Արևմտահայ գաղթականությունն Ալեքսանդրապոլի գավառում (1914-1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելյան Հայաստանի ամենահոծ հայկական բնակչություն ունեցող Ալեքսանդրապոլի գավառն ապաստան դարձավ եղեռնից մազապուրծ հազարավոր գաղթականների համար[1][2]։ 1915 թվականի հոկտեմբերին արդեն Ալեքսանդրապոլի գավառում նրանց թիվն հասել էր 22815-ի, որից 6844-ը՝ Ալեքսանդրապոլում[3]։ Արևմտահայ գաղթականներին օգնության հարցը բնականաբար հայտնվում է տեղական իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում։ Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի հովանավորությամբ այստեղ 1914 թվականի հոկտեմբերի 30-ին ստեղծվում է Ազգային հանձնաժողով՝ Ալեքսանդրապոլի գավառի թեմիառաջնորդական փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանի գլխավորությամբ[4]։ Ազգային կոմիտեն սկզբում լուրջ ուշադրություն է դարձնում հատկապես գաղթականների մոտ տարածված վարակիչ հիվանդությունների կանխմանը, որոնք սպառնում էին նաև գավառի բնակչությանը։ Աստիճանաբար գաղթականների խնամատարության գործը դրվում է կանոնավոր հիմքերի վրա։

Հասարակական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղթականների անընդհատ հոսքի պայմաններում քաղաքում երևան են գալիս հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են միահամուռ ուժերով լծվել այս դժվար գործին։ Ալեքսանդրապոլում ստեղծված բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև անհատներ ձեռնամուխ են լինում որբանոցների, արհեստանոցների ու դպրոցների բացմանը։

Որբանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրապոլի մեծաթիվ որբերը

Մասնավորապես մեծ թափ են ստանում որբախնամ աշխատանքները։ 1915-1917 թվականների ընթացքում Ալեքսանդրապոլում բացվում են ութ որբանոցներ, որտեղ ապաստանում են ավելի քան 500 արևմտահայ որբեր։ Առաջին որբանոցը բացվում է 1915 թվականի նոյեմբերի քսանին Երիտասարդական միության կողմից, որը մեծ դժվարությունների գնով, միայն իր սեփական միջոցների հաշվին պահում է որբանոցը մինչև 1916 թվականի փետրվարը, երբ Ալեքսանդրապոլի մի քանի ընկերություններ՝ Եղբայրական օգնությունը, Երիտասարդական ընկերությունը, Օրիորդաց կոմիտեն և Բարեգործական ընկերությունը, համաձայնության են գալիս պահել որբանոցը միացյալ ուժերով և նույն վարչության հսկողության տակ։ Այդ որբանոցը անվանվում է Միացյալ ընկերության առաջին որբանոց։ Այն ուներ 5-ից 13 տարեկան 30 երեխա։ 1916 թվականի ապրիլի 25-ին բացվում է Միացյալ ընկերության երկրորդ որբանոցը՝ 62 որբերով։ 1916 թվականի հունիսի 7-ին Բասենի Բաշքեյ գյուղից Ալեքսանդրապոլ տեղափոխված որբերի համար իր առաջին որբանոցն է բացվում Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղը, իսկ 2-րդ որբանոցը բացվում է 1916 թվականի հունիսի 27-ին՝ Սասունից գաղթած 108 որբերի համար։ Երկու որբանցներն էլ Բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղի նախագահ Հակոբ Խաչվանքյանի ջանքերի արդ յունքն էին։ Իր որբանոցներն է բացում նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից, պատերազմից տուժվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեն։ Առաջին որբանոցը, որի վերահսկողությունը պատկանում էր Ալեքսանդրապոլի գաղթականական դպրոցի ուսուցչական խմբին՝ Հովսեփ Միրզոյանի ղեկավարությամբ, բացվում է 1916 թվականի ապրիլի 1-ին (Պատերազմից վնասվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեի առաջին որբանոց), 1916 թվականի հուլիսին նույն խմբի և Միրզոյանի վերահսկողությամբ բացվում է երկրորդ որբանոցը (Պատերազմից վնասվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեի երկրորդ որբանոց), 1917 թվականին նաև՝ երրորդը[5]։ Այս որբանոցներն այլ հոգաբարձություն չունեին և ամբողջովին ենթարկվում էին Կենտրոնական կոմիտեին։ 8-րդ որբանոցը, որ հատկացված էր զուտ քոսոտ-քաչալներին, զատված էր մյուս որբանոցներից և ոչ մի առնչություն չուներ նրանց հետ։ 1917 թվականի հունվարի 15-ին Լոնդոնի Հայկական Կարմիր խաչի և փախստականների կոմիտեի հիմնադիր Էմիլի Ռոբինսոնի միջոցներով 8-12 տարեկան 40 սասունցիների համար Ալեքսանդրապոլում մի նոր որբանոց է բացվում, որն անվանվում է նրա անունով՝ «Ռոբինսոն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ․ Ալեքսանյան, «Ալեքսանդրապոլի գավառում հաստատված գաղթականությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին», Հանրապետական գիտական նստաշրջան, Նյութերի ժողովածու, Գյումրի, 2007, էջ 144-147
  2. Կ․ Ալեքսանյան «Արևմտահայ գաղթականներն Ալեքսանսրապոլի գավառում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» (փաստաթղթերի հավաքածու), Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2008, թիվ 2, էջ 40-56
  3. Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև ՀԱԱ), ֆ․ 57, ց․ 2, գ, 1287, թ․ 4-5
  4. ՀԱԱ, ֆ, 57, ց, 2, գ․ 1242, թ․ 1
  5. ՀԱԱ, ֆ․ 28, ց․ 1, գ․ 547, թ․ 122-123

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարինե Ալեքսանյան «Արևմտահայ գաղթականությունը Ալեքսանդրապոլի գավառում 1914-1922 թթ․», Երևան, 2012 թ․