Փոփոխական աստղեր
Փոփոխական աստղեր, աստղեր, որոնց տեսանելի պայծառությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Հայտնի Փոփոխական աստղերի թիվն այժմ անցնում է 30000-ից (1986)։ Յուրաքանչյուր համաստեղության սահմաններում Փոփոխական աստղերը նշանակում են լատինական տառերով՝ R-ից մինչև Z (օրինակ, T Ցուլի կամ RR Քնարի) կամ էլ աստղի համարի և համաստեղության անվանման հետ գրվող V տառով (օրինակ, v 1057 Կարապի)։ Ըստ պայծառության փոփոխությունների պատճառի տարբերում են խավարուն և ֆիզիկական Փոփոխական աստղեր։ Խավարուն Փոփոխական աստղեր սեղմ կրկնակի աստղեր են, որոնց պայ– ծառության փոփոխությունները թվացող են և առաջանում են բաղսդրիչ աստղերի պարբերական խավարումների հետևանքով։ Ֆիզիկական Փոփոխական աստղերի պայծառությունը փովւոխվում է դրանց մթնոլորտում կամ ավելի խոր շերտերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների հետևանքով։ Տարբերում են պարբերական (բաբախող) և պայթունային (էրուպտիվ) փոփոխական աստղեր։ Պարբերական Փոփոխական աստղերի պայծառությունը փոփոխվում է պարբերաբար, իսկ պայթունային Փոփոխական աստղերինը՝ անկանոն կերպով՝ անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնկումների ձևով։ Պարբերական Փոփոխական աստղերից են․ ցեֆեիդները (Ց Ցեֆեոսի տիպի), որոնց պայծառությունը Փոփոխվում է 1–2 աստղային մեծության չափով (պարբերությունը՝ 1–45 օր), RR Քնարի տիպի աստղերը, որոնց պայծառությունը փոփոխվում է 0,․5–1,5 աստղային մեծության չափով (պսրբերությունը՝ 1,2 օրից ոչ ավելի), երկար պարբերական փոփոխականները (0 Կետի տիպի), որոնց պայծառությունը փոփոխվոմ է մինչև 10 աստղային մեծության չափով (պարբերությունը՝ 80–700 օր) են։ Պայթունային Փոփոխական աստղերից նոր, գերնոր, նորանման, RW Կառավարի տիպի (կամ T Ցուլի տիպի), բռնկվող (UV Կետի տիպի) և այլ աստղեր։ Փոփոխական աստղերի ուսումնասիրությունը կարևոր է աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի խնդիրների լուծման համար։ Աստղասփյուռների հայտնագործումից հետո հաստատվեց, որ ֆիզիկական անկայունությունը, որի հետևանքով ի հայտ է գալիս աստղերի պայծառության փոփոխությունը, օրինաչափ փուլ է աստղերի էվոլյուցիայում։ Պարզվեց, որ անկանոն Փոփոխական աստղերի մեծ մասը, որոնց համար բնորոշ է ֆիզիկական․ անկայունությունը, գտնվում են էվոլյուցիայի վաղ փուլում։ Օրինակ, T Ցուլի տիպի աստղերը և դրանց նմանվող օբյեկտները (Ֆուորներ, Հերբիգ–Արոյի օբյեկտներ են) կազմում են T-աստղասփյուռների բնորոշ բնակչություն, այսինքն՝ ներկայացնում են աստղերի էվոլյուցիայի վաղ փուլեր։ T Ցուլի տիպի աստղերի պայծառությունը փոփոխվում է անկանոն ձևով՝ գրեթե անընդհատ։ Դրանք, սովորաբար, պատկանում են աստղերի ուշ սպեկտրային տիպերին։ Այդ աստղերի սպեկտրներում դիտվում են պայծառ գծեր, որոնք վկայում են դրանց շուրջը գազային թաղանթների գոյության մասին։ Այդ թաղանթները, որտեղ և առաջանում են պայծառ սպեկտրային գծերը, T Ցուլի տիպի աստղերի մակերևույթներից նյութի արտահոսքի հետևանք են։ Աստղերի էվոլյուցիայի T Ցուլի փուլին հաջորդում է բռնկվող աստղերի փուլը։ Այդ փուլում աստղի կարևորագույն հատկությունը ժամանակ առ ժամանակ բռնկվելու ունակությունն է։ Բռնկման ժամանակ աստղի ճառագայթման հզորությունը (պայծառությունը) անակնկալ կերպով և շատ արագ աճում է, այնուհետև դանդաղ վերադառնում նախկին մակարդակին։ Բռնկվող աստղերի սպեկտրներում դիտվում են թույլ պայծառ գծեր, որոնք ուժեղանում են բռնկումների պահերին։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի էվոլյուցիոն փուլերը վերադրվում են ժամանակի առումով, այդ շրջանում T Ցուլի տիպի աստղը միաժամանակ ցուցաբերում է բռնկվող աստղի հատկություններ։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի ուսումնասիրությունը կարևոր է նաև դրանցում տեղի ունեցող և անկայունությունը պայմանավորող երևույթների բնույթն ուսումնասիրելու համար։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի վերաբերյալ շատ արդյունքներ ստացվել են Բյուրականի աստղադիտարանում։ Փոփոխական աստղերի ուսումնասիրությունը նպաստում է Տիեզերքի և Գալակտիկայի կառուցվածքի բացահայտմանը։ Օրինակ, ցեֆեիդների պայծառությունը փոփոխվում է խիստ պարբերական ձևով։ Աստղի պայծառության Փոփոխության պարբերությունն աճում է լուսատվության հետ։ Ելնելով այդ օրինաչափությունից՝ որոշում են այն աստղային համակարգերի հեռավորությունները, որտեղ դիտվում են ցեֆեիդներ, հետևաբար նաև այդ համակարգերի բաշխումը Գալակտիկայում կամ տարածության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |