Անտիցիկլոն (հունարեն՝ anti - «հակա» և ցիկլոն), մթնոլորտային բարձր ճնշման մարզ ներքնոլորտում։ Անտիցիկլոնը բնութագրվում է օդի շրջանաձև շարժումով. Հյուսիսային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքի, Հարավային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ։ Անտիցիկլոնը հորիզոնական ուղղությամբ տարածվում է մինչև մի քանի հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը։ Ամենաբարձր ճնշումը կենտրոնում է՝ 1025-1040 մբ (առանձին դեպքերում՝ մինչև 1070 Փ). Իսկ Դեպի ծայրամասեր նվազում է։ Քարտեզների վրա արտահայտվում է համակենտրոն փակ իզոբարներով։ Ա. առաջանում է Երկրի մակերևույթին մոտ և աստիճանաբար տարածվում ավելի մեծ հորիզոններ։ Առանձնացնում են ցածր և բարձր անտիցիկլոններ։ Ցածր անտիցիկլոնը տարածվում է մինչև 2-3 կմ բարձրություններ, բարձրն ընդգրկում է ամբողջ ներքնոլորտը և հաճախ հասնում է վերնոլորտ։ Զարգացման սկզբում անտիցիկլոնը լինում է ցածր, շարժվում է 30- 40 կմ/ժ միջին արագությամբ։ Բարձր անտիցիկլոնը դանդաղաշարժ է։ Վերին շերտերում քամին անտիցիկլոնում փչում է իզոհիպերի երկայնքով, իսկ մերձերկրյա շերտերում թեքվում է մինչև 30 և ավելի աստիճան՝ դեպի ցածր ճնշումը. տեղի է ունենում օդի հոսք կենտրոնից դեպի ծայրամաս, որի հետևանքով էլ Անտիցիկլոնում առաջանում են վարընթաց հոսանքներ։ Անտիցիկլոնի կենարար մասում դիտվում են թույլ քամիներ, որոնք ծայրամասերում ուժեղանում են։ Անտիցիկլոնի ժամանակ մեծ մասամբ դիտվում է պարզ և չոր եղանակ։ Հայաստանի տարածքի եղանակային ռեժիմի վրա անտիցիկլոններն ազդում են (46 %-ով) առավելապես ձմռանը, երբ տարածք են թափանցում սիբիրական անտիցիկլոնի ճյուղերը և պարզ անամպ եղանակին, ձնածածկույթի դեպքում, առաջացնում սառնամանիքներ (մինչև -42 °C, հաշվարկայինը՝ -46 °C, Պաղակն գ., Շիրակի մարզ), որոնց հետևանքով Հայկական լեռնաշխարհում առաջանում է տեղական բարձր ճնշման դաշտ։ Ամռանը անտիցիկլոններում դիտվում են բարձր ջերմաստիճաններ, լինում են երաշտներ՝. Դիտվում են նաև հյուսիս-արևմուտքից (Կարսի Անտիցիկլոն) և արևմուտքից թափանցող Անտիցիկլոններ։ Հայաստանի տարածքում Անտիցիկլոնի տևողությունը երբեմն մինչև 1 ամիս է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 454)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։