Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, հասարակության և պետության շահերից բխող աշխատանքային գործունեության հատուկ տեսակ, որն իրականացվում է քաղաքացիների կողմից զինվորական ծառայության փոխարեն, որպես կանոն, մարտական հերթապահության շրջանակներում։

Որպես կանոն, այլընտրանքային քաղաքացիական ծառայությունն իրականացնում են այն անձինք, ովքեր առողջական նկատառումներով պիտանի են զինվորական ծառայությանը, բայց ովքեր հրաժարվում են դա անել գաղափարական կամ կրոնական նկատառումներով (համոզմունքի հետևանքով զինծառայությունից հրաժարվողներ), կամ բնակչության որոշակի կատեգորիայի ներկայացուցիչներ, օրինակ՝ ազգային փոքրամասնություններ, կամ ավանդական կենսակերպ վարող ժողովուրդներ։

Լինելով մտքի, խղճի և կրոնի ազատության բաղադրիչ՝ զինծառայությունից խղճի թելադրանքով հրաժարման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի փաստաթղթերի գնալով աճող ծավալով։ Չնայած այն բացահայտորեն ամրագրված չէ այնպիսի լրջագույն միջազգային պայմանագրերի տեքստում, ինչպիսիք են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» Միավորված ազգերի միջազգային դաշնագիրը կամ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, այս իրավունքը բացահայտ եզրերով ճանաչված է հիշյալ պայմանագրերի մոնիթորինգային և մեկնաբանող մարմինների կողմից[1]::

Պարտադիր զինվորական ծառայություն ունեցող երկրներում այլընտրանքային ծառայությունից հրաժարվելը կարող է համարվել քաղաքացիական անհնազանդություն և ենթարկվել քրեական պատասխանատվության։

Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում։

Այլընտրանքային ծառայության տեսակները կարող են լինել․

  • Այլընտրանքային զինվորական` սա նախատեսում է ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ առանց իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու կամ օգտագործելու։
  • Այլընտրանքային աշխատանքային` աշխատանքային ծառայություն, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս։

Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ[2]։

Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը։

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայություն։

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս։

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «««ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» (PDF).
  2. ««ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Ովքե՞ր կարող են անցնել այլընտրանքային ծառայության, ո՞րն է այն և ի՞նչ տեսակներ ունի».