Քասաղի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քասաղի ջրանցք

Քասաղի ջրանցք, ջրանցք Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Սկիզբ է առնում Քասաղ գետից։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։ Մայր ջրանցքը սկսվում է ջրարգելակ-վահան կարգավորիչով, անցնում 2,5 կմ թունելով, Քասաղի կիրճով։ Երկարությունը 3,8 կմ է, ջրթողունակությունը՝ 18 մ³/վ։ Բաժանվում է ձախ և աջ ճյուղերի։ Ձախափնյա ջրանցքը ձգվում է Քասաղից դեպի արևելք, հասնում Ձորավան գյուղի սահմանները։ Երկարությունը 8,9 կմ է, ջրթողունակությունը Արզնի-Շամիրամին փոխհատուցող ջրանցքի հետ՝ 16,4 մ³/վ։ Կառուցվել է Արզնի-Շամիրամ ջրանցքին լրացուցիչ ջուր (14 մ³/վ) տալու համար։ Աջափնյա ջրանցքը դյուկերով անցնում է Քասաղը, ձգվում արևմուտքից մինչև Օհանավան և Ուշի գյուղերի հողատարածքները։ Երկարությունը 6,6 կմ է, ջրթողունակությունը՝ 1,65 մ³/վ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։