Ֆրունզե Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրունզե Շաբոյի Եսայան
Դիմանկար
Ծնվել է1928, 27 դեկտեմբեր
ԾննդավայրԱղավնաձոր
Մահացել է2022, 21 մարտ
Մահվան վայրԱղավնաձոր

Ֆրունզե Շաբոյի Եսայան, (1928, դեկտեմբերի 27, Վայոց ձորի մարզ, գյուղ Աղավնաձոր - 2022, մարտի 21), մանկավարժ, հասարակական գործիչ, գրքերի հեղինակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրունզե Եսայանը ծնվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 1928 թվականի դեկտեմբերի 27-ին[2]։ Ավարտել է Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցը։ 1951–1956 թվականներին սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Աղավնաձոր գյուղերում 44 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Երբ հայրը զոհվել է ռազմաճակատում, ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով 1943 թվականին Ֆրունզեն թողել է դպրոցն ու անցել աշխատանքի՝ գյուղի կոլտնտեսության հաշվապահությունում որպես հաշվետար։ Աշխատելու վերջին տարիներին զուգահեռ պարապել է և 1950 թվականին, հանձնելով քննությունները, ավարտել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը։ 1951-1956 թվականներին սովորում և ավարտում է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[2]։

Իրականացրել է կուսակցական և հասարակական մի շարք աշխատանքներ, մասնավորապես, երկար տարիներ եղել է դպրոցի կոմունիստական կուսակցության քարտուղար, արհմիության նախագահ, գյուղի ընկերական դատարանի նախագահ և այլն։ Աշխատանքի բերումով սերտորեն առնչվել է հասարակության տարբեր շերտերի հետ, իրականացրել է փաստահավաք գործունեություն կապված գյուղի և տարածաշրջանի պատմության, ծեսերի, ավանդույթների, սովուրույթների, կրոնական հավատալիքների և այլն հետ։ 1982 թվականից սկսած ձեռնամուխ է եղել Աղավնաձոր գյուղի պատմության գրքի ստեղծմանը, այն գրավոր փաստերի, սերնդե–սերունդ անցած բանավոր տեղեկությունների, ժամանակակիցների ու իրադարձությունների մասնակից անձանց տեսածի, լսածի վերարտադրություն է[1]։

2008 թվականին լույս է տեսել Ֆրունզե Եսայանի երկրորդ գիրքը՝ «Ինքս իմ և այլնի մասին» վերնագրով, որտեղ, ծանոթանալով հեղինակի կենսագրական դրվագներին, ընթերցողն ամբողջությամբ պատկերացում է կազմում հայրենական մեծ պատերազմի ընթացքում կյանքի ողջ ծանրության, դժվարությունների, խորհրդային ժամանակաշրջանի տիրող կարգերի և բարքերի մասին։ Ֆրունզե Եսայանը հեղինակ է նաև մի շարք հրապարակախոսական աշխատանքների[2][3]։

«Աղավնաձորի պատմությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղավնաձորի պատմությունը» գիրքը հրատարակվել է 2001 թվականին։ Այն հատկապես կարևորվում է նրանով, որ հեղինակը մանրամասն անդրադարձել է գյուղի հիմնադիրներին, ապրող և ապրած տոհմերին և այսօրվա շառավիղներին։ Սկսած 13-րդ դարից կան հիշատակումներ տարածաշրջանի և գյուղատարածքին հարող ճանաչված վայրերին, կրոնական, քաղաքացիական կառույցներին, ինչպես նաև իշխանական տոհմի իշխաններին[1]։

Ֆրունզեն այս աշխատանքով նպատակ է ունեցել սերունդներին ու տեղի երիտասարդությանը թողնել Աղավնաձորի վերաբերյալ պատմություն։ Նա օգտվել է գրավոր աղբյուրներից, գյուղի մեծերի կողմից պատմած փաստերից, ինչպես նաև եղել է որոշ դեպքերի ականատեսն, մասնակիցը։ Գրքում կա անդրադարձ նաև երրորդ հանրապետության առաջին տարիների մասին, Հայաստանի Հանրապետությանը վերաբերող այլ իրադարձությունների մասին[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Եսայան, Ֆրունզե (2001). Աղավնաձորի պատմությունը. Երևան: Պարույր Սևակ.
  2. 2,0 2,1 2,2 «Աղավնաձորի վառ գույնը». Aravot.am. 2022 թ․ մայիսի 5.
  3. Եսայան, Ֆրունզե (2008). Ինքս իմ և այլնի մասին. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. (Ապրիլի 4, 2022)։ «Առավոտ օրաթերթ, «Աղավնաձորի վառ գույնը»»։