Ֆինանսական առողջացումը սնանկության վարույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական առողջացումը պարտապանի անվճարունակության վերականգնմանն ուղղված ընթացակարգերից է, որ կիրառվում է սնանկության վարույթի շրջանակներում` պարտապանի պարտավորությունները պարքի մարման ժամանակացույցին համապատասխան մարելու համար։ Ըստ էության, ֆինանսական առողջացումը հնարավորություն է տալիս պարտապանին դուրս գալու ֆինանսական ճգնաժամից` իր ներքին ռեսուրսների և (կամ) արտաքին միջոցների ներգրավման շնորհիվ` միաժամանակ պարտատերերին համապատասխան իրավական երաշխիքներ տրամադրելու միջոցով և իրականացվում է պարտատերերի ու դատարանի հսկողության ներքո[1]։ Որպես պարտապանին կամ նրա բիզնեսը «փրկելու» ընթացակարգ` ֆինանսական առողջացումը տարբեր ձևերով է հանդես գալիս, հատկապես այլ երկրների օրենսդրություններում, որտեղ «ֆինանսական առողջացում» հասկացությունը որպես այդպիսի չի կիրառվում, սակայն նպատակը նույնն է` հնարավորություն տալ պարտապանին հաղթահարելու իր ֆինանսական դժվարությունները և շարունակել իր գործունեությունը, նույնիսկ երբ առողջացման արդյունքում կարող է փոխվել նրա գործունեության ուղղությունները, վաճառվել բիզնեսը այլ ընկերության` վերակազմակերպման ձևով կամ վատագույն սցենարով` հանգեցնել լուծարման[2]։ Ֆինանսական առողջացման ծրագրի հիմնական նպատակը պարտապանի վճարունակության վերականգնումը և պատատերերի պարտավորություների մարումն է։

Ֆինանսական առողջացման կառուցակարգը հետապնդում է մի շարք այլ նպատակներ ևս`

  • կարգավորել շահերի բախումը պարտապանի և պարտատերերի միջև` միաժամանակ պարտապանին հնարավորություն տալով իրականացնելու իր հետագա տնտեսական գործունեությունը,
  • առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները` ապահովելով առավել լավ արդյունք, քան պարտապանի լուծարման դեպքում կլինի,
  • պահպանել կենսունակ բիզնես գործունեությունը` դրանով նաև պահպանելով աշխատատեղերը և առևտրային կապերը մատակարարների հետ։

Ֆինանսական առողջացման ծրագրի կիրառման արդյունքում ուղղակիորեն վերահսկվում է պարտապանի գործունեությունը (սնանկության գործով կառավարիչը առնվազն երեք ամիսը մեկ դատարան է ներկայացնում հաշվետվություն՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ) և ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանը քաղաքացիաիրավական շրջանառությունում հանդես է գալիս միայն ծրագրի շրջանակներում, որը էականորեն դրական նշանակություն է կրում և մեծապես պայմանավորում է պարտապանի հնարավոր առողջացումը։ Ֆինանսական առողջացման էությունը բացահայտվում է նաև «Սնանկության մասին» օրենքի[3] մի շարք դրույթների վերլուծության արդյունքում։ Այսպես` օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ։ Իսկ 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карелина, Светлана (2007). Правовое регулирование несостоятельности (банкротства). Москва. էջ 142.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «UNCITRAL Legislative Guide on Insolvency Law» (PDF).
  3. «Հայաստանի իրավական տեղակատվական համակարգ».