Օբուխովյան պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Օբուխովյան պաշտպանություն» 1901, Պետերբուրգի Օբուխովյան (այժմ՝ «Բոլշևիկ») գործարանի բանվորների գործադուլը։ 1901 թվականին գործարանում հեղափոխական պրոպագանդա են վարել մոտ 20 ս–դ․ խմբակներ (Ա․ Շոտման, Ս․ Մալիշև, Ա․ Մանն, Ն․ Յունիկով և ուրիշներ), որոնցում ներգրավված էր մոտ 100-250 մարդ, ինչպես նաև մի քանի խմբակ՝ էսէռական թեքումով։ Մայիսի 1-ին սկսվեց Վիբորգյան կողմի 14 ձեռնարկությունների գործադուլը, ապա նրանց միացան Նեսկայա զաստավայի ձեռնարկությունները։ Առիթ դարձնելով մայիսի 1-ին 1-1,5 հազար մարդկանց թվում աշխատանքի չներկայացած 26 բանվորների աշխատանքից հեռացնելու հետևանքով առաջացած հուզումները՝ խմբակների ղեկավարները գործադուլի կոչ արեցին։ Մայիսի 7-ին գործարանի մոտ հավաքված մի քանի հազար բանվորներ պահանջեցին մայիսի 1-ը մտցնել տոն օրերի մեջ, ազատել ձերբակալվածներին, աշխատանքում վերականգնել հեռացված բանվորներին, մտցնել 8-ժամյա աշխատանքային օր, բարձրացնել աշխատավարձը և այն։ Ընդհարում տեղի ունեցավ բանվորների և ոստիկանության միջև։ «Օբուխովյան պաշտպանություն»-ը ղեկավարում էին բանվորներ Ա․ Գավրիլովը և Ա․ Երմակովը։ Ի վերջո, միայն քարերով զինված բանվորների դիմադրությունը ճնշվեց։ Սպանվեց և վիրավորվեց մի քանի բանվոր։ Ձերբակալված բանվորների մեծ մասը աքսորվեց, նրանցից 29-ը դատապարտվեց տաժանակրության։ Մայիսի 8-ին օբուխովականներին աջակցելու համար գործադուլ հայտարարեցին Պետերբուրգի այլ գործարանների բանվորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png