Տնտեսական մոդելավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական մոդելավորում, ուսումնասիրվող (կամ կառավարվող) օբյեկտի վերացական մոդելի կառուցման միջոցով տնտեսական համակարգերի հետազոտման մեթոդ։ Ենթադրում է օբյեկտի ուսումնասիրություն, մոդելի կառուցում և փորձարարական կամ տեսական վերլուծություն։ Արդյունքում ստացվում են հետազոտվող օբյեկտի մասին քանակական և որակական տվյալներ։ Տնտեսական համակարգերի մաթեմատիկական մոդելի և կիբեռնետիկական մոդելների միջոցով հետազոտվում են այդ համակարգերի գործունեության սկզբունքները, կատարվում է տեսական դրույթների ստուգում և ճշգրտում ըստ որոշակի չափանիշի՝

  • զարգացման տարբերակների հնարավոր բազմություններից լավագույնի ընտրություն
  • տնտեսական համակարգի կառուցվածքի, զարգացման դինամիկայի, կայունության, մակրոէկոնոմիկայի պարամետրերի հարաբերակցության
  • արժեքային ցուցանիշների որոշում և այլն։

Տնտեսական համակարգերի օպտիմալ կառավարման խնդիրները լուծելիս այս մեթոդով որոշվում են աշխատանքային, նյութական, բնական ռեսուրսների չափերը, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի մակարդակը բնութագրող պայմանները՝ ժամանակի յուրաքանչյուր պահի համար։ Մոդելավորման միջոցով պլանի օպտիմալացումը ապահովում է տնտեսական զգալի արդյունք։ էկոնոմիկական մոդելավորման արդյունավետությունը որոշվում է օբյեկտի մասին ելակետային դրույթների գիտական հիմնավորվածությամբ, ինչպես նաև դրա էական բնութագիրը հետազոտողի կողմից առանձնացնելու հմտությամբ։ Էկոնոմիկական բարդ համակարգերի հետազոտության համար օգտագործվում են առավելապես մաթեմատիկական մոդելներ։ Տնտեսամաթեմատիկական մոդելները լինում են 2 տեսակի՝ կառուցվածքային և ֆունկցիոնալ։ Կառուցվածքային տնտեսամաթեմատիկական մոդելները նախատեսում են իրական համակարգի և տարրերի միջև կապերի հետազոտման համար։ Ֆունկցիոնալ տնտեսամաթեմատիկական մոդելները նախատեսում են տարբեր իրավիճակներում համակարգի վարքի ուսումնասիրության համար։

Տնտեսական մոդելավորման փուլերն են՝

  1. Խնդրի դրվածք- այս փուլում որոշվում են հետազոտության նպատակները։
  2. Մոդելի կառուցում- սկզբում կառուցվում են նախնական մոդել, այնուհետև ցիկլիկ ձևով ճշգրտվում է այդ մոդելը։
  3. Մոդելի հետազոտում- այս փուլում դրվում են որոշակի խնդիրներ, որոնք լուծելով կատարվում է մոդելի հետազոտություն և տեղեկատվության ստացում. խնդրի լուծման համար օգտագործվում են մաթեմատիկական հայտնի անալիտիկ կամ թվային մեթոդներից, կամ էլ մշակում են նշված տիպի նոր մեթոդներ։
  4. Ստացված տեղեկատվության տարածում իրական համակարգի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 664