Փափուկ շանկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փափուկ շանկր, սուր վարակիչ վեներական հիվանդություն։ Փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով։ Հարուցիչը Դյուկրեյ Ուննա Պետերսենի ստրեպտոբացիլն է։ Փափուկ շանկրի մաքուր կուլտուրան առաջին ստացել են Ս․ Իստամանովը և Ա․ Հակոբյանցը (1897)։ Վարակումից 2–3 օր անց, սեռական օրգաններում առաջանում է վառ կարմիր բիծ, որն այնուհետև վեր է ածվում հանգուցիկի, թարախաբշտիկի։ Վերջինիս պատռվելուց հետո գոյանում է փոքրիկ խոց, որն արագորեն մեծանում է։ Դրան զուգընթաց առաջանում են նոր խոցեր, որոնք խիստ ցավոտ են, կախված եզրերով ու փափուկ կոնսիստենցիայով։ Խոցերի հատակն անհարթ է՝ ծածկված առատ թարախային արտադրությամբ։ 2–3 ամիս անց խոցերն ապաքինվում են՝ առաջացնելով սպիներ։ Հիվանդների 30–40%–ի մոտ բորբոքվում են նաև աճուկային ավշային հանգույցները։ Փափուկ շանկրի տարբերակիչ ախտորոշումը կարծր շանկրից կատարվում է կլինիկական ու շճաբանական հետազոտություններով։ Բուժումը սուլֆանիլամիդներ, անտիբիոտիկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։