Jump to content

Դորբանտավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորբանտավանք
Եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ
ԱշխարհԳուգարք
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. տիպԽաչաձև եռախորան եկեղեցի
Կառուցման սկիզբ6-րդ դար
Դորբանտավանք (Հայաստան)##
Դորբանտավանք (Հայաստան)
Դորբանտավանք (Լոռու մարզ)##
Դորբանտավանք (Լոռու մարզ)
41°06′50″ հս․ լ. 44°26′09″ ավ. ե.HGЯO

Դորբանտավանքի Սբ. Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս արևելք, Սվերդլով - Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ այնքան հեռու` քիչ թեքություն ունեցող բաց տարածքում[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական և կառուցողական հատկանիշների, ինչպես նաև դեկորատիվ հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը սերտորեն առնչվում է հայկական ճարտարապետության վաղմիջնադարյան հուշարձանների հետ և Գուգարքի ճարտարապետական դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր ստեղծագործություններից է։ Այն վերագրվում է VI դարին։ Խաչաձև եռախորան եկեղեցի է, որ հորինվածքով մեծապես առանձնանում է նմանատիպ մյուս հուշարձաններից (Պեմզաշեն, Հնեվանք, Թալին և այլն)։

Ճարտարապետական մանրամասներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կանգուն վիճակում է։ Չեն պահպանվել գմբեթի թաղը, վեղարը, հարավային թևի գմբեթարդը, քիվերի մեծ մասը, տանիքների ծածկասալերը։ Պատերում կան փլված տեղեր, վտանգավոր ճեղքեր, պակասող քարեր։ Պատերը շարված են դեղնականաչավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով, իսկ խորանների անկյունները, գմբեթակիր կամարները, թմբուկը և գմբեթի թաղը` ավելի ամուր սև տուֆաքարով։ Գմբեթատակ մասը քառակուսու փոխարեն ուղղանկյուն է, իսկ գմբեթաթաղը` ձվածիր։ Ունի շեշտված ձգվածություն արևելք-արևմուտք ուղղությամբ։ Արևմտյան և արևելյան թևերը համարյա կրկնակի երկար են մյուսներից։ Եկեղեցին առանձնհատուկ է նաև մուտքերի տեղադրությամբ, արևելյան խաչաթև հորինվածքով։

Հատկագծում արևելյան, հարավային և հյուսիսային խաչաթևերը ներքուստ կիսաշրջանաձև են և ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը ուղղանկյուն է, կիսագլանաձև թաղով ծածկված ։ Նախախորանն ունի մեծ խորություն, մոտ 3 մետր։ Ութանիստ գմբեթը հենվում է կիսաշրձանագծային կամարների վրա։

Եկեղեցու 2 մուտքն էլ հարավային են։ Հիմնական մուտքը տեղադրած է խաչաթևի առանցքով։ Այն ուղղանկյուն բացվածք է, վերին մասով եզերված է որմնակամարով։ Մյուս մուտքն ունի կամարակապ վերնամաս և տեղադրված է արևմտյան թևի հարավարևմտյան անկյանը մոտ։ Ավագ խորանն ունի ցածր բեմ։ Խորանին երկու կողմից կից են ցածր առաստաղով մեկական ուղղանկյուն ավանդատներ։

Քիվի պահպանված առանձին քարերից երևում է, որ դրանք հարդարված են եղել պայտաձև կամարիկներով։ Պատուհանները պսակված են միմյանցից տարբեր պարզ տրամատի եզրակալներով։ Ուշագրավ է հարավային ճակատի արևմտյան պատուհանի եզրակալը` մշակված պայտաձև կամարիկների և երկշարք ատամիկների զուգակցմամբ,ինչպես և Օձունի կոթող-մահարձանի քիվում։ [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ԴՈՐԲԱՆՏԱՎԱՆՔ) | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  2. Շախկյան, Գառնիկ (1986). Լոռի, Պատմության քարակերտ էջերը. Երևան "Հայաստան".
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 440