Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը
Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպված հանցավորությունն ընդհանրապես և քրեական ենթամշակույթի գոյությունը մասնավորապես, առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է։ Անժխտելի է, որ քրեական ենթամշակույթի սերտաճումը անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հասարակության արժեհամակարգի ձևախեղման և պետական համակարգի խարխլման համար։
Բացի այդ, հասարակության մեջ իշխող «գողական կյանքի ռոմանտիկան», պետության սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, նպաստում է հանցավոր ենթամշակույթի ավելի դյուրին տարածմանը, ինչն ուղեկցվում է հանցածին նշանակություն կրող բազմաթիվ երևույթներով։
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործում իր ուրույն նշանակությամբ առանձնանում են քրեաիրավական պայքարի միջոցները։ Հայաստանի Հանրապետությունում քննարկվող երևույթի դեմ պայքարը անցում է կատարել նոր փուլ, ինչն իր արտահայտությունն է գտել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններում։ Այս փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսվել, ի թիվս այլնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ քրեական օրենսգրքի 223.1.-ին հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում քրեական աստիճանակարգության բարձարգույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար։ Համաձայն վերոնշյալ հոդվածի՝ «1. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
2. Սույն գլխի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) է համարվում այն անձը, որը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ»։
Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված է «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող» հասկացությունը, որը նույնացվում է «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունների հետ։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարքի օբյեկտիվ կողմից այդ դրսևորումը մեկնաբանելիս պետք է հիմք ընդունել քրեաբանությանը և այլ երկրների իրավակիրառ պրակտիկային հայտնի՝ քրեական ենթամշակույթի այն «արարողակարգը», ըստ որի՝ անձն «օրենքով գող» է «թագադրվում» օրենքով գողերի հավաքի ժամանակ՝ տարիքով ավագ օրենքով գողի կողմից[1][2]։ Բազմաթիվ «օրենքով գողերի» կենսագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է[3], որ «օրենքով գողի» կարգավիճակ տալու արարողակարգն անցկացնելու համար հավաքը հրավիրվում է «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող առնվազն երկու երաշխավորների կողմից, ովքեր այդ կարգավիճակում պետք է գտնվեն նվազագույնը 5 տարի։ Հավաքի ժամանակ կարող են ներկա գտնվել մինչև մեկ տասնյակ կամ ավելի «օրենքով գողեր»։ Հավաքի մասնակիցները ոչ միշտ են նախապես տեղեկանում հավաքի հրավիրման նպատակի մասին։ Երբեմն նման հավաքները հրավիրվում են ծննդյան տոն նշելու, հարսանիքի կամ այլ առիթի պատրվակով կամ ուղղակի գաղտնի վայրում։ Արարողակարգի ընթացքում հավաքի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են տալիս «օրենքով գողի» թեկնածուին, զննում են մարմնի վրա առկա դաջվածքները։ Այնուհետև անցկացում է «քվեարկություն». տարիքով ավագ «օրենքով գողը» հավաքի մասնակիցներին հարցնում է՝ արդյոք թեկնածուն արժանի է կարգվել որպես «օրենքով գող», թե՝ ոչ, այնուհետև ստանալով բոլորի համաձայնությունը թեկնածուին կարգում է որպես «օրենքով գող»։
Վերոշարադրյալից բխում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու համար քրեական պատասխանատվության ենթակա են ինչպես տարիքով ավագ «օրենքով գողը», ով քվեարկության արդյունքում անձին կարգում է որպես «օրենքով գող»,այնպես էլ երաշխավորները և հավաքի մասնակից մյուս «օրենքով գողերը», ովքեր կողմ քվեարկելով կամ իրենց համաձայնությունը տալով մասնակցում են վերջնական որոշում ընդունելուն, այլ կերպ՝ կոլեգիալ մասնակցություն են ունենում «օրենքով գողի» կարգավիճակ տալուն։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու համար քրեական պատասխանատվության է ենթակա այն անձը, ով «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ստացել է «օրենքով գողի» կարգավիճակ։
«Քրեական հեղինակության» կարգավիճակ տալը և ստանալը կարող է դրսևորվել, օրինակ՝ «օրենքով գողի» կողմից քրեակատարողական հիմնարկում կամ դրանից դուրս «նայող» նշանակելով։ Տվյալ դեպքում «նայողի» կարգավիճակ ստացած անձը ենթակա է քրեական պատասխանատվության քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, իսկ նրան նման կարգավիճակ տված «օրենքով գողը»՝ այդպիսի կարգավիճակ տալու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը նկարագրված են ձևական հանցակազմերով, հետևաբար այդ արարքներն ավարտված են համարվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողի գործառույթներն իրականացնելու հնարավորություն ընձեռելու կամ նման հնարավորություն ստանալու պահից։ Ավարտված հանցակազմի առկայության համար չի պահանջվում, որպեսզի անձը, ում տրվում է նման կարգավիճակ, փաստացի կատարի «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող»-ի հասկացության մեջ մտնող որևէ գործողություն։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս արարքն առկա է, երբ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած անձն այդ կարգավիճակով հայտնի է քրեական ենթամշակույթ կրողների, հանրության առանձին շրջանակներում և ինքն անձամբ ևս չի հերքում այդպիսի կարգավիճակ ունենալու հանգամանքը։ Օրինակ՝ երբ վեճի լուծման համար անմիջականորեն կամ միջնորդավորված դիմում են որպես «օրենքով գող» կամ «քրեական հեղինակություն» հայտնի անձին, իսկ վերջինս ստանձնում է վեճի լուծումը կամ չի առարկում այդ խնդրանքի դեմ՝ միաժամանակ խոսքով կամ որևէ արարքով չհերքելով իր այդ կարգավիճակը։ Այլ կերպ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն ուղղված արարքի առկայությունը գնահատելու համար չպետք է պարտադիր համարվի ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասով թվարկված կոնկրետ գործողությունների կատարումը հետևյալ պատճառաբանությամբ.
Այդպիսի կարգավիճակ ունենալը հանրային վտանգավորության այնպիսի բարձր աստիճան ունի, որպիսին հատված հանցակազմի կանոններով արդեն իսկ բավարար է անձի վարքագծում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու փաստի առկայությունը գնահատելու համար՝ նկատի ունենալով քրեական ենթամշակույթ կրող անձանց և հանրության առանձին շրջանակների մոտ նման կարգավիճակով հայտնի լինելու պայմաններում քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից հետապնդվող նպատակների համար այդ անձի կողմից ապօրինի և առավելապես հանցավոր հրահանգներ տալու հնարավորությունն ու դրանց՝ անվերապահ և անբեկանելի կատարման ենթակա լինելու հանգամանքը։
«Օրենքով գողի» կարգավիճակ կրելու հանրային բարձր վտանգավորության ակնառու նկարագրություն է առկա Մ.Չկադուայի վերաբերյալ դատավճռում[4], որով քրեական պատասխանատվության է ենթարկվել «օրենքով գող» Մ.Ա.Չկադուան։ Հիշյալ դատավճռում արձանագրվել է, որ « (...)«օրենքով գող» հանդիսացող անձը քրեական աստիճանակարգությունում զբաղեցնում է բարձրագույն կարգավիճակ, հանցավոր աշխարհում օժտված է անառարկելի հեղինակությամբ, ինչի կապակցությամբ քրեական միջավայրում ընդունված կանոններին և ավանդույթներին հարող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել նրան և կատարել նրա հանձնարարությունները։ Հակառակ պարագայում «օրենքով գողը» կարող է պատժել չենթարկվողներին, իսկ վերջինը կկորցնի հանցավոր աշխարհում իր քրեական կարգավիճակը։ «Օրենքով գողը» քարոզում է «գողական գաղափարները», այդ գաղափարների շուրջ է համախմբում քրեական ուղղվածություն ունեցող անձանց, կազմակերպում է «գողական օբշակ»-ի համալրումը, նշանակում է «պալաժենեց», որը հանդիսանում է նրա դրածոն և կատարում է նրա գործառույթներն ու պարտականությունները նրա բացակայության ժամանակ։ «Պալաժենեցն» իրավունք ունի նշանակելու տարածքներ «նայողների», որոնք ենթարկվում են նրան, իրավունք ունի նաև որոշ հարցերով կայացնելու որոշումներ, սակայն այլ անձանց ճակատագրերին վերաբերող որոշումները նա պետք է կայացնի՝ խորհրդակցելով «օրենքով գողի» հետ (...)»:
Այսպիսով, քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմի տվյալ դրսևորման դեպքում անձին մեղսագրվող հանրորեն վտանգավոր վարքագիծը «օրենքով գողի» կամ «քրեական հեղինակության» կարգավիճակ կրելն է, «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող» հասկացության շրջանակներում նկարագրված գործողությունների կատարման հնարավորություն ունենալը՝ այդպիսի կարգավիճակ ստանալուց հետո քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների կողմից նման կարգավիճակով ընդունված, իսկ հանրության առանձին շրջանակներում՝ նման կարգավիճակով հայտնի լինելու պայմաններում։ Այլ կերպ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը տևող հանցագործության յուրահատուկ դրսևորում է, որն ավարտվում է կամ այդ կարգավիճակից անձի զրկվելով, կամ այն պահպանելու համար նրա վերաբերյակ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելով՝ մինչև դատվածությունը մարվելը կամ հանվելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տե՛ս Զաքարիա Քալաշովի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1/6244-06 գործով դատավճիռը։
- ↑ Տե՛ս Աշլաբարան ընդդեմ Վրաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 15-ի վճռի 23-րդ կետը (գանգատ թիվ 45554/08), http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145572
- ↑ www.primecrime.ru http://www.primecrime.ru/index.php?cookie=1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Տե՛ս Մ.Չկադուայի վերաբերյալ ՌԴ Ալթայի երկրամասային դատարանի 2017 թվականի ապրիլի 26-ի թիվ 2-1/2017 դատավճիռը։