Աղասի Արշակյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1975 թվականներին աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978 թվականներին՝ ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» գիտաարտադրական միավորում Երևանի չափիչ սարքերի գործարանում եղել է տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985 թվականներին՝ «Հայգյուղմեխանիզացիա» գիտաարտադրական միավորում փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ։ 1978-1984 թվականներին և 1985-1990 թվականներին ՀԽՍՀ Տեղական արդյունաբերության նախարարության «Լույս», ապա «Լուսին» արհմիություններում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման և աշխատավարձի բաժնի պետ[2]։
1990 թվականին ՀՀ թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր։ 1990-1995 թվականներին՝ ԳԽ պատգամավոր, եղել է ԳԽ մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1995-1999 թվականներին զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար։
1999 թվականին «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 1999-2003 թվականներին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իրավունք և միաբանություն» խմբակցության քարտուղար։
2003-2007 թվականների մայիսին ԱԺ պատգամավոր է ընտրվել Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Միաբանություն խմբակցության անդամ, ԱՄԿ անդամ։