Ցերկոսպորոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցերկոսպորոզներ, բույսերի հիվանդություններ, հարուցիչները Cercospora սեռի սնկեր են, որոնք տարածվում են վեգետացիայի ընթացքում, ձմեռում վարակված բույսերի մնացորդներում հողի մակերևույթին կամ վերին շերտերում հաստացած հիֆերի կուտակումների ձևով։ Առավել վնասակար և տարածված են ճակնդեղի, կարտոֆիլի, պտղատու կուլտուրաների, խաղողի ցերկոսպորոզներ։ Ճակնդեղի և կարտոֆիլի տերևների, ցողունի վրա առաջանում են կլորավուն կամ երկարավուն գորշ կամ կարմիր երիզով մոխրագույն բծեր։ Կարտոֆիլի հիվանդ տերևները ծածկվում են մոխրամանուշակագույն փառով, հաճախ չորանում են։ Տերևների վնասված մասի մահացման պատճառով ճակնդեղի արմատապտուղների բերքը և շաքարայնությունը, ինչպես նաև կարտոֆիլի պալարների բերքն ու օսլայի պարունակությունը նվազում է։ Պայքարի միջոցները, ճակնդեղի և կարտոֆիլի բերքահավաքից հետո դաշտի մաքրում, ճակնդեղի առաջին տարվա ցանքերի մեկուսացում սածիլվող սերմնաբույսերից։ Սնուցում ֆոսֆոր կալիումական պարարտանյութերով, սրսկում 1%-անոց բորդոյան հեղուկով կամ դրա փոխարինիչներով (2-3 անգամ)։ Պտղատու կուլտուրաների տերևների վրա առաջանում են տարբեր չափի, ձևի և գույնի բծեր՝ սնկի սպորակիրներով։ Խաղողի վնասված տերևները և հատապտուղները թափվում են։ Պայքարի միջոցները․ բույսերի վնասված մասերի և թափված տերևների ոչնչացում, ճյուղերի էտման, սրսկում 1%-անոց բորդոյան հեղուկով (2-3 անգամ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։