Օրբիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Օրբիտա»-ի Երկրային կայանը Խաբարովսկում (1977)

«Օրբիտա» (ռուս.՝ орбита), ԽՍՀՄ առաջին հեռավոր ռադիոկապի համակարգի երկրային կայանների («Մոլնիա-Օրբիտա») պայմանական անվանումը։ Վերահաղորդման համար «Մոլնիա» կապի արբանյակների միջոցով այդ կայանները հաղորդում և ընդունում էին կենտրոնական հեռուստատեսության մեներանգ և գունավոր ծրագրերը։

1967 թվականից սկսեցին աշխատել առաջին 20 կայանները, իսկ 1973 թվականին դրանց թիվը կրկնապատկվել է։ Սկզբում գործում էին միայն դեցիմետրային ալիքների տիրույթում աշխատող «Մոլնիա–1» արբանյակներով համակարգերը, իսկ 1972 թվականին շարք մտան սանտիմետրային ալիքների տիրույթում գործող «Մոլնիա–2» արբանյակներով «Օրբիտա–2» կայանները։ 1974 թվականից «Օրբիտաների» համակարգում սկսել են գործել շուրջստացիոնար (ստացիոնարին մոտ) ուղեծիր դուրս բերված ԵԱԱ–ներ («Մոլնիա–1Ա», «Ռադուգա»)։

«Օրբիտայի» ստեղծմամբ երկրի հեռավոր կետերի հեռուստակենտրոնները հնարավորություն ստացան (մալուխային և ռադիոռելեային գծերով ստացված ծրագրերին զուգահեռ) վերահաղորդել նաև կենտրոնական հեռուստատեսության 1 կամ 2 ծրագիր։ Համակարգի մեջ էին մտնում ԽՍՀՄ տարբեր շրջաններում և սոցիալիստական ճամբարի մի քանի պետություններում տեղակայված հաղորդիչ և ընդունիչ կայանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 586 CC-BY-SA-icon-80x15.png