Տրամաբանականը և պատմականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրամաբանականը և պատմականը, փիլիսոփայական կատեգորիաներ, որոնք արտահայտում են պատմական պրոցեսի երկու կողմերը։ Ըստ մատերիալիստական դիալեկտիկայի, տրամաբանականը պատմական զարգացումը պայմանավորող օրինաչափ կարգն է, որը ճանաչողության (գիտության) մեջ գիտակցվում է որպես պատմական երևույթների հաջորդափոխության օբյեկտիվ տրամաբանություն։ Իսկ պատմականը իրերի կոնկրետ ընթացքն է, եզակի երևույթների իրական բազմազանությունը ժամանակի մեջ։ Պատմության օբյեկտիվ տրամաբանությունը որպես պատմական անհրաժեշտություն, սակայն, նախապես տրված մի հենք չէ, որի համաձայն իրականանում է պատմության կոնկրետ ընթացքը։ Այն ոչ թե դրսևորվում, այլ ինքը կազմավորվում է կոնկրետ եղելությունների բազմազանության մեջ, նրանց փոփոխության ու զարգացման ընթացքում։ Այսպիսի ըմբռնմամբ, պատմական երևույթները չեն նսեմացվում, դարձվում պատմական անհրաժեշտության սոսկական երևութացումներ, այլ պահպանում են իրենց ինքնուրույն արժեքն ու անկրկնելի նշանակությունը։ Գիտական հետազոտության մեջ տրամաբանականը և պատմականը ներկայանում են իբրև միմյանց լրացնող մեթոդներ, անհնար է երևույթների զուտ պատմական նկարագրություն առանց դրանց ընտրության, արժեքավորման և հաջորդափոխության սահմանման սկզբունքի, իսկ տրամաբանականը նույն պատմականն է՝ վերացարկված իր կոնկրետությունից, առարկայի մտավոր կառուցումն է հասկացությունների համակարգի ծավալման միջոցով։ Ամեն մի բարձր զարգացած ամբողջություն կարող է ելակետ դարձվել իր պատմության ընթացքի վեր հանման համար, եթե ճանաչված են այդ ամբողջության կառուցվածքի և գործողության օրինաչափությունները՝ նրա ներքին տրամաբանությունը։ Ըստ այդմ կարող է կատարվել պատմության (այդ ամբողջության գոյացման ընթացքի) վերակառուցում՝ ազատված այն կոնկրետ եղելություններից, որոնք պատահական են տվյալ ամբողջության կազմավորման տեսակետից։ Այսպես, կապիտալիզմի, որպես ապրանքային արտադրության զարգացման բարձրագույն աստիճանի, վերլուծությունը Կ․ Մարքսը դարձրել է ելակետ միաժամանակ նաև ապրանքային արտադրության զարգացման պատմական ընթացքի տրամաբանորեն շտկված շարադրանքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 75 CC-BY-SA-icon-80x15.png