Բռնաբարության միջադեպ Օկինավայում (1995)
Բռնաբարության միջադեպ Օկինավայում (ճապ.՝ 沖縄米兵少女暴行事件, անգլ.՝ Okinawa rape incident), տեղի է ունեցել 1995 թվականի սեպտեմբերի 4-ին, Ճապոնիայի Օկինավա կղզում։ Կղզում տեղակայված ամերիկյան բանակի Հենսեն (անգլ.՝ «Camp Hansen») ճամբարի երեք զինվորներ առևանգել և ապա բռնաբարել են 12-ամյա մի ճապոնուհու։
Միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի սեպտեմբերի 4-ին ռազմաբազայի երեք զինվորներ՝ ծովային Մարկուս Ջիլը (անգլ.՝ Marcus Gill), ծովային հետևակներ Ռոդրիգո Հարփը (անգլ.՝ Rodrico Harp) և Քենդրիք Լեդեթը (անգլ.՝ Kendrick Ledet) առևանգել են 12-ամյա դպրոցական ճապոնուհուն, վարձակալած ավտոֆուրգոնում ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանն ու աչքերը, կապել ձեռքերը և խմբովի բռնաբարել[1]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործությունն առաջացրեց 1960 թվականից նախադեպը չունեցած բողոքի գործողություններ, որոնց հիմնական պահանջը ամերիկյան ռազմաբազայի փակումն էր։ 1960 թվականից նախադեպը չունեցած բողոքի հակաամերիկյան ալիքը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը և Ճապոնիայի վարչապետ Ռիուտարո Հաշիմոտոն հրատապ հանդիպում ունենան և ապա սեպտեմբերի 29-ին, երբ Ճապոնիայի կողմից պաշտոնական մեղադրանք առաջադրվեց ամերիկացի զինծառայողներին, նրանք հանձնվեցին ճապոնական կողմին։
Օրինական դաշտը այդ պահին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ պահի դրությամբ գործող ԱՄՆ-Ճապոնիա ռազմաբազայի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի համաձայն, ամերիկացի զինվորների վրա տեղի օրենքները չէին տարածվում։ Չնայած հանցագործությունն իրականացվել էր ԱՄՆ ռազմաբազայից դուրս, զինծառայողները ձերբակալվել են սեպտեմբերի 6-ին[2] և պահվել ամերիկյան ռազմաբազայի տարածքում, որը տևել է ընդամենը 25 օր։
Հետաքննություն և դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն լուրերին, թե կասկածյալները ազատ շարժվում են ամերիկյան ռազմաբազայի տարածքում և համբուրգերներ ուտում[3], կասկածյալները բանտարկված էին ռազմական բանտում՝ մինչև ճապոնական կողմի մեղադրանք առաջադրելը[2]։ Չնայած կասկածյալները ամեն օր տարվում էին Նահա հարցաքննության[4], բայց նրանց ճապոնական կողմին հանձնած չլինելը բողոքների առիթ տվեց[2]։
Հանցագործությունից մեկ տարի անց՝ 1996 թվականին, Ճապոնիայի դատարանը մեղավոր ճանաչեց ամերիկացիներին և ճապոնական օրենքների համաձայն զինվորներից երկուսին՝ 10-ական, մեկին՝ վեց և կես տարվա ազատազրկման դատապարտեց։ Հանցագործությունն իրականացնողների ընտանիքներից տուժող կողմին փոխհատուցում տրամադրելու պահանջ ներկայացվեց։ Ամերիկացի զինվորները պատիժը կրեցին ճապոնական բանտերում, իսկ ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը վերանայվեց՝ նվազեցնելով ամերիկյան ռազմաբազայի տարածքը և զինծառայողների թվաքանակը։
Պատիժը կրելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք հանցագործների ազատազրկումը անցել է ճապոնական բանտերում, նրանք ազատ են արձակվել 2003 թվականին։ Պատիժը կրելուց հետո Ռոդրիգո Հարփը քննադատել է ճապոնական բանտային պայմանները, ասել է, որ բանտային աշխատանքը էլեկտրոնիկայի արտադրության ասպարեզում հավասար էր ստրկական աշխատանքի[5]։
Քենդրիք Լեդեթը, ով հայտարարել էր, որ չի բռնաբարել աղջկան, մահացել է 2006 թվականին։ Նա հայտնաբերվել է Քենեսոյի պետական համալսարանի ուսանող Լոուրեն Քուփերի բնակարանի երկրորդ հարկում, սեռական մերձեցումից հետո սպանել էր նրան (ըստ երևույթին խեղդել), որից հետո ինքնասպանություն էր գործել կտրելով բազկերակները[6]։
Այլ հանցագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականից սկսած Օկինավայում ամերիկյան զինվորականները կատարել են 4700 հանցագործություն, որից 12 սպանություն և 110 բռնաբարություն (1997 թվականի դրությամբ)[7]։
2002 թվականին ԱՄՆ զինուժի սերժանտը ճապոնական դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման բռնաբարության համար։ 2003 թվականին Նահայի շրջանային դատարանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ ծովային հետևակի կապրալին, ով ծեծել և բռնաբարել էր 19-ամյա ճապոնուհուն[8]։ 2008 թվականի փետրվարին ամերիկյան ծովային հետևակայինը ձերբակալվել էր Օկինավայի Տյատան քաղաքում 14-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով։ Իրադարձությունը առաջացրել է տեղաբնակների անհանգստությունը, երեխաները դպրոց էին գնում միայն մեծահասակների ուղեկցությամբ։ Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունը և Օկինավայի նահանգապետը ամերիկյան կառավարությանը բողոք հայտնեցին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Los Angeles Times: "Okinawa Rape Suspect's Lawyer Gives Dark Account : Japan: Attorney of accused Marine says co-defendant admitted assaulting 12-year-old girl 'just for fun.'" byTERESA WATANABE October 28, 1995 (անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 "Americans Charged In Rape in Okinawa" New York Times. September 29, 1995 (անգլ.)
- ↑ Watanabe, Teresa. "U.S., Japan OK Pact on Military Crime Suspects" Los Angeles Times, October 26, 1995 (անգլ.)
- ↑ Adam B. Norman, The Rape Controversy: Is A Revision of the Status Forces Agreement with Japan Necessary?, 6 Ind. Int'l & Comp. L. Rev. 717, 724 (1996)
- ↑ Allen, David (2004 թ․ հուլիսի 18). «Ex-Marine decries nature of Japan prison work». Stars and Stripes, Pacific Edition. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին. (անգլ.)
- ↑ Allen, David (2006 թ․ օգոստոսի 25). «Former Marine who sparked Okinawa furor is dead in suspected murder-suicide». Stars and Stripes, Pacific Edition. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին. (անգլ.)
- ↑ Иншаков С. М. Зарубежная криминология Արխիվացված 2013-05-03 Wayback Machine. — М.: ИНФРА-М — НОРМА, 1997. ISBN 5-89123-099-2 (ռուս.)
- ↑ Суд Окинавы приговорил морпеха США к 3,5 годам заключения за изнасилование японки // NEWSru.com, 12 сентября 2003 (ռուս.)
- ↑ Власти Японии называют инцидент с морпехом США «непростительным» и намекают на закрытие базы // NEWSru.com, 12 февраля 2008 (ռուս.)