Աբել Գյուլբենկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Բարսեղի Գյուլբենկյան
Ծնվել է1879
Մահացել է1951(1951)
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Աբել Բարսեղի Գյուլբենկյան (1879 - 1951), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբել Գյուլբենկյանը ծնվել է 1879 թվականին Անկարայի վիլայեթի Կեսարիայի գավառի Թալաս ավանում։ Վաղ տարիքում տեղափոխվել է Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառի կենտրոն Ամա­սիա քաղաքը։ Նախնական կրթությունն ստացել է Ամասիայի թաղային վարժարանում։

1896 թվականին ավարտել է Կեսարիայի սբ. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանը։

1898-1903/1904 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։

1904 թվականին նշանակվել է իր ծննդավայր Թալասի քաղաքապետական բժիշկ։

Այնուհետև Զմյուռնիայի վիլայեթի Տավաս գավառակի թաղապետական բժիշկ է աշխատել։

Հետագայում Կոնիայի, Ակսարայի քաղաքապետական բժիշկ և Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառի Էրպաս գավառակի բժիշկ է աշխատել։

1912-1914 թվականներին գտնվել է Փա­րի­զում, Բեռ­լի­նում, Վի­են­նայում և մասնագիտացել բժշկական տարբեր բնագավառների գծով։

Մասնավորապես Փարիզի Նեքերի և Լավուազիեի հիվանդանոցներում մասնագիտացել է միզասեռական և վեներական հիվանդությունների գծով։

Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և Չորլուի, Հատըմքեոյի և Չանաքկալեի զորամիավորումներում զինվորական բժիշկ ծառայել։

1916 թվականին ուղարկվել է Գալիցիայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքի ձեռքը գերի է ընկել։

1919 թվականին, երբ արդեն ավարտվել էր պատերազմը, ազատվել է և վերադարձել Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ բժիշկ է աշխատել Կ. Պոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքեոյ), Բահչե կափու, ապա՝ մինչև իր մահը՝ Թաքսիմի Թալիմխանե թաղամասերում, որտեղ ունեցել է իր մասնավոր դրամատունը։

Զբաղվել է ներքին, միզասեռական և վեներական հիվանդությունների բուժմամբ։ Եղել է խոհեմ, պատվարժան մարդ, հոգատար ու հարգված բժիշկ։ Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։

1926-1927/1928 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության անդամ, իսկ 1928 թվականին նաև՝ ատենապետ։

Մահացել է 1951 թվականին, Կ. Պոլսում՝ 72 տարեկանում։

Ըստ Գասպար Կարոյանի հաղորդման՝ բժիշկը 1915 թվականի սեպտեմբերին Գալիցիայի ռազմաճակատում զոհվել է կամ ծանրորեն հիվանդացել ժանտախտով ու մահացել 36 տարեկանում։ Կարոյանին հավանաբար հայտնի չի եղել բժշկի գերի ընկնելու և վերապրելու փաստը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Ա ., Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ., Գահիրէ, 1937։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 1923-1975, Իսթանպուլ, 1975։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։