սակայն ոչ բացառիկ դեր մարդու մտավոր և ստեղծագործական ընդունակությունների որոշման գործում։ Եթե մարդու մորֆոլոգիական հատկանիշները որոշվում են գլխավորապես ժառանգականությամբ, ապա հոգեկան առանձնահատկությունների և վարքագծի վրա մեծ ազդեցություն է ունենում հասարակական միջավայրը (դաստիարակություն, կրթություն, կոլեկտիվի ներգործություն և այլն)։ Մարդկության բնույթը բարելավելու համար մեծ դեր ունի բժշկական գենետիկան, որի խնդիրն է պահպանել մարդկանց ժառանգական և բնածին հիվանդություններ առաջացնող վնասակար մուտագեններից և պայքարել նեղազգական ամուսնությունների դեմ։ Այդ նպատակով կարևոր նշանակություն ունեն բժշկա-գենետիկական կոնսուլտացիաները, որտեղ ներկայումս կանխագուշակում են ժառանգական որոշ հիվանդություններ հեմոֆիլիան, գունակուրությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենիկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 525