Առևտուր
Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։
Առևտուրը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կանոնակարգումը նպատակաուղղված է իրավապայմանագրային դաշտի կանոնակարգման ոլորտում առաջացած խնդիրների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, գործարարների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովմանը։ Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը հանդիսանում է առավել զարգացող ճյուղերից մեկը։ Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր քանակի 29% բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտին։ Մանրածախ առևտրի բաժնեմասը ՀՆԱ-ում 2005 թվականին կազմել է 9,4 %։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալի աճ, միջինը՝ 12,3%, այդ թվում 2006 թվականի առևտրի շրջանառության ծավալները աճել են 13,6% /զարգացած երկրները միջին թվով տարեկան ապահովում են առևտրի և ծառայությունների 14% աճ։
- Օրենսդրություն
- Վիճակագրություն
Միջազգային առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։ Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզ, արքայախնձոր, նարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ։
Մանրածախ առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրածախ առևտուրը ապրանքաշարժման պրոցես է, երբ ապրանքը արտադրողից անցնում է սպառողին և դառնում նրա սեփականությունը։ Սա տեղի է ունենում առք ու վաճառքի միջոցով հիմնականում մանրածախ առևտրի ձեռնարկությունների կողմից։ Միևնույն ժամանակ սպառողական ապրանքների վաճառքը կարող է տեղի ունենալ արտադրողի պահեստից միջնորդների միջոցով ֆիրմային խանութներում։
Մանրածախ առևտրի աշխատանքի ցուցանիշն է ապրանքաշրջանառության ծավալը, որն արտացոլվում է փողային չափանիշներով։ Մանրածախ ապրանքաշրջանառությունը արտացոլում է համաչափությունը արտադրության և սպառման, առաջարկի և պահանջարկի, իրացման և շրջանառության,նյութական և աշխատանքային ներուժի միջև։
Մանրածախ առևտուրը լինում է հիմնական, շարժականև փոստային։
Հիմնական մանրածախ առևտուրը կատարվում է ինչպես խոշորժամանակակից խանութներում, այնպես էլ կրպակներում։
Շարժական առևտուր, երբ ապրանքը տեղափոխում են դեպի գնորդը։ Տեղափոխման համար կարող են օգտագործվել ոչ բարդ տարբեր տեղափոխման միջոցներ։
Փոստային առևտուր, երբ ապրանքը գնորդի հայտի հիման վրա ուղարկվում է փոստով։
Ազատ առևտուր և հովանավորչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։
Արտաքին առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։
Առևտրի կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրի կետերը հաստատություններ են, որտեղ կազմակերպվում է ապրանքների առևտուրը. մարդիկ ապրանքներ կամ ծառայություններ են գնում։ Ոչ մեծ կրպակներում և խանութներում վաճառում են ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ։ Առևտրի կենտրոնում գործում են փոքր խանութներ, որոնք սովորաբար մասնագիտանում են ապրանքի որոշակի տեսակի (օրինակ՝ կոշիկի, հագուստի, ոսկերչական իրերի, էլեկտրական սարքերի, խաղալիքների և այլն) առևտրում։
Էլեկտրոնային կոմերցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն տեսակետը, որ էլեկտրոնային առևտուրը միայն առք ու վաճառք է Ինտերնետում, արդեն լիովին հնացել է, և, գուցե, հարմար է միայն սկզբնական պատկերացում կազմելու համար։ Իրականում, էլեկտրոնային կոմերցիան սկսվում է համակարգչային ցանցերում ապրանքների ու ծառայությունների առք ու վաճառքից, բայց այդ հասկացությունը հիմա այնքան է լայնացել, որ իր մեջ է ընդգրկել, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքը, ձեռնարկությունների ծախսերի կրճատումը և այլն։
Էլեկտրոնային կոմերցիա է կոչվում գործարար համագործակցության այն տարբերակների ամբողջությունը, որի դեպքում մասնակիցների միջև գործարքները կատարվում են էլեկտրոնային ձևով։ Ոչ մասնագետի համար այս ամենը կարելի է բացատրել հետևյալ կերպ՝ էլեկտրոնային ցանցերի, տեխնոլոգիաների և համակարգերի միջոցով բիզնեսում կատարվող որևէ համագործակցություն կոչվում է էլեկտրոնային կոմերցիա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Trade կատեգորիայում։ |
- Beckwith, Christopher I (2011) [2009]. Empires of the Silk Road: A History of Central Eurasia from the Bronze Age to the Present. Princeton: University Press. ISBN 978-0-691-15034-5.
- Bernstein, William (2008). A Splendid Exchange: How Trade Shaped the World. New York: Grove Press. ISBN 978-0-8021-4416-4.
- Davies, Glyn (2002) [1995]. Ideas: A History of Money from Ancient Times to the Present Day. Cardiff: University of Wales Press. ISBN 978-0-7083-1773-0. Արխիվացված է օրիգինալից 2007-02-23-ին. Վերցված է 2015-01-31-ին.
- Nomani, Farhad; Rahnema, Ali (1994). Islamic Economic Systems. New Jersey: Zed Books. ISBN 1-85649-058-0.
- Paine, Lincoln (2013). The Sea and Civilisation: a Maritime History of the World. Atlantic. (Covers sea-trading over the whole world from ancient times.)
- Watson, Peter (2005). Ideas: A History of Thought and Invention from Fire to Freud. New York: HarperCollins Publishers. ISBN 978-0-06-621064-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Էկոնոմիկայի նախարարություն
- http://coolmathgames.com.\\/////\\
- Agritrade Resource material on trade by ACP countries
- World Bank's World Integrated Trade Solution provides summary trade statistics and custom query features
- World Bank's Preferential Trade Agreement Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 542)։ |