Փոստատարի հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոստատարի հուշարձան
Հուշարձանի նախկին տեսքը, 2009 թվական
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակկանգուն

Փոստատարի հուշարձան (ռուս.՝ Памятник почтальону), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Տեղադրվել է քաղաքի կենտրոնական փոստային բաժանմունքի առջև Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 2015 թվականին խարխլվածության պատճառով վայր է ընկել պատվանդանից և վնասվել։ Վերականգնվել է 2016 թվականին՝ տեղի քանդակագործ Սարգիս Սերոբյանի ուժերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին փոստատարի հուշարձանը գտնվում է Կրասնի Սուլին քաղաքի գլխավոր փոստատան առջև՝ Վորոշիլովի և Պոչտովայա փողոցների անկյունում[1]։ Առաջին անգամ քանդակը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այդ ժամանակ պայուսակն ուսին գցած մարդուն սպասում էին սրտի թրթիռով. ոմանց նա բերում էր ռազմաճակատում կռվող ազգականների եռանկյունաձև նամակները, իսկ ոմանք ստանում էին «սև թղթեր», որոնք գուժում էին հարազատի վախճանը[2]։ Սա փոստատարի միակ հուշարձանն է Ռուսաստանում[1]։

Տարիների ընթացքում հուշարձանը խարխլվել էր, և 2015 թվականի օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերն ընկավ պատվանդանից[1]։ Կոտրվել էին կնոջ վերջույթները։ Մեկ տարի անց քանդակը վերաբացվեց։ Այն վերականգնել է տեղացի հայազգի քանդակագործ Սարգիս Սերոբյանը։ Նա օգտագործել է նախկին քանդակից մնացած հատվածները, իսկ կորսվածների փոխարեն կերտել է նորերը[3]։ Կին փոստատարի ուսին կրկին պայուսակ է, որում թերթեր են։ Քանդակին ավելացվել է «Արգումենտի ի ֆակտի» (ռուս.՝ «Аргументы и факты») թերթի անվանումը[2]։ Կնոջ ձախ ձեռքին նամակով ծրար է։

Հուշարձանի նախկին տեսքը, 2009 թվական

Վերականգնման համար անհրաժեշտ գումարը սեփական միջոցներից տրամադրել են քաղաքի փոստատարները[2]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 8-ին՝ Ռուսաստանի փոստի օրվա նախօրեին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «В Красном Сулине восстановят памятник женщине-почтальону».
  2. 2,0 2,1 2,2 «Где установлен памятник почтальону с газетой «Аргументы и факты» в руках?».
  3. 3,0 3,1 «В Красном Сулине установили новый памятник женщине-почтальону».