Աբել Գյուլբենկյան
Ծնվել է | 1879 |
---|---|
Մահացել է | 1951 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աբել Բարսեղի Գյուլբենկյան (1879 - 1951), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբել Գյուլբենկյանը ծնվել է 1879 թվականին Անկարայի վիլայեթի Կեսարիայի գավառի Թալաս ավանում։ Վաղ տարիքում տեղափոխվել է Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառի կենտրոն Ամասիա քաղաքը։ Նախնական կրթությունն ստացել է Ամասիայի թաղային վարժարանում։
1896 թվականին ավարտել է Կեսարիայի սբ. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանը։
1898-1903/1904 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։
1904 թվականին նշանակվել է իր ծննդավայր Թալասի քաղաքապետական բժիշկ։
Այնուհետև Զմյուռնիայի վիլայեթի Տավաս գավառակի թաղապետական բժիշկ է աշխատել։
Հետագայում Կոնիայի, Ակսարայի քաղաքապետական բժիշկ և Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառի Էրպաս գավառակի բժիշկ է աշխատել։
1912-1914 թվականներին գտնվել է Փարիզում, Բեռլինում, Վիեննայում և մասնագիտացել բժշկական տարբեր բնագավառների գծով։
Մասնավորապես Փարիզի Նեքերի և Լավուազիեի հիվանդանոցներում մասնագիտացել է միզասեռական և վեներական հիվանդությունների գծով։
Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և Չորլուի, Հատըմքեոյի և Չանաքկալեի զորամիավորումներում զինվորական բժիշկ ծառայել։
1916 թվականին ուղարկվել է Գալիցիայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքի ձեռքը գերի է ընկել։
1919 թվականին, երբ արդեն ավարտվել էր պատերազմը, ազատվել է և վերադարձել Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ բժիշկ է աշխատել Կ. Պոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքեոյ), Բահչե կափու, ապա՝ մինչև իր մահը՝ Թաքսիմի Թալիմխանե թաղամասերում, որտեղ ունեցել է իր մասնավոր դրամատունը։
Զբաղվել է ներքին, միզասեռական և վեներական հիվանդությունների բուժմամբ։ Եղել է խոհեմ, պատվարժան մարդ, հոգատար ու հարգված բժիշկ։ Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։
1926-1927/1928 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության անդամ, իսկ 1928 թվականին նաև՝ ատենապետ։
Մահացել է 1951 թվականին, Կ. Պոլսում՝ 72 տարեկանում։
Ըստ Գասպար Կարոյանի հաղորդման՝ բժիշկը 1915 թվականի սեպտեմբերին Գալիցիայի ռազմաճակատում զոհվել է կամ ծանրորեն հիվանդացել ժանտախտով ու մահացել 36 տարեկանում։ Կարոյանին հավանաբար հայտնի չի եղել բժշկի գերի ընկնելու և վերապրելու փաստը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալպօյաճեան Ա ., Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ., Գահիրէ, 1937։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 1923-1975, Իսթանպուլ, 1975։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։