Քաղաքացիական կացության ակտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաղաքացիական կացության ակտեր, քաղաքացու ծննդի, մահվան, ամուսնության և ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության փաստերի արձանագրումը և հաշվառումը, հիմք է որոշակի իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման։ ԽՍՀՄ-ում մտցվել է ԺԿԽ-ի 1917 թվականի դեկտեմբերի 18-ի դեկրետով։ Քաղաքներում և շրջկենտրոններում ակտերի գրանցումները կատարում են ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) բաժինները (բյուրոները), գյուղական վայրերում և ավաններում՝ ժողովրդական դեպուտատների ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները՝ շահագրգռված անձանց դիմումների հիման վրա։ Դրանց գրանցումները կատարվում են մատյաններում, իսկ քաղաքացուն տրվում է սահմանված ձևի վկայական։ Զագսի վկայականը կորցնելու դեպքում շահագրգռված անձանց խնդրանքով քաղաքացուն տրվում է փաստաթղթի կրկնօրինակը։ Նախահեղափոխական Ռուսաստանում (այդ թվում՝ Հայաստանում) նրա գրանցումը կատարել է եկեղեցին։ ՀԽՍՀ-ում նրա գրանցման մարմիններն ստեղծվել են Հայաստանի Հեղկոմի 1920 թվականի դեկտեմբերի 23-ի դեկրետով։ ՀԽՍՀ-ում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնները սահմանված են ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքով (180-216 հոդվածներ)։ Գործում է նաև ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ամուսնության գրանցման կարգի մասին հրահանգը (27 ապրիլի, 1970)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png