Քուշ (թագավորություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուշ
Տեսակթագավորություն և պատմական պետություն
Ձևավորումմոտ մ. թ. ա. 2180
Քարտեզ
Քարտեզ

Քուշ կամ Մերոիտյան թագավորություն[1], հնագույն թագավորություն ներկայիս Սուդանի (Նուբիա) տարածքում մ․թ․ա․ IX կամ VIII դարից[1] մինչև մ․թ․ա․ IV դար։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ժամանակագրական բացին, Քուշը Կերմայի նախկին թագավորության մշակութային և քաղաքական իրավահաջորդն է, որը Եգիպտոսի կարևոր մրցակիցն էր, բայց նվաճվեց Թութմոս I-ի կողմից։ Առաջին զարգացած համայնքները հայտնաբերվել են Նուբիայում Եգիպտոսի առաջին դինաստիայի օրոք (մ.թ.ա. 3100-2890 թթ.): Մոտ 2500 մ.թ.ա. Եգիպտացիները շարժվում են դեպի հարավ, ի շնորհիվ նրանց էլ մարդիկ ստացել են Քուշի մասին գիտելիքների մեծ մասը։ Եգիպտացիների առաջխաղացումը դադարել է Եգիպտոսի միջին թագավորության անկմամբ և հիքսոսների ներխուժմամբ, որոնք դարձել էին քուշիների դաշնակիցները։ Նոր Թագավորության ստեղծումից հետո մ.թ.ա. 1550թ. Եգիպտական արշավանքները դեպի հարավ վերսկսվում են, բայց այս անգամ նրանք հանդիպում են Քուշի կազմակերպված դիմադրությանը։ Պատմաբանները վստահ չեն՝ այս դիմադրությունը ծագել է առանձին քաղաքներից, թե մեկ միասնական կայսրությունից։ Շարունակվում են նաև քննարկումները, թե արդյոք պետականությունը հիմնել են տեղի բնակիչները, թե եգիպտացիները։ Արշավանքի արդյունքում շրջանը անցնում է Եգիպտոսի վերահսկողության տակ Թութմոս I-ի օրոք, որի բանակը պահպանում էր իշխանությունը մի շարք ամրոցների միջոցով։ Նուբիան՝ մինչև Նեղոսի չորրորդ և հինգերորդ սահմանները, ընդգրկված էր Եգիպտոսի մեջ և սկսած Նոր թագավորության 18-րդ դինաստիայի օրոք հինգ դար շարունակ ենթարկվում էր փարավոններին, որոնք կրում էին Քուշի թագավորական որդու տիտղոսը։ Նոր թագավորության փլուզմամբ մոտ 1070 մ.թ.ա. Քուշը դառնում է անկախ պետություն՝ մայրաքաղաք Նապատայով[2]։

Պետություն Նապատա մայրաքաղաքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Նուբիայի տարածքը Մերոեից մինչև Նեղոսի երրորդ հատվածը միավորվել է Ալարայի տիրապետության տակ մ․թ.ա. մոտ 780-755 թվականներին։ Ալարան համարվում էր քուշիտների թագավորական դինաստիայի հիմնադիրը նրա իրավահաջորդների կողմից՝ Եգիպտոսի XXV քուշիտների դինաստիան։ Թագավորությունը մեծացրեց իր ազդեցության ոլորտը, և Ալարայի հետևորդ Քաշթայի օրոք գերիշխեց հարավային Եգիպտոսում, Էլեֆանտինի շրջանում և նույնիսկ Թեբեում։ Քաշտան ստիպեց Շեպենուպետ I-ին՝ Փարավոն Տակելոտ III-ի խորթ քրոջը, ով ծառայում էր որպես Ամոնի աստվածային կին, ճանաչել իր դստերը՝ Ամենիրդիս I-ին որպես իր ժառանգ։ Այս իրադարձությունից հետո Թեբեն անցավ Նապատայի փաստացի վերահսկողության տակ։ Թագավորության հզորությունը հասել է իր ամենաբարձր կետին Կաշտեի իրավահաջորդ Պիանհիի օրոք, ով 20 տարեկանում գրավել է ողջ Եգիպտոսը և նշանավորել XXV դինաստիայի սկիզբը։

Քուշը դարձյալ առանձին պետություն դարձավ Եգիպտոսից, երբ ասորիները ներխուժեցին Եգիպտոս մ.թ.ա. 671 թվականին։ Քուշի վերջին թագավորը, որը փորձեց վերականգնել Եգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը, Տանուատամունն էր, ով մ.թ.ա. 664թ. ջախջախիչ պարտություն կրեց ասորիներից։ Այնուհետև Եգիպտոսում թագավորության ազդեցությունը սկսեց նվազել և դադարեց մ.թ.ա. 656թ, երբ XXVI դինաստիայի հիմնադիր Պսամետիքոս I-ը իր իշխանության տակ միավորեց ողջ Եգիպտոսը։ 591 թվականին մ.թ.ա. Եգիպտացիները, Պսամետիքոս II-ի գլխավորությամբ, ներխուժեցին Քուշ, հավանաբար այն պատճառով, որ Քուշի տիրակալ Ասպելտան պատրաստվում էր արշավանք Եգիպտոս, նրանք կողոպտեցին և այրեցին մայրաքաղաք Նապատան։

Մայրաքաղաքի տեղափոխումը Մերոե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր պատմական աղբյուրներ ցույց են տալիս, որ Ասպելտայի հետևորդները մայրաքաղաքը տեղափոխել են Մերոե՝ Նապատայից շատ հարավ։ Տեղափոխման ճշգրիտ ժամանակը մնում է անհասկանալի, սակայն շատ պատմաբաններ կարծում են, որ դա տեղի է ունեցել Ասպելտայի օրոք՝ ի պատասխան եգիպտական ներխուժման դեպի հարավային Նուբիա։ Այլ պատմաբաններ կարծում են, որ թագավորության տեղափոխումը հարավ կապված էր երկաթի արդյունահանման հետ։ Մերոեի շրջակայքում, ի տարբերություն Նապատայի, կային ընդարձակ անտառներ, որոնք կարող էին ծառայել որպես վառելիքի աղբյուր։ Բացի այդ, հույն վաճառականների ժամանումը տարածաշրջան նշանակում էր, որ քուշիները ավելի քիչ կախված էին Նեղոսի առևտրային ճանապարհից և այժմ կարող էին առևտուր անել Կարմիր ծովի ափին գտնվող հունական գաղութների հետ։

Ըստ այլընտրանքային տեսության նշվում է, որ կային երկու առանձին, բայց սերտորեն կապված պետություններ, որոնք կենտրոնացած էին Նապատայի և Մերոյի վրա։ Մերոե մայրաքաղաքով պետությունը աստիճանաբար մարեցրեց իր հյուսիսային հարևանի փառքը։ Թագավորական նստավայրի նման ոչինչ չի հայտնաբերվել Մերոեի հյուսիսում, և հավանաբար Նապատան եղել է միայն կրոնական կենտրոն։ Այնուամենայնիվ, Նապատան, անշուշտ, մնաց կարևոր կենտրոն, որտեղ թագավորները թագադրվեցին և թաղվեցին այնտեղ նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ նրանք ապրում էին Մերոեում։

Մայրաքաղաքի վերջնական տեղափոխումը Մերոե տեղի ունեցավ մոտ 300 մ.թ.ա., երբ միապետները սկսեցին թաղվել այնտեղ, և ոչ թե Նապատայում։ Տեսություն կա, որ մայրաքաղաքի փոփոխությունը արտացոլում է միապետների ազատագրումը Նապատայի քրմերի իշխանությունից։ Ըստ Դիոդորոս Սիկուլոսի՝ քրմերը հրամայել են Էրգամենես անունով Մերոյական տիրակալին ինքնասպան լինել, սակայն նա անարգել է ավանդույթը և փոխարենը մահապատժի է ենթարկել քրմերին։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Էրգամենեսը համապատասխանում է Մերոեում թաղված առաջին տիրակալ Արրաքկամանիին։ Այնուամենայնիվ, Էրգամեն անվան ավելի հավանական տառադարձությունը Արքամանին է, մի տիրակալ, որը կառավարել է երկիրը երկար դարեր այն բանից հետո, երբ թագավորական նստավայրը տեղափոխվել է Մերոե։

Կա նաև տեսություն, որ մայրաքաղաքը միշտ եղել է Մերոեում։

Մերոյական ժամանակաշրջանում Քուշի թագավորության մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Վաղ շրջանում քուշիներն օգտագործում էին եգիպտական հիերոգլիֆներ, սակայն մերոյական ժամանակաշրջանում մշակվեց մի նոր, դեռևս ոչ լրիվ վերծանված մերոյական գիր։ Երկիրն առևտուր էր անում իր հարևանների հետ և շարունակում էր հուշարձաններ ու դամբարաններ կառուցել։

Մ.թ.ա. 23 թվականին Ամանիրենե թագուհու օրոք Եգիպտոսի հռոմեական կառավարիչ Գայոս Պետրոնիուսը ներխուժեց Նուբիա՝ ի պատասխան Նուբիայի հարձակման հարավային Եգիպտոսի վրա։ Նա թալանեց երկրի հյուսիսը, ներառյալ Նապատան, և վերադարձավ Եգիպտոս։

Սրանից հետո թագավորության քաղաքական կյանքը վերջնականապես տեղափոխվեց հարավ՝ Մերոե, և, հետևաբար, նրա գոյության վերջին երեք դարերի պատմությունը գործնականում անհայտ է։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական ապացույցները վկայում են, որ մ.թ.ա 3-րդ դարից սկսած Մերոյական թագավորությունը սկսեց անկում ապրել։ Դա վերագրվում է կլիմայի փոփոխությանը, որը դարձել էր ավելի չորային։ Գյուղատնտեսությունն անկում է ապրել, իսկ բնակչությունն աստիճանաբար լքել է քաղաքները։

Թագավորության թուլացումից օգտվել են արտաքին թշնամիները՝ հաճախակի դարձել քոչվոր բլեմինգների արշավանքները, որոնք էլ մ․թ․ա․ 3-րդ դարի վերջում գրավեցին Հյուսիսային Նուբիան և Քուշը կտրվեց Միջերկրական ծովից։ Այնուհետև, 4-րդ դարի սկզբին, թագավորություն ներխուժեցին հարավային սևամորթ ցեղերը, որոնք պատմության մեջ հայտնի են որպես «սև նոբներ»։

350 թվականին Քուշը գրավվել է Աքսում նահանգի կողմից։ Նրա տարածքում կազմավորվել են Ալվա, Մուկուրա, Նոբաթիա նահանգները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Мероэ и Куш». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Morkot, Roger G. «On the Priestly Origin of the Napatan Kings: The Adaptation, Demise and Resurrection of Ideas in Writing Nubian History» in O’Connor, David and Andrew Reid, eds. Ancient Egypt in Africa (Encounters with Ancient Egypt) (University College London, Institute of Archaeology Publications) Left Coast Press (1 Aug 2003) ISBN 978-1-59874-205-3 p.151

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Куша цари
  • Jean Leclant. «The empire of Kush: Napata and Meroe» UNESCO General History of Africa(անգլ.)
  • A. Hakem with I. Hrbek and J. Vercoutter. «The civilization of Napata and Meroe» UNESCO General History of Africa(անգլ.)
  • P.L. Shinnie. «The Nilotic Sudan and Ethiopia c. 660 BC to c. AD 600» Cambridge History of Africa — Volume 2 Cambridge University Press, 1978.(անգլ.)