Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Սուրբ Սարգիս եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ (1700-ական թթ)

Ձորագյուղի անապատը գտնվում էր Հրազդանի կիրճի բարձրադիր ափին` Խնկելաձորից վերև, դեպի Կոնդի բլուր տանող ճանապարհի սկզբում: Այն երկար տարիներ հանդիսանում էր Երևանի թեմական առաջնորդարանի կենտրոնը: Մինչև 1679թ. ավերիչ երկրաշարժը այն պարսպապատ, բազմաթիվ շենքերով և մի քանի եկեղեցիներով վանական համալիր էր: Անապատը նաև կաթողիկոսների համար իջևան էր` իր առանձին կաթողիկոսական ` Սբ Գևորգ եկեղեցիով: 17-րդ դարում Էջմիածնի վանքը գրեթե ավերակ էր և անմարդաբնակ. այդ էր պատճառը, որ կաթողիկոսները բնակվում էին Երևանում: 1700-ական թվականներին, եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին /1691-1705թթ./ վերակառուցվում են ավերված համալիրի շինությունները, նաև Սբ Սարգիս եկեղեցին: [1]

Ձորագյուղի անապատն ուներ չորս բաժանմունք. կաթողիկոսական իջևանը` առանձին պարիսպով, տեղավորված էր Հրազդանի զառիթափի գլխին, սրանից հյուսիս գտնվում էր Սբ Հակոբ եկեղեցին` շրջապատված բազմաթիվ սենյակներով, կառուցված Հակոբ Շամախեցի հայրապետի կողմից, օտար վաճառականների համար: Այս եկեղեցին հետագայում դարձել է հասարակ ժողովրդի համար աղոթատեղի: Անապատի արևելյան մասում տարածվում էր ծառաշատ այգի, իսկ մյուս կողմում` Սբ Սարգիս եկեղեցին` կառուցված Նահապետ կաթողիկոսի օրոք: [2]

Ձորագյուղի անապատից պահապանվել է միայն այժմ գործող Սբ Սարգիս եկեղեցին, որը վերակառուցվել է 1835-1842թթ. ընթացքում` նույնանուն հին եկեղեցու փոխարեն, թեմի առաջնորդ Շահխաթունյանցի օրոք: Այն բոլորովին նոր հիմքերով, նախորդից ավելի մեծ կառույց է:

20-րդ դարում, դառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ, արտաքին անշուք տեսքով չէր համապատասխանում իր նշանակությանը: Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի հրամանով եկեղեցին 1971-1976թթ վերակառուցվում է /ճարտ. Լ. Իսրայելյան, Ա. Գալիկյան/: Արտաքին ճակատները երեսապատված են Անիի նարնջագույն տուֆով: [3]

Եկեղեցին վերակառուցվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի նվիրատվությամբ: Օծվել է 1976թ. նոյեմբերի 3-ին, որի ժամանակ Վազգեն Ա կաթողիկոսը նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի մի նոր սրբավայրով»:

2000թ. նոյեմբերի 2-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից օծվել է Սբ Սարգիս եկեղեցուն կից նորակառույց զանգակատունը: Այն ունի քանդակազարդ շքամուտք` Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու նմանությամբ, իսկ ներքուստ զարդարված է հարթաքանդակներով` Արենիի Սբ Աստվածածին եկեղեցու նմանությամբ /քանդակագործ Ս. Դադոյան, Մ. Հարությունյան/: [4]

Կառուցապատման ժամանակացույց[խմբագրել կոդը]

  • 1889թ.Սբ Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է կառուցել հոգևոր սեմինարիայի շենքը:
  • 1905թ. Երևանի կոնսիստորիան շինարարական բաժնին է ներկայացնում Սբ Սարգիս եկեղեցու վերակառուցման աշխատանքների նախագիծը (նահանգային ինժեներ Ֆոն Դեր Նոնե):
  • 1949թ. Սբ Էջմիածնի հոգևոր գերագույն խորհրդը միջնորդագիր է ներկայացնում Երևանի քաղգործկոմին` թույլտվություն ստանալու Սբ Սարգիս եկեղեցու կողմից օգտագործել քանդվող Կաթողիկե -Սբ Աստվածածնի քարերը՝ պարիսպ կառուցելու համար: [5]

Լուսանկարներ[խմբագրել կոդը]

  1. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Sarkis_Church1.jpg
  2. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Sarkis_Church2.tif
  3. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Sarkis_Church3.tif

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան 2003
  2. Կարո Ղաֆադարյան, Երևան. Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան 1975
  3. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971
  4. Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
  5. ԱԱ ֆ. 1063, ֆ. 409, ց. 1, ֆ. 107, ց. 1, ֆ. 94, ց. 3