Գառնակերյանի տուն (Դոնի Ռոստով)
Տեսակ | պատմական շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1960 |
Գառնակերյանի տուն (ռուս.՝ Дом Гарнакерьяна), տուն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել են բանաստեղծներ Աշոտ Գառնակերյանը, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն և գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին։
Հասցեն՝ Դոնի Ռոստով, Պուշկինի փողոց, 78։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոց, 78 հասցեում։ Կառուցվել է 1960 թվականին։ Այս տանը տարբեր ժամանակներում ապրել են բանաստեղծներ Աշոտ Գառնակերյանը (1960-1977)՝ Դոնի երկրամասին նվիրված բանաստեղծությունների հեղինակ, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն (1960-1963)՝ մանկական բանաստեղծությունների հեղինակ, բնապատկերային քնարերգության վարպետ, և գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին (1960-1967)՝ Ռոստովում խորհրդային գրականության հիմնադիրներից մեկը։
Բանաստեղծ Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն ապրել է երկրորդ հարկում՝ 3-րդ բնակարան, 4-րդ բնակարանում ապրել է բանաստեղծ Աշոտ Գառնակերյանը, իսկ երրորդ հարկի 6-րդ բնակարանում բնակվել է գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկին։ Բոլոր աշխատասենյակների պատուհանները եղել են հարավային կողմում։
Բանաստեղծների աշխատասենյակների հուշային նկարագիրը չի պահպանվել, նախկին տեսքն ունի միայն գրող Գեորգի Շոլոխով-Սինյավսկու աշխատասենյակը։
1967 թվականին շենքի պատին փակցվել է հուշատախտակ, որի վրա գրված է.
Այս տանը 1960-1967 թվականներին ապրել և աշխատել է Գեորգի Ֆիլիպովիչ Շոլոխով-Սինյավսկին։ |
Նույն տեղում 1971 թվականին փակցվել է երկրորդ հուշատախտակը, որի վրա փորագրված է[1].
Այս տանը 1960-1963 թվականներին ապրել և աշխատել է բանաստեղծ Ալեքսանդր Պավլովիչ Օլենիչ-Գնենենկոն։ |
1978 թվականին փակցվել է երրորդ հուշատախտակը՝ հետևյալ տեքստով.
Այս տանը 1960-1977 թվականներին ապրել և աշխատել է բանաստեղծ Աշոտ Գեորգիի Գառնակերյանը։ |
Բանաստեղծ Ա. Գառնակերյանի հուշատախտակի վերևում տեղադրվել է հարթաքանդակ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը չորսհարկանի է, կառուցված է աղյուսից՝ բարձր ցոկոլի վրա։ Շենքի ճակատի ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշել է ուղղանկյունաձև պատուհանատեղերի և 2-րդից 4-րդ հարկերի պատշգամբների ռիթմը։ Առկա են միջհարկային քիվ, ծոփորի վրա՝ բաց գույնի աղյուսից երկրաչափական նախշ։ Տան աջ մասում կա կամար, որը տանում է դեպի բակ, ձախից կցակառուցված հարևան շենքի հետ արանքում ևս մետաղյա ճաղավանդակով կամար է, որը տանում է դեպի տան ներքին բակ։ Շենքն ունի նկուղային տարածքներ։
Շինության հատակագիծն ուղղանկյունաձև է։ Նրա կոմպոզիցիոն առանցքը բնակարանների երկկողմ տեղաբաշխմամբ աստիճանավանդակն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д., 1983. - С. 151 - 155, 158 - 160.
- Писатели Дона. Библиографический указатель. - Ростов-н/Д, 1986.- С. 77 - 81, 244 - 245, 387