Jump to content

Աղեղային էլեկտրական վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղեղային էլեկտրական վառարան, էլեկտրական աղեղներում ջերմության փոխակերպվող էլեկտրական էներգիայով տաքացվող վառարան։ Ունի մեկ կամ մի քանի էլեկտրական աղեղ։ Տաքացման այդ ձևը հնարավորություն է տալիս համեմատաբար փոքր ծավալում կենտրոնացնել մեծ հզորություն (մեկ աղեղի համար՝ մինչև 16 հազար կվտ) և աղեղի ներսում զարգացնել մինչև 600 °C։ Այս հատկությունների շնորհիվ Աղեղային էլեկտրական վառարանը, կիրառվում են այնպիսի արտադրություններում, որտեղ պահանջվում են շատ բարձր ջերմաստիճաններ և վառարանի աշխատանքային տարածության տարբեր կետերում թույլատրվում է ջերմային հոսքերի զգալի անհավասարաչափություն։ Աղեղային էլեկտրական վառարանը, սնվում են ցածրացնող ուժային տրանսֆորմատորից։

Աղեղային էլեկտրական վառարան լինում են՝ ուղղակի գործողության (կախյալ աղեղով), անուղղակի գործողության (անկախ աղեղով) և փակ աղեղով։ Առաջինում աղեղն ստացվում է ուղղաձիգ տեղակայված գրաֆիտե կամ ածխե էլեկտրոդների և բովախառնուրդի միջև։ Նման տիպի վառարանները մեծ մասամբ եռաֆազ են։

Օգտագործվում են պողպատի հալման համար։ Անուղղակի գործողության Աղեղային էլեկտրական վառարան աղեղն ստացվում է երկու հորիզոնական էլեկտրոդների միջև։ Աշխատում են միաֆազ հոսանքով։ Կիրառվում են հիմնականում բրոնզի հալման համար, քանի որ նրանց մեջ, ուղղակի գործողության Աղեղային էլեկտրական վառարանների համեմատությամբ, փոքր են թանկարժեք գունավոր մետաղների գերտաքացումն ու հալակորուստը։

Փակ աղեղով Աղեղային էլեկտրական վառարանները կիրառվում են անընդհատ ընթացող պրոցեսների համար, որտեղ աղեղն ստացվում է պինդ բովախառնուրդի շերտի տակ։ Նման տիպի վառարանները սովորաբար եռաֆազ են, ունեն 3 կամ 6 ուղղաձիգ տեղակայված էլեկտրոդներ։ Օգտագործվում են հանքաքարից թուջ հալելու, վերահալելու, կալցիումի կարբիդ ստանալու համար, ֆեռոհամաձուլվածքների և էլեկտրաքիմիական այլ արտադրություններում։

ՀԽՍՀ–ում Աղեղային էլեկտրական վառարանները օգտագործվում են Երևանի Ս. Մ. Կիրովի անվան քիմիական, Ալավերդի պղնձաքիմիական կոմբինատներում, Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայում և այլուր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свенчанский А. Д., Смелянский М. Я., Электрические промышленные печи, ч. 2., М., 1970.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252