Քրեական-դատավարական իրավունք
Քրեական-դատավարական իրավունք, Քրեական դատավարությունը հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի, դատարանի (դատավորի), ինչպես նաև դատավարության այլ սուբյեկտների (մեղադրյալ, պաշտպան, տուժող և այլոց) քրեադատավարական իրավունքի կողմից կարգավորվող և քրեական գործի քննության և լուծման կապակցությամբ իրականացվող գործողությունների ու այդ ընթացքում ծագող իրավահարաբերությունների համակարգ է, որը, որպես ուսումնասիրության առարկա (օբյեկտ) ունենալով գործի փաստական հանգամանքները, թույլ է տալիս պատասխանել մեղադրվող անձի մեղավոր կամ անմեղ լինելու մասին հարցին և լուծել քրեական դատավարության առջև դրված այլ խնդիրները։ Սկզբում ձևավորվում է քրեական նյութական իրավունքը, որի նորմերը սահմանում են, թե ինչպիսի պայմաններում և ինչն է համարվում հանցագործություն և ինչպիսի պատիժ է սպասում հանցավոր արարք կատարած անձին։ Ահա այդ պահից էլ առաջանում է քրեական իրավուքնի նորմերը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում կիրառելու խնդիրը։ Քրեական գործով վարույթը՝ դատավարական ընթացակարգը, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցի լուծմամբ և ներառում է գործով ընդունվող և իրականացվող դատավարական որոշումներն ու գործողությունները, ամբողջովին ենթարկված է իրավական կարգավորման։ Քրեադատավարական գործունեության հիմնական բովանդակությունը պետության հատուկ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերի քննությունն ու լուծումն է, որին մասնակցում են նաև այս կամ այն դատավարական կարգավիճակով գործի վարույթ ներգրավված ֆիզիկական անձինք։
Քրեական դատավարության խնդիրները (նպատակները)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության նպատակներն ու խնդիրները այն արդյունքներն են, ինչին պետք է ձգտել, ինչը պետք է ապահովվի, նվաճվի, կենսագործվի այդ գործունեության իրականացման հետևանքով։ Քրեական դատավարության խնդիրները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածում։ Քրեական դատավարության անմիջական խնդիրներն այն արդյունքներն են, որ պետք է իրացվեն կոնկրետ քրեական գործերով վարույթի ընթացքում։ Յուրաքանչյուր քրեական գործով դատավարություն իրականացնող մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության ընթացքում՝
- քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի,
- ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,
- ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման։
Քրեական դատավարության համասոցիալական խնդիրներն այն արդյունքներն են, որոնք պետք է ապահովվեն ոչ քրեադատավարական գործունեության իրացման բոլոր քրեական գործերի քննության և լուծման հետևանքով։ Քրեական դատավարությունն իրականացվում է ապահովելու համար՝
- անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից։ Հանցավորության դեմ պայքարի գոյություն ունեցող ձևերից մեկն էլ քրեական դատավարությունն է։
- անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից՝ կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ քրեական դատավարություն։ Ընդհանուր մաս/ Ս. Դիլբանդյան, Ա. Հարությունյան, Գ. Ղազինյան