Jump to content

Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Բարեկամության տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարեկամության տուն

Վաղուց անհրաժեշտություն էր դարձել քաղաքամայր Երևանում ունենալ մեծ ընդգրկման միջոցառումների համար համալիր մի կառույց միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, փառատոներ անցկացնելու համար: «Բարեկամության տունը», ինչպես նախատեսված էր անվանել այն, դառնալու էր մշակութային և վարչական մի կենտրոն` Սովետական Հայաստանի և սփյուռքի մերձեցմանը, կապերի ամրապնդմանը նպաստող ինքնատիպ կենտրոն: Հայտարարվեց “Բարեկամության տան” նախագծերի մրցույթ: Հայաստանի ճարտարապետների միության և Երքաղգործկոմի ներկայացուցչական ժյուրին առաջին կարգի մրցանակը շնորհեց “Երևաննախագիծ ինստիտուտի” ութերոդ ճարտարապետական արվեստանոցի նախագծին, որի գլխավոր ճարտարապետն էր Մարտին Զաքարյանը: Նրա արվեստանոցում էլ “Սովետական Հայաստան” թերթի թղթակից Ալ. Մարգարյանը ծանոթացավ նախագծի հետ:

«Բարեկամության տունը», - ինչպես պատմում է Մարտին Զաքարյանը, -նախատեսվում է կառուցել այնտեղ, ուր գլխավոր պողոտան հատում է Տերյան և Տեր-Գաբրիելյան փողոցներն ու Լենինի պողոտան: Համալիրի տեղն ընտրված է Երևանի կենտրոնի կառուցապատման գլխավոր հատակագծի համաձայն:

Բարեկամության տունը նախագծելիս առաջին հերթին հավատարիմ ենք մնացել ազգային ճարտարապետության ավանդույթներին: Շենքն ունենալու է 200 մետր երկարություն և 36 մետր լայնություն:

Հինգ հարկանի համալիրի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են հասարակական-մասսայական նշանակության օբյեկտների համար: Շենքի մշակութային հատվածը տրամադրվելու է ցուցասրահներին ու հանդիսասրահներին, որտեղ կգործեն երեք դահլիճ` 900 տեղանոց համերգային, 250 տեղանոց կինո և 250 նստատեղով կամերային դահլիճներ: Մեծ դահլիճի հանդիսասրահը ծառայելու է գիտաժողովների, փառատոների, համերգային ու թատերական ներկայացումների և բազմաբնույթ այլ միջոցառումների նպատակին: Ցուցասրահային հատվածը նախատեսված է գեղանկարչական, քանդակագործական, կիրառական արվեստի աշխատանքների ցուցադրության համար: Այստեղ կգործի նաև մշտական թանգարանը, որտեղ կհանգրվանեն սփյուռքից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ստացվող մշակութային արժեքները: Մշակութային հատվածում կգործեն, ստուդիաներ, ձայնադարանը, տեսադարանն ու ինֆորմացիայի կենտրոնը, որտեղ կկենտրոնացվեն տեղեկություններ Սովետական Հայաստանի մասին:[1]

Նորակառույցի երեք հարկերում կտեղավորվեն սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն` իր խմբագրություններով, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի սփյուռքագիտության բաժինը: Այստեղ կտեղավորվի նաև արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությունը:

«Բարեկամության տունը» կունենա նաև իր 50 տեղանոց հարմարավետ հյուրանոցը, հանգստի և ժամանցի գոտիներն ու սենյակները, հայկական խոհանոց-ռեստորանը, սրճարանը և այլ հարմարություններ:

Շենքի ներքին բակը կամ ձմեռային այգին ունենալու է տանիքային լուսավորություն, որը շքեղ տեսք կհաղորդի շատրվաններին ու կանաչ տարածություններին: Համակառույցի բակի ներսը, նրա հարկերը կհիշեցնեն կողք-կողքի կառուցված տներ ու կամարապատ պատշգամբներ: Հարկերը միմյանց հետ կկապվեն դարավանդաձև, որոնց սրահները կբացվեն դեպի գլխավոր պողոտա:[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Սովետական Հայաստան» թերթ, մայիսի 22, 1987 թ.