Օդի տաճար (Կիսլովոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Օդի տաճար
Kislovodsk Temple of Air 02.JPG
Տեսակ տեսարժանություն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Կիսլովոդսկ
Հիմնադրված է 1914
Օդի տաճար (Կիսլովոդսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Օդի տաճար (Կիսլովոդսկ)
Կոորդինատներ: 43°53′49.360000098397″ հս․ լ. 42°44′11.380000098395″ ավ. ե. / 43.89704444447177423° հս․. լ. 42.73649444447177359° ավ. ե. / 43.89704444447177423; 42.73649444447177359

«Օդի տաճար» (ռուս.՝ «Храм воздуха»), շինություն Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Գտնվում է առողջարանային քաղաքի Վերին զբոսայգում։ Հեղինակն է ճարտարապետ Սեմյոնովը։ Կառուցվել է 1914 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հեղափոխությունից առաջ Կիսլովոդսկի բնակիչները և հյուրերը նկատել էին, որ տեղական լեռնային օդը մարդու առողջության վրա նույնքան բարենպաստ ազդեցություն ունի, որքան հանքային ջուրը։ Կիսլովոդսկի օդը վայելելն ու արևային լոգանքներ ընդունելը հանգստացողների համար ավելի հարմարավետ դարձնելու նպատակով 1914 թվականին Վերին զբոսայգու տարածքում կառուցվեց «Օդի տաճարը»[1]։

Տաղավարն անվանվեց «Օդի տաճար», սակայն մեկ տարի անց Կովկասի հանքային ջրերի ղեկավարությունը որոշեց վերանվանել «Օդի պալատ», որն իրականացվեց հուլիսի 23-ին, սակայն «տաճար» բառն արդեն կառույցին ամրացել էր ընդմիշտ։ 1917 թվականին «Օդի տաճարում» աշխատանքը սկսեց Կովկասյան լեռնային ընկերության Կիսլովոդսկի նորաստեղծ մասնաճյուղի էքսկուրսիոն սեղանը[1]։

«Օդի տաճարը» հաջողությամբ վերապրել է հեղափոխության սկզբնական ժամանակաշրջանի, այնուհետև՝ Հայրենական մեծ պատերազմի բոլոր դժվարությունները։ Խորհրդային տարիներին այնտեղ գործում էին ամառային սրճարան, բուժկետ, ընթերցասրահ և հանգստի սենյակ։ 1973 թվականի ապրիլի 21-ին «Տաճարի» կողքին բացվել է ճոպանուղու ներքին կայարանը։ Շենքը քայքայման եզրին է հասել միայն 20-րդ դարի վերջին և 1986 թվականին անվտանգության նկատառումներով փակվել է[1]։

2015 թվականին «Օդի տաճարը» վերակառուցվել և վերաբացվել է։ Տաղավարը վերականգնվել է ըստ այն գծագրերի, որոնցով կառուցվել է 100 տարի առաջ։ Ավելացվել է ժամանակակից լուսավորություն[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդի տաճարը» նախքան վերակառուցումը (2013 թվական)

Տաղավարը կառուցվել է զբոսայգու ամենաբարձր կետում. այնտեղից բացվում է Էլբրուսի և շրջակա լեռների գեղեցիկ պատկերը։ Շինության նախագիծն իրականացրել է իր ժամանակի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ ճարտարապետ Սեմյոնովը։ Տաղավարը դասական կիսառոտոնդա է, որի պատուհաններն ուղղված են դեպի արևմուտք, և որը հենվում է վեց սյուներին։ Տանիքը հարթ է, դեպի գլխավոր մուտք տանում է լայն սանդուղքը։ Տաղավարն ունի կողային սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի եռանկյունաձև ճակտոնով եզրակալված երեք կամարաձև բարձր պատուհան։ Ճակատները զարդարված են ժապավեններով կապված ծաղկեպսակների տեսքով ծեփվածքով։ Քիվի ամբողջ երկայնքով լայն եզրապատ է, որի մեջ արված են անցքեր ջրահեռացման խողովակների համար։ Շենքը ներկված է սպիտակ և ուրվագծերով հիշեցնում է անտիկ ճարտարապետությունը։ Հսկայական պատուհաններն ապակեպատ էին և փայլում էին արևի լույսի տակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Кисловодск. Храм воздуха»։ Кисловодский Экспресс։ 03.10.2016։ Վերցված է 2018 Դեկտեմբեր 17