Աշտարակ - վերձիգ համաչափություններով կառույց, որի բարձրությունը անհամեմատ գերազանցում է հորիզոնական չափերին։ Լինում են փայտե, քարե, երկաթ–բետոնե և պողպատակերտ աշտարակներ։ Սկզբնական շրջանում կառուցվել են և՛ պաշտպանական (պահակադիտարաններ, բերդապարիսպների աշտարակներ են), և՛ ազդանշան տալու (փարոսներ) նպատակով,ավելի ուշ՝ իբրև պաշտամունքային (զանգակատներ, մինարեթներ), քաղաքացիական (ռատուշաների աշտարակները՝ հաճախ քաղաքային ժամացույցներով) և ինժեներական (ջրմուղ աշտարակ, ռադիո և հեռուստատեսային, սիլոսի և այլ աշտարակներ) շինություններ։ Շրջակա կառույցներից բարձր, հորինվածքով արտահայտիչ ու դինամիկ աշտարակները հաճախ լինում են անսամբլի բարձրակետը և դառնում քաղաքի յուրատեսակ խորհրդանշանը։ Հին աշխարհից հայտնի են՝ Բաբելոնի աշտարակ, Ալեքսանդրիայի փարոսը։ Նշանավոր են՝ Պիզայի «Թեք աշտարակը» (1174–1372, բարձր. 56 մ), Ստրասբուրգի տաճարի հյուսիսային աշտարակը (1399–1439, բարձր. 42 մ), Մոսկվայի կրեմլի աշտարակները (XV–XVII դդ.), համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված, XIX դ. տեխնիկայի նվաճումները խորհրդանշող Էյֆելյան աշտարակը Փարիզում (1889, բարձր․ մոտ 300 մ, ինժեներ Ա. Էյֆել), ինժեներ Վ. Շուխովի պողպատյա ռադիո–աշտարակը Մոսկվայում (1921, բարձր․ մոտ 148 մ), 51 մետրանոց պողպատե վերջավորությամբ երկաթբետոնե աշտարակ Շտուտգարտում (1954–56, բարձր․ մոտ 160 մ, ճարտ. Ֆ. Լեոնհարդ)։ Աշխարհում ամենաբարձրը Մոսկվայի Համամիութենական հեռուստակենտրոնի աշտարակ է (1961–68), ունի 533 մ բարձրություն, երկու մասից է՝ երկաթբետոնե (մինչև 385 մ) և մետաղական (ճարտարապետներ Դ. Բուրդին, Մ. Շկուդ, Լ. Շչիպակին, ինժեևերներ Ն. Նիկիտին, Բ. Զլոբին, Լենինյան մրցանակ, 1970)։
Հայաստանում հայտնի են III–II հազարամյակների կիկլոպյան շինությունների աշտարակները։ Ուրարտական քաղաքների՝ Տուշպայի (Վանի), Էրեբունիի, Թեյշեբաինիի, Արգիշտիխինիլիի բերդապարիսպները նույնպես աշտարակներ են ունեցել։ Քսենոֆոնը (մ. թ. ա. V–IV դդ.) վկայում է, որ Հայաստանի արմ. ծայրամասային գյուղում, ուր նստում էր սատրապ Տիրիբազը, տների մեծ մասի վրա աշտարակներ էին կառուցված։ աշտարակներ են ունեցել հին ու միջնադարյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական պետության քաղաքների ու ամրոցների (Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Կարս, Սիս, Տարսոն) պարիսպները։ Հոյակապ օրինակներ են՝ Անիի բերդապարսպի (X–XIII դդ.) աշտարակները, հայկ. միջնադարյան եկեղեցիների զանգակատները։ Աշտարակի փոխարեն միջին դարերում օգտագործվել են նաև բուրգ և բուրջ տերմինները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 490)։