Քանակական թվականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են քանակական թվականներ:

Քանակական թվականները լինում են՝

  • բացարձակ
  • կոտորակային
  • բաշխական


Բացարձակ թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:


Բացարձակ թվականներ են՝ միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը: Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից: Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով: Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն: Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են: Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին: Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3... և այլն):


Կոտորակային թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր:


Օրինակ Օտարազգիները կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը:

Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երրորդ ածանցներով: Կոտորակային թվականները գրվում են առանձին:

Բաշխական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:

Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝

  1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական: Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` ական ածանցը՝ 2-ական , 20 -ական, 100-ական:
  2. բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.imdproc.am/p/hayoc-lezu/7-dasaran/tvakan-9901/tvakani-tesakner-9902/re-a