Օղազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օղազարդ[1] ( ֆր.՝ breloque - բրելոկ), աքսեսուար, զարդարանք, որը ստեղծված է շղթայի, ձեռնաշղթայի, բանալիները իրար հետ կապող օղին կից զարդի տեսքով[2]։ Սովորաբար օգտագործվում է դեկորատիվ և գովազդային նպատակներով։ Օղազարդը նվազեցնում է բանալիները կորցնելու հավանականութունը՝ դրանք իրար հետ կապելով, իսկ զարդի մեծության հաշվին ընդհանուր կապոցի ծավալը մեծացնելով: Օղազարդը կարող է նաև իրականացնել լրացուցիչ օգտակար գործառույթներ. օրինակ՝ փոքրիկ լապտեր ունենալ, լինել մեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ, շիշը բացելու հարմարանք պարունակել և այլն։ Օղազարդը հուշանվերի տարածված տեսակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղազարդերի պատմությունը սկիզբ է առնում հին ժամանակներից, հայտնի է, որ նրանք չափազանց նորաձև էին համարվում 18-րդ դարում, ընդհուպ մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Դենդիները (նորամոլները) կրել են դրանք շղթայի վրա՝ ժամացույցի համար։ Յուրաքանչյուր իրեն հարգող դենդի ունեցել է իր շղթայի վրա ավելի քան տասը օղազարդ՝ պատրաստված տարբեր նյութերից, մեծամասնությունը՝ ոսկուց։ Այս օղազարդները հաճախ ունեցել են արտառոց ձև և զարդարված են եղել մեծ շքեղությամբ, տարբեր նյութերով՝ փղոսկրով, թանկարժեք քարերով, արծնով։ Ի թիվս ազնվականների՝ դենդիները զարգացրել են իրենց կանոնները՝ օղազարդների համակցությամբ և դրանք կրելով։ Օղազարդերը նրբագեղ տղամարդու մոտ գրեթե զրնգում էին՝ իրենց ուշադրությանը հրավիրելով շրջապատող կանանց։ Բայց արդեն 19-րդ դարի կեսերին օղազարդերի քանակն օղակների վրա նվազել է 2-3 անգամ, և դրանք սկսեցին ընկալվել ինչպես հուշանվերներ, օրինակ՝ սիրելի կնոջից նվեր ստացած օղազարդ՝ որպես իր մասին լավ հուշ։

Աստիճանաբար օղազարդերը դադարեցին որպես զարդարանք կրել։ 20-րդ դարում դրանք սկսեցին օգտագործվել գրեթե բացառապես գործնական նպատակներով՝ որպես բանալիների կապոց։ Բայց և այս որակում օղազարդները դեռ մնացել են հայտնի դիզայներների ուշադրության ներքո, հայտնվել են օղազարդ-հմայիլներ, օղազարդ-հուշանվերներ։ Համատեղելով օղազարդները տարբեր գործառույթներ կատարող առարկաների հետ՝ դիզայներները ստեղծել են օղազարդ-սուլիչներ, օղազարդ-լապտերներ, օղազարդ-պտուտախաղեր և բազմաթիվ օղազարդ-բացիչներ։ 21-րդ դարի սկզբին հայտնվել է օղազարդերի նոր տեսակ՝ ֆլեշ-կրիչներ, ինչպես նաև տարածված է դարձել օղազարդների օգտագործումը բջջային հեռախոսների համար՝ որպես զարդարանք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փալանդուզյան Հրաչուհի (2013)։ Գործածական բառացանկ: Օտարամուտ բառերի հայերեն համարժեքներ։ Երևան: Էդիթ Պրինտ 
  2. «Брелок» в словарях сайта gramota.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]