Քարտեզների կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Քարտեզների կազմումը ==

Քարտեզագրական գրաֆիկ աշխատանքներ կատարելիս ուղեցույց է հանդիսանում քարտեզի ծրագիրը, որի հիման վրա կազմվում է ապագա քարտեզի առաջին ձեռագիր օրինակը /օրիգինալը/։ Վերջինս այն հիմնական հանգուցակետն է, որը միմյանց է կապում քարտեզագրական ախատանքների ամբողջ շղթան։ Քարտեզների կազմման աշխատանքի ընթացքը կատարվում է մի քանի փուլերով։ Առաջին հերթին նախապատրաստում և մշակման են ենթարկում օգտագործվող քարտեզագրական աղբյուրները, ապա կառուցում են մաթեմատիկական հիմքը և տրված քարտեզներից նոր կազմվող քարտեզի հիմքի վրա են տեղափոխում մշակված, գեներալիզացիայի ենթարկված բովանդակությունը։ Կախված քարտեզագրական աղբյուրների հատկությունից սկզբնաղբյուրների նախապատրաստումը մի դեպքում կարող է շատ հասարակ թվալ, մի ուրիշ դեպքում՝ խիստ բարդ, երբեմն կարիք է զգացվում առանձին տարրերը միայն բարձրացնել /հաստ գծերով ցույց տալ/, երբեմն կատարել խիստ բարդ պրոցես, օրինակ՝ միայն խորության նիշերով ցույց տրված ծովի հատակի ռելիեֆը նոր քարտեզի վրա իզոբատերի միջոցով պատկերել։ Քարտեզների համար ամուր կմախք է ծառայում քարտեզագրական ցանցը, որը հինք է հանդիսանում քարտեզի մյուս տարրերի ճիշտ տեղադրման և երկրաչափակական ճշտության պահպանման համար։ Ընդունված է քարտեզագրական ցանցը կառուցել միջօրեականների և զուգահեռականների հատման կետերի միջոցով։ Ցանցի հատման կետերի /հանգույցային կետերի/ տեղադրումը կատարվում է նրանց ուղղանկյուն կոորդինատների օգնությամբ։ Քարտեզագրական ժամանակակից պրակտիկայում ընդունված է ուղղանկյուն կոորդինատներով կետերի կառուցումը կատարել հատուկ գործիքներով՝ կորդինատոգրաֆներով, որոնք լինում են տարբեր մեծության։ Նրանցից ամենաարածվածը դաշտային թեթև կոորդինատոգրաֆն է, որը բաղկացած է իրար նկատմամբ փոխադարձ ուղղահայաց դիրքով տեղադրված XY քանոններից։ Քարտեզագրական սկզբնաղբյուրից նոր կազմվող քարտեզի վրա բովանդակության տեղափոխումը կատարվում է տարբեր եղանակներով։ Դրանցից կարևոր են ֆոտոմեխանիկական, քառակուսիների և պանտոգրաֆի եղանակները։ Ֆոտոմեխանիկական եղանակով քարտեզի բովանդակության տեղափոխելու համար բարձրացված սկզբնաղբյուրը նկարում են փոքրացված մասշտաբով /հավասար նոր կազմվող քարտեզի մասշտաբին/, ապա ստանում են ֆոտոպատճեն, որը փակցնում են քարտեզի համապատասխան մասում։ Այդ ձևով ստացած ֆոտոպատճենը հիմք է հանդիսանում քարտեզի կազմման և նոր գեներալիզացիա կատարելու համար։ Քառակուսիների միջոցով արտանկարումից կարող է օգտվել ամեն մարդ. այն չունի տեխնիկական որևէ բարդություն և օգտագործվում է տարբեր մասշտաբների ու տարբեր պրոյեկցիաների դեպքում։ Քառակուսիների միջոցով քարտեզի բովանդակությունը սկզբնաղբյուրից նոր կազմվող քարտեզի վրա տեղափոխելու համար թե տրված քարտեզը և թե կազմվող քարտեզը բաժանվում են քառակուսիների, ըստ որում այդ քառակուսիների կողմերի մեծությունը կախված է մասշտաբների հարաբերակցությունից. նպատակահարմար է, որ մասշտաբները միմյանցից տարբերվեն բազմապատիկ մեծությամբ։ Քառակուսիները մակերեսների բաժանելուց հետո տրված քարտեզի ամեն մի քառակուսու սահմանում գտնվող բովանդակության տարրերը նման ձևով, սակայն փոքրացված տեղափոխում են կազվող քարտեզի համապատասխան քառակուսին։ Քարտեզագրական նյութերից բովանդակությունը նոր կազմվող քարտեզի վրա տեղափոխելու ամենապարզագույն գործիքը պանտոգրաֆն է։ Պանտոգրաֆը բաղկացած է չորս լծակներից, որոնք միմյանց հետ միացնելիս ստացվում է մի զուգահեռակողմ։ Պանտոգրաֆով պատճեններ հանելիս պահանջվում է, որ պանտոգրաֆը տեղադրվի ճիշտ հորիզոնական դիրքով, լծակները իրար նկատմամբ շարժվեն սահուն կերպով. մատիտի ծայրը պետք է սրել այնպես, որ գծող մասը գտնվի ճիշտ կենտրոնում, հակառակ դեպքում նկարները կստացվեն սխալով։ Քարտեզի պատճենը հանելիս պետք է աշխատանքը վերջացնել մի տեղադրումով. չի թույլատրվում աշխատանքը ընդհատել և շարունակել երկրորդ տեղադրումով։ Քարտեզագրական նյութերից բովանդակության տեղափոխումը կազմվող քարտեզի վրա կատարվում է որոշակի հերթականությամբ։ Սկզբում տեղափոխում են այն հատվածների բովանդակությունը, որոնք ապահովված են բարձրորակ նյութերով։ Այդ մասերը հիմք են ծառայում քարտեզի մյուս մասերի պատկերման համար։ Առանձին տարրերի պատկերման հերթականությունը շատ կարևոր է և պայմանավորում է առանձին տարրերի ճիշտ և տեղին պատկերմանը. օրինակ՝ ճանապարհները անպայման պետք է պատկերել բնակավայրերից հետո, որովհետև ճանապարհների առկայությունը պայմանավորված է բնակավայրերով, բացի այդ, տեխնիկական տեսակետից բնակավայրերը առաջ պատկերելը նույնպես նպատակահարմար է։ Առանձին տարրերի պատկերման հերթականությունը կարող է հասցնել քարտեզի գերբեռնվածության։ Որպեսզի քարտեզը չունենա գերբեռնվածություն, ընդունված է տարրերի տեղափոխումը կատարել սովորական հերթականությամբ՝ սկզբում տեղափոխելով ամենակարևորները, ապա նույն հերթականությամբ ավելի փոքր նշանակություն ունեցողները։ Առաջին օրինակի /օրիգինալի/ կազմումը կատարվում է տուշով և գույներով, ըստ որում պայմանական նշանակումները հանդես են գալիս գծերի, նշանների, կետերի և անունների ձևով, որոնց անվանում են քարտեզի գծավորման նկարներ, իսկ հավասարապես ներկված մակերեսների /ծովերը, վարչական բաժանումները և ռելիեֆը/ գույները անվանում են ֆոնային կամ երանգային գունավորում, իսկ միևնույն գույնի աստիճանաբար փոփոխվող երանգները՝ կիսաերանգային գունավորում։ Քարտեզագրություն