Jump to content

Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Կաթողիկե եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթողիկե սբ Աստվածածին եկեղեցի, 12-13-րդ դարի եկեղեցի, գտնվում է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: 1679թ. երկրաշարժից ավերված Կաթողիկե եկեղեցին վերակառուցելու ժամանակ Սբ Աստվածածին մատուռն ամփոփվում է ավագ խորանում, որը 1935թ. քանդումների ընթացքում բացվում է և պահպանվում: 2009թ. հուլիսի 4-ին Կաթողիկե-սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ Հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ:

Կաթողիկեն գտնվել է Երևանի Հին թաղ կամ Շահար կոչված մասում, որտեղ հայերի հետ միասին ապրել են նաև մահմեդականներ: Այն կառուցվել է 1679թ. մեծ երկրաշարժից կործանված հին եկեղեցու տեղում, որն ըստ 13-14 րդ դարերի արձանագրությունների «Երևանոյ ժամատեղիք» անունն է կրել:[1]

Կաթողիկե - Սբ Աստվածածինը իրենից ներկայացրել է արտաքուստ ուղղանկյուն հատակագծով շինություն, որը ուներ չորս հաստ սյուներով եռանավ սրահ և արտաքին պատերին նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ, հարավային դռան առջև` գավիթ, որը, ըստ արձանագրության, նորոգվել է 1860թ.: Կաթողիկեի հին շինությունն ունեցել է նաև ժամատուն, որը կառուցել է երևանցի բարերար Արզումբեկի որդի Խոջա Գրիգորը: Վերջինս եկեղեցուն նվիրել է ձեռագրեր, թանկարժեք եկեղեցական իրեր: 1652 թ. գրված ձեռագիր ՙՅասմաւուրի՚-ի հիշատակարանում գրված է. ՙԵւ շինեաց (Խոջա Գրիգորը) զկաթուղիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք և ետ ընծայս եկեղեցւոյ մեկ յասմաւուր, մեկ ճաշոց, մեկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մեկ ատենի սաղմոս, մեկ զառբաբ շուրջառ իր զգեստովն, մեկ արծաթե բուրվառ, մեկ ջահ, չորս թուջի կանթեղ,…՚: [2]

Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները: Այստեղ է գրվել Առաքել Դավրիժեցու պատմության ընդօրինակումը` երևանցի ձեռագրեր ընդօրինակող գրիչ Ավետիք երեցի կողմից: [3]

Կաթողիկեն ներքուստ իրենից ներկայացնում էր չորս սյուներով երեք թաղի բաժանված մեծ սրահ, որոնցից միջինի արևելյան մասում գտնվում էր մեծ խորանը կամ սեղանը: Վերջինս իր ներքին հատակագծով առավել նման էր փոքր գմբեթարդ զանգակատան, որն իր պատերով և գմբեթի մի մասով մխրճված էր եկեղեցու սրահի մեջ, միևնույն ժամանակ տարբերվում էր պատերի շարվածքով: Սեղանի ներքին տեսքը նունպես առանձին կառուցված եկեղեցի էր հիշեցնում` նման 13-14րդ դարի կառույցներին: Պատահական չէ, որ արևելյան խորանը առանձին անունով կոչել են Սբ Աստվածածին: Երվանդ Շահազիզը մեջ բերելով Շարդենի հիշատակությունը Սբ Աստվածածին եկեղեցու մասին գրում է, որ օտարերկրյա ճանապարհորդն այն անվանել է ՙԿաթովիկ՚: Եկեղեցին կործանվել է 1679թ. մեծ երկրաշարժից, վերակառուցվել է 1693թ., ինչի մասին վկայում է արևմտյան պատին ագուցված խաչքարի արձանագրությունը` «ՙՅիշատակ է խաչս Օհանիսի որդի Աղամալին թվ. ՌՃԽԲ /1963/՚»: [4]

Կաթողիկեի կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումը իրականացավ 1936թ., երբ Երևանի նոր հատակագծի և փողոցների բարեկարգման նախագծով որոշվել էր քանդել եկեղեցին: Քանդման աշխատանքները իրականացվել են հնագետների հսկողության ներքո` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: Քանդումների արդյունքում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որի հարավային պատի արձանագրությունը վկայում է, որ 1264թ. Երևանը հողով ու ջրով գնվել է ոմն Սահմադինի կողմից: Հաշվի առնելով, որ կառույցը Երևանի միջնադարյան պատմության եզակի կանգուն հուշարձաններից է, որոշվում է պահպանել, վերանորոգել եկեղեցին, մաքրել և բարեկարգել շրջապատը /վերականգնող` Հ. Գասպարյան/: Երկար տարիներ մատուռը ծվարել էր ԳԱ Լեզվի ինստիտուտի բակում: 2008թ. սկսվել են շինարարական նոր աշխատանքներ, որոնց արդյունքում Լեզվի ինստիտուտի շենքը քանդվել է և գողտրիկ եկեղեցին տեսանելի է բոլոր կողմերից: [5]

2009թ. հուլիսի 4-ին Կաթողիկե - Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ:

Կառուցապատման ժամանակացույց

[խմբագրել կոդը]

Կաթողիկե եկեղեցի, 13-րդ դար, գմբեթարդ կառույց` ուղղանկյուն հատակագծով 1642թ. կցակառուցվել է եռանավ բազիլիկ տիպի նոր եկեղեցին 1936թ. քանդվել է կցակառույց եկեղեցին 1950թ. կատարվել են վերականգնման աշխատանքներ:

Լուսանկարներ

[խմբագրել կոդը]
  1. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike01.jpg
  2. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike02.jpg
  3. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike03.jpg
  4. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike04.jpg
  5. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike05.jpg
  6. https://commons.wikimedia.org/wiki/File:Katoghike06_(cropped).jpg

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]
  1. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան 2003
  2. Կարո Ղաֆադարյան, Երևան. Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան 1975
  3. Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
  4. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971
  5. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1063, ֆ. 409, ց. 1