Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Արփա-Սևան ջրատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան ջրատար

Սևանի փրկությունը սերտորեն կապված է սովետական երեք ղեկավարների անվան հետ` Յա. Զարոբյան (այժմ ջրատարը կոչվում է նրա անունով), Ա. Քոչինյան, Կ. Դեմիրճյան: Զարոբյանի ժամանակ որոշում ընդունվեց (1961թ. օգոստոսի 12), և սկսվեց շինարարությունը, Քոչինյանի օրոք կառուցվեց թունելի զգալի մասը, Կարեն Դեմիրճյանի ժամանակ թունելի շինարարությունն ավարտվեց և հանձնվեց շահագործման: Ընդհանուր առմամբ, շինարարությունը տևեց 17 տարի: Արփա-Սևանը համաժողովրդական կառույց էր հայտարարվել, և տիտանական աշխատանք էր կատարվել:

48.3կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատարը բացվեց 1981թ. մարտի 21-ին: Ծովինար գյուղում թունելի բացման ժամանակ տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքում Կարեն Դեմիրճյանն ասաց.

«Նրա եզակիությունը միայն նրա երկարությունը և այն պայմանները չեն, որոնցում իրականացվել է շինարարությունը: Երկրի բազմաթիվ գիտահետազոտական, նախագծային և շինարարական կազմակերպությունների օգնությամբ այստեղ փայլուն լուծումներ են ստացել ստորերկրյա շինարարության մի շարք բարդ խնդիրներ: Մշակվել և ներդրվել են ապարի և գազի անսպասելի արտանետումների պայմաններում հորատանցման տեխնոլոգիա, թունելների հարդարման այնպիսի կոնստրուկցիաներ, որոնք ունակ են դիմանալու լեռնային հսկայական ճնշումներին, լուծված է խոր և երկարաձիգ հորատանցքերի օդափոխման դժվարագույն խնդիրը»:

Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ միայն Արփա գետը չի կարող ապահովել լճի մակարդակի անհրաժեշտ բարձրացումը, Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1981 թվականի ապրիլի 20-ին հաջողվեց ստանալ երկրորդ որոշումը` նախագծելու և կառուցելու 22կմ երկարությամբ ստորգետնյա ջրանցք՝ Որոտան գետի ջրերը անհրաժեշտ քանակով Արփա գետի հունը տեղափոխելու մասին:

1990թ. հորատանցվել էր 19.7կմ, այնուհետև ջրանցքի շինարարությունը դադարեցվել էր: Աշխատանքները վերսկսվեցին միայն 2001թ.: Ջրանցքը շահագործման հանձնվեց 2004թ. ապրիլի 20-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]