Փրփրադեզ ծովը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրփրադեզ ծովը
տեսակգեղանկար
նկարիչԿարապետ Ադամյան
ժանրգեղանկար
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաալեկոծ ծովի պատկեր
Ծանոթագրություններ

Փրփրադեզ ծովը, Կարապետ Ադամյանի նկարներից, պատկերված է ծովի ալեկոծ վիճակը՝ թմբին նստած, ծովի ալեկոծությունը դիտող կնոջ կերպարով։ Կնոջ կերպարը օգնում է իմաստավորելու մարդու և բնության փոխհարաբերությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը նստած է կիսադեմ դիրքով, գլխարկի տակից երևում է դեմքի փոքր հատվածը։ Նա կլանված դիտում է ծովի ալեկոծությունը և մտածմունքներով է տարված․ դա կարող է առիթ տալ զանազան խոհերի, ապրումների՝ կապված ծովի ամեհի տարերքի պոռթկումի հետ։ Կնոջ ներկայությունը կենդանություն է տալիս տեսարանին։

Գեղարվեստական արտահայտչականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովանկարը կատարված է այնպիսի վարպետությամբ և այնպիսի զգացմունքով, որ թվում է լավագույններից մեկը հրապարակի վրա եղած ծովանկարներից։ Այն արդեն իմպրեսիոնիստականմ հայեցողությամբ, վայրկենական տպավորությամբ ընկալված տեսարան չէ, այլ ծովի տարերքին խորամուխ, ալիքների կազմությունն ուսումնասիրած, դրանց պլաստիկ շարժմանը ծանոթ նկարչի ստեղծագործություև է։ Ալեկոծությունն ընկալված է որպես բնության անհաղթահարելի տարերքի բնական ընդվզում՝ իր հռնդյունի, մռնչյունի, մակընթացության և տեղատվության անհաղթահարելի ուժով։ Այս գործի գերազանցությունը նախորդ ստեղծագործությունների համեմատությամբ ակնբախ է նաև գեղարվեստական միջոցների առավելությամբ։ Ստեղծվել է առարկայական հատկության պատրանք, որի շնորհիվ ներդաշնակված է մարդու և բնության պատկերման ոճական միասնությունը։ Ծովն արդեն չի ընկալվում որպես լոկ գունային հարթություն, որպես պատկերի չեզոք ֆոն, այլ ընդգրկվում է որպես պատկերի շարժիչ ուժ՝ պատկերին գաղափարական բովանդակություն տալով։ Ադամյանը մարդկանց պատկերում, տարբեր դիրքերով, կեցվածքներով, նաև ծովին համապատասխան վիճակով՝ հանգիստ, ալեկոծ, փոթորկոտ, մարդը և բնությունը ներդաշնակելով միմյանց։ Նա տարբեր գեղարվեստական միջոցներ է կիրառում՝ նկատի ունենալով օրվա պահը, լուսավորությունը, մոդելի դիրքը լույսի աղբյուրի հանդեպ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն