Jump to content

Փախիր, այծյամ (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Փախիր, այծյամ»
ի երգը

Փախիր, այծյամ, Աշուղ Ջիվանու հեղինակած երգը[1], որի հայտնի կատարողներից է Փառիկ Նազարյանը։

«Փախիր, այծյամ» երգը պատմում է այծյամի մասին, որին որսկանը փորձում է բռնել։ Երգում նկարագրվում է այծյամի անտեղյակությունը իր գլխին կախված վտանգի մասին, մինչդեռ որսկանը գամփռներով և բարակներով որոնում է նրան։ Ջիվանին պատկերավոր կերպով նկարագրում է, թե ինչպես որսկանը ճրագով փնտրում է այծյամին և պատրաստ է անգթաբար սպանել նրան կամ նրա ձագուկներին։

Երգի բովանդակության մեջ զգացվում է հայ մոր վիճակը, երբ թուրքական բանակները կոտորում էին հայ տղամարդկանց, և ընտանիքներում մայրը մնում էր միայնակ՝ ստիպված պաշտպանվել իր և իր զավակների կյանքը։ Երգի մեջ որսկանը խորհրդանշում է թուրք հրոսակներին, որոնք փնտրում և սպանում էին թե՛ մորը, թե՛ նրա զավակներին։

Այս երգը, իր սրտառուչ խոսքով և երաժշտությամբ, համարվում է Աշուղ Ջիվանու ստեղծագործական ժառանգության կարևոր մասերից մեկը՝ ներկայացնելով ոչ միայն նրա անձնական ապրումները, այլ նաև հայ ժողովրդի ապրած ծանր ժամանակաշրջանը։

Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին  
Պտտվում են քո խեղճ անձիդ վնասին,  
Գամփռներով, բարակներով միասին.  
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,  
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը ճրագով քեզի ման կուգա,  
Կուզե ձեռքերը քո արյունով լվա,  
Խղճալի, քո տեղյակ սար ու ձոր կուլա.  
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,  
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։
 

Որսկանը գութ չունի, կանե կրակը,  
Կամ քեզի կսպանե կամ քո զավակը,  
Զուր չի անցնի հրացանի գնդակը. 
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,  
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ,  
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,  
Դուրս մի ելներ խիտ անտառից դու բնավ.  
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,  
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։
 

Ձորերը մի մտնիր, վտանգավոր է,  
Որսկանը ման կուգա, այնտեղ սովոր է։  
Քարայրից խփելով քեզ կըգլորե,  
Փախիր, այծյամ, փախիր, որսկանն է գալիս,  
Ձագուկներդ տխուր լալիս են, լալիս[2]։

Երգի հայտնի կատարումներից է Փառիկ Նազարյանի կատարումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վազգէն երգարան. Տպարան "Հայրենիք"ի. 1901.
  2. «Jivani (Serob Bangoyan-Levonian) - Փախիր, այծյամ (Pakhir, aytsiam) lyrics». lyricstranslate.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]