Դանթեական առասպել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դանթեական առասպել | |
---|---|
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Եղիշե Չարենց |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Դանթեական առասպել, Եղիշե Չարենցի պոեմը, որը գրվել է 1916 թվականին։
Սյուժեն և կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, լուրջ գեղարվեստական նվաճում, որ անմիջապես հայտնի է դարձնում նրա անունը։ Ունի կենսագրական հիմք. կամավորական ջոկատների կազմում պատերազմին մասնակցած 18-ամյա բանաստեղծի «անձնական» տպավորություններն են։ Պոեմի վերնագիրը պատահականորեն չի ընտրված։ Դանթեն 13-14-րդ դարերի իտալացի բանաստեղծ է։ Նա իր «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում նկարագրել է դժոխքը, ուր մեղավոր հոգիները ենթարկվում են բազմազան ու աներևակայելի տանջանքների։ Պատերազմի ճանապարհներին պատանի բանաստեղծի տեսած ու ապրած իրական սարսափները նրան հիշեցրել են Դանթեի «Դժոխքում» նկարագրվածը։ Այստեղ է ծնվել պոեմի խորագիրը, որ նաև Չարենցի գաղափարական ընդհանրացումն է պատերազմ կոչվող երևույթի վերաբերյալ։ Պոեմի սյուժեն հորինովի չէ . բանաստեղծը նկարագրել է այն, ինչ տեսել է մինչև բուն ռազմաճակատ անցած ճանապարհին՝ Կարսից մինչև Վան։ Դեպքերն ու իրադարձությունները զարգացող սյուժետային կապ չունեն իրար հետ. դրանք դեռևս հեռու թվացող պատերազմի հետքերն են, որոնց ստեպ-ստեպ հանդիպում են երիտասարդ կամավորները իրենց երթի ընթացքում։ Առաջինը «ճամփի մոտ ընկած» մի դիակ է, որը «փտել է արդեն անձրևների տակ», հետո՝ «կրկին մի քանի դիակ» և «արնոտ վերմակի տակ՝ չորացած փշրանքներ արնաներկ հացի», ոսկրացած ձեռքեր, «սրունքներ մերկ»՝ առանց մարմնի, լեռան կատարին մեռնող մի կին, որ մատների մեջ սեղմել է հացի փշրանքներ՝ «որպես գանձ անգին», խաղողի թփերի տակ՝ խեղդված ծերունու դիակ, մարմնի նեխած կտորտանք՝ ջրհորում լողացող, հրկիզված արտեր, այրված գյուղեր, մեռած քաղաք և այսպես շարունակ։ Սա պատերազմի դեմքն է, որ ներկայացնում է բանաստեղծը ողջ մերկությամբ՝ միտումնավոր խտացնելով «հակագեղագիտական» տպավորություն։ «Դանթեական առասպել»-ի կառուցվածքը ձևային աղերսներ ունի իտալացի բանաստեղծի հանրահայտ ստեղծագործությանը։ Պոեմի ութ գլուխները հիշեցնում են «Դժոխքի» պարունակները, որոնցից յուրաքանչյուրում զետեղված են հոգիները՝ ըստ կյանքում գործած «մեղքերի» և համապատասխան պատիժների։ Տարբերությունն այն է, որ հայ բանաստեղծի ներկայացրածը իրական դժոխք է, իսկ այնտեղ ցաքուցրիվ ընկած զոհերը անմեղ մարդիկ են, որոնցից ամեն մեկի ճակատագիրը յուրովի վերապրում է նա։ Ինչպես Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Չարենցի պոեմը ևս գրված է տերցիններով, այսինքն՝ եռատող տներով, որոնք, զույգ-զույգ միանալով, կազմում են վեցատող։ Պոեմը նաև զինվորի օրագիր է, որտեղ օր առ օր գրի են առնված ոչ միայն արտաքին իրականությունից ստացած տպավորությունները, այլև դրանց տխուր անդրադարձը մարդկային ներաշխարհում։
Կերպարներ և գաղափար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմի կենտրոնական դեմքը զինվոր բանաստեղծն ինքն է, որ մեկ հանդես է գալիս եսի անհատական տեսանկյունից, մեկ արտահայտում է մենքի հավաքական հոգեբանությունը։ Մյուս հերոսների մասին պատմում է հեղինակն ինքը։ Նրանք անուն չունեն, քանի որ ներկայացնում են պատերազմի խառնարանն ընկած հայ զինվորի հավաքական տիպը։ Պոեմն սկսվում է երիտասարդ կամավորների տոնական տրամադրությամբ։ Տոնական այս տրամադրությունը տևում է երեք օր։ Պոեմի նախավերջին գլխում նկարագրվում է բուն կռիվը։ Պոեմի վերջում հնչում է պարզ ու որոշակի պատասխանը. «Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշ ձեռքերում»։ Հիասթափությունն ու հուսախաբությունը հասնում են գագաթնակետին։ Դաժան իրականությունը ցրել է պատերազմի հետ կապված ամեն հույս ու հեռանկար, երիտասարդ կամավորների փրկարար առաքելության բոլոր պատրանքները։ Աշխարհավեր արհավիրքի իսկական դեմքը տեսած բանաստեղծն ապրելու բնական տենչով վերստին ապավինում է վաղեմի երազին՝ անիմաստ կյանքի պարապը լցնելու համար։