Jump to content

Ֆաբրիցյան պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆաբրիցյան պարկ (լատին․՝ Bursa fabricii), կոյանոցի թիկնային պատի մեջ է բացվող յուրահատուկ պարկաձև օրգանի ճեղքաձև անցք։ Այն լիմֆոմիելոիդ օրգան է, որը հատուկ է միայն թռչուններին։ Կենտ ֆաբրիցյան պարկը, որը ոչ մի կապ չունի մարսողական օրգանների հետ և ծառայում է որպես ավշային բջիջներ ստեղծող և մշակող ավշաստեղծ օրգան, ընկած է կոյանոցի (կլոակա) հետին բաժնից վեր և կույր գագաթով ուղղված է հետ և վեր։

Ֆաբրիցյան պարկի ներսի մակերեսին գտնվում են մեծ թվով տարբեր բարձրության երկայնակի ծալքեր, որոնց միջև գտնվում են գեղձեր։ Ֆաբրիցյան պարկի սկզբնակը ձևավորվում է հետնաղու էնտոդերմի ելուստներից՝ սաղմնային զարգացման վաղ փուլերում։

Սաղմի զարգացման 14-15-րդ օրերի ընթացքում ցողունային (բնային) բջիջները բնակեցնում են այդ օրգանը։ Դրանց բազմացման և տարբերակման շնորհիվ ֆաբրիցյան պարկում ձևավորվում են ֆոլիկուլներ։ Իրենց հետագա հասունացման և կենսագործունեության ընթացքում լիմֆոցիտները սերտ կապ են պահպանում էպիթելային բջիջների հետ։

Երիտասարդ թռչունների ֆաբրիցյան պարկը լավ է արտահայտված, իսկ տարիքի հետ կապված՝ փոքրանում է, անհետանում և կամ մնում է նրա աննշան հետքը։ Հավերի ֆաբրիցյան պարկն իր առավելագույն մեծությանն է հասնում 4-ամսական հասակում (2-3 սմ երկարություն և 1.5 սմ լայնություն)։ 10 կամ 11 ամսականում (սեռահասուն) հիշյալ պարկը վերանում է։ Այդ պարկը կարելի է ընդունել որպես լրացուցիչ «կոյանոցային ուրցագեղձ», քանի որ հյուսվածաբանական կառուցվածքով այդ գեղձը շատ նման է ուրցագեղձի կառուցվածքին։

Ֆաբրիցյան պարկի լուսանցքը պատված է էպիթելային շերտով, որի հետ անմիջականորեն կապված էպիթելային բջիջները օրգանում ցանց են կազմում։ Էպիթելի տակ՝ լորձաթաղանթի ծալքերի միջև, տեղավորված են բազմաթիվ ֆոլիկուլներ։ Դրանք իրենց կառուցվածքով հիշեցնում են ուրցագեղձի բլթակները և, ինչպես վերջիններս, կազմված են կեղևային և միջուկային շերտերից։

Կեղևային շերտ

Կեղևային շերտը, որը հիմնային թիթեղիկով առանձնացած է միջուկային շերտից, բջիջների ավելի խիտ դասավորություն ունի և կազմված է գերազանցապես մանր լիմֆոցիտներից։

Միջուկային շերտ

Միջուկային շերտը, բջիջների նոսր դասավորության հետևանքով, միկրոպատրաստուկների վրա պարզորոշ տարբերվում է։ Այն պարունակում է խոշոր լիմֆոցիտներ, պլազմոցիտներ, ելուստավոր (ռետիկուլային) բջիջներ, գրանուլոցիտներ, Մակրոֆագեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մասնավոր հյուսվածքաբանություն, Ռ. Ս. Մխիթարյան, Ա. Ա. Հովսեփյան, Մ. Գ. Միրզոյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]