Jump to content

Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Անհայտ զինվորի գերեզմանը և Հերոսների ծառուղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհայտ զինվորի գերեզմանը և Հերոսների ծառուղին

Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները` վետերաններն ու հերոսները, մշտապես եղել են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, արժանացել հարգանքի և բարձր պատիվների:

Կարեն Դեմիրճյանը 1984թ. հուլիսին հերթական այց էր կատարում Ծիծեռնակաբերդ` հետևելու եղեռնի հուշարձանի նորոգման ընթացքին, այնտեղ էլ Երևանի քաղսովետի նախագահ Մուրադ Մուրադյանին ասաց.

«Եկող տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակը, պետք է այժմվանից զբաղվել Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի գերեզմանի վերակառուցման հարցերով, այնպես, որ աշխատանքներն ավարտված լինեն 1985թ. մայիսի 9-ին: Բացի այդ, բարեկարգել Հաղթանակի զբոսայգին, նորոգել Հայրենական Մեծ պատերազմի պատմության թանգարանը»:

Անհայտ զինվորի գերեզմանի և Հաղթանակի զբոսայգու վերակառուցման նախագծային աշխատանքները հանձնարարվեցին ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանին և Անահիտ Նավասարդյանին: Կարեն Դեմիրճյանի մտահղացման համաձայն որոշվեց Հերոսների ծառուղու մի կողմում դնել Խորհրդային Միության հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարեր, իսկ մյուս կողմում արծաթափայլ եղևնիներ տնկել: Անիի հանքավայրից բերված տուֆ քարերի վրա՝ յուրաքանչյուրի ծավալը 5-8 խմ, փորագրվեցին ԽՍՀՄ 106 հայ հերոսների և կրկնակի հերոսների անունները` երիզված ազգային զարդանախշերով: Ծառուղին, որ տանում է դեպի Հաղթանակի հուշարձան և Անհայտ զինվորի գերեզման, շատ տպավորիչ տեսք ստացավ:

Վերակառուցվեց նաև Անհայտ զինվորի գերեզմանը և բարձր ճաշակով ձևավորվեց Լալվարից բերված գրանիտով:

Բարեկարգվեց և կանաչապատվեց Հաղթանակի զբոսայգին, տարածքը սալարկվեց գեղարվեստական բետոնասալիկներով, այգին թարմացվեց նորատունկ ծառերով և ավելացվեց ջրային մակերեսը: Վերանորոգվեց նաև Հայրենական Մեծ պատերազմի պատմության թանգարանը:

1985թ. մայիսի 9-ին` Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը, տեղի ունեցավ Հերոսների ծառուղու և Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի հանդիսավոր բացումը:

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել կոդը]

Մուրադ Մուրադյան, Երևանի քաղաքապետեր, Երևան, 2012

Աշոտ Ալեքսանյանի անձնական արխիվ