Jump to content

Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի 2750-ամյա տոնակատարության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նախ, որպես նախաբան ուզում ենք նշել, որ 1968թ. հոկտեմբերին տեղի ունեցած այս իրադարձությունն իր արձագանքներն ունեցավ ողջ աշխարհում՝ ամենուր, ուր հայ կար՝ նշվելով Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Մարսելում, Լիոնում, Մոնրեալում, Նյու-Յորքում, Կահիրեում, Բեյրութում, Հալեպում, Թեհրանում և այլն:

Դեռևս մեկ տարի առաջ՝ 1967թ. նոյեմբերին, տոնակատարությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեց կառավարական հանձնաժողով՝ Բադալ Մուրադյանի գլխավորությամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ): Վերջինիս կողմից հանձնարարականներ տրվեցին նախարարություններին, Երևանի քաղաքային խորհրդին, պետական կոմիտեներին, մամուլի օրգաններին և այլն: Քաղխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Կարմիր բլուրի շրջակայքը՝ շուրջ 45 հա տարածք, կանաչապատվեց, դեռևս ապրիլին սածիլվեց 3 միլիոն ծաղիկ, Նոր-Արեշում տնկվեց 2000 ծառ, կանաչապատվեցին Արինբերդը, Էրեբունի փողոցը, Եռաբլուրը: Երևանցիներից շատերն էին ժամանակին իրենց բնակարաններում նախընտրում ունենալ «Էրեբունի» անունով գորգը: Կարծում ենք հետաքրքիր կլինի իմանալ, որ այդ գորգը նույնպես ստեղծվեց տոնակատարության օրերին, Երևանի «Հայգորգ» ֆիրմայի աշխատակից Հասմիկ Շահնազարյանի նախագծով: «Էրեբունի» անունով ժամացույց արտադրվեց Երևանի ժամացույցի գործարանում: Տոնի առիթով մշակույթի նախարարությունը և կոմպոզիտորների միությունը կազմակերպեցին Երևանին նվիրված երգերի մրցույթ, որին մասնակցեցին պրոֆեսիոնալ և ինքնուս բազմաթիվ կոմպոզիտորներ՝ ներկայացնելով շուրջ 43 ստեղծագործություն: Առաջին մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի» երգը (խոսք՝ Պ. Սևակի): Այսպես էլ ծնվեց քաղաքի հիմնը, որը սիրելի ու հոգեհարազատ է մեզ նաև այսօր: Հոբելյանի առիթով մեծ աշխատանք կատարեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները և շինարարական 10 կազմակերպություններ՝ վերականգնելով Արինբերդի և Կարմիր բլուրի շինությունները: Վերականգնվեցին Էրեբունի ամրոցի պարիսպները, մասամբ նաև տաճարի (Զիկուրատ) ճարտարապետական կառուցվածքը, նոր պեղումների ընթացքում հայտնաբերվեցին Արգիշտի 1-ի, Սարդուրի 2-ի և Ռուսա 3-ի արձանագրությունները, որոնք պատմում էին «Սուսի» տաճարի, ամբարների, շենքերի կառուցման մասին: Հուլիսին սկսվեց Կարմիր բլուրի 27-րդ գիտարշավը՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ: Բարեկարգվեց ամրոցի ողջ տարածքը, մասամբ վերականգվեց բազմահատվածանի շենքը՝ Մեգարոնը: Ափսոսանքով պետք է նշենք, որ այսօր այդ նվաճումները կորցրել ենք՝ տարածքը վերածելով աղբանոցի, և երիտասարդ սերունդը որպես հզոր ամրոց չի կարող ընկալել այն (Կարմիր բլուրի մասին մանրամասն կխոսենք իր տեղում): Քաղաքին իրենց ստեղծագործություններն էին նվիրում մեր հայտնի նկարիչները, քանդակագործները, գրողները, ճարտարապետները, դերասանները, երգիչները, և այլն: Իր նոր նատյուրմորտը քաղաքի հոբելյանին նվիրեց Մարտիրոս Սարյանը, որում պատկերված էին ուրարտական և ժամանակակից սափորներ՝ մի ժայռաբեկոր կազմած բազմերանգ ծաղիկների ու մրգերի հետ: «Հայաստան» հրատարակչությունը տպագրեց Հ. Խաչատրյանի «Էրեբունի» պատմավեպը՝ 20 000 տպաքանակով: [1]

Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան էկրան բարձրացրեց «Երևան» կինոնկարը, որը պատմում էր մեր հին ու նոր քաղաքի առօրյայի մասին: Կինոթատրոններում ցուցադրվեց նաև «Երևանյան էտյուտներ» ֆիլմը: Նույն ստուդիան «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի պատվերով նկարահանեց ֆիլմ Հայաստանի մասին: Ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակեց «Էրեբունի» աշխատությունը՝ նվիրված միջնաբերդի (Արինբերդ) ուսումնասիրություններին: Քաղաքի հոբելյանի առթիվ կարևոր նվեր ստացան զբոսաշրջիկները. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, քաղաքի տեսարժան վայրերով և տուրիստական երթուղիներով, 40 000 օրինակ տպաքանակով հրատարակվեց ուղեցույց-քարտեզ: Երևանին իր նվերն էր ուղարկել հեռավոր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի քաղաքապետը: Նա տեղեկացնում էր, որ իրենց քաղաքի հին թաղամասում գտնվող Սյուդադելայի դռով միշտ քաղաք են մտել հյուրերը: Քաղաքապետ Կառլոս Բարթոլոմե Էռերան Երևանին նվեր էր ուղարկել խորհրդանշական այս դռան բրոնզե մանրակերտը: Երևանի 2750-ամյակի առթիվ ԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկեց քաղաքի տեսարժան վայրերի պատկերներով դրոշմանիշներ և ծրարներ: Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները. «Հայ մշակույթն ուսումնասիրողների ակումբի» նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթօրյակներ Արինբերդում: Տնկվեց շուրջ 600 եղևնի, սալահատակվեց 200 քմ տարածք: Հոկտեմբերի 7-ին բացվեց հոբելյանական ցուցահանդես, որտեղ իրենց 400 աշխատանքներն էին ներկայացրել 120 ինքնուս վարպետներ: [2]

Քաղաքի հոբելյանին իր մասնակցությունն ունեցավ նաև կոնսերվատորիան: Բացվեց ցուցահանդես: Բացի դրանից խմբավարական ֆակուլտետի ուսանողները ակտիվորեն մասնակցեցին Է. Հովհաննիսյանի «Էրեբունի», Ա. Այվազյանի «Հայրենիք», և Մ. Եկմալյանի «Ով, հայոց աշխարհ» երգերի ուսուցմանը: «2750» մակագրությամբ հուշանվերներ՝ Արին-բերդի, Մատենադարանի պատկերներով սափորներ, ափսեներ և այլ իրեր թողարկեց հախճապակու գործարանը: Հետաքրքիր ցուցահանդեսներով հանդես եկավ նաև մայրաքաղաքի պատմության թանգարանը, որի ֆոնդերում ամփոփված է քաղաքի պատմության ամենահարուստ հավաքածուն: Այստեղ այսօր էլ հարուստ նյութ է ցուցադրվում քաղաքի պատմության տարբեր՝ Շենգավիթի, Կարմիր բլուրի, միջնադարի, նոր ու նորագույն շրջաններից: Երևանի քաղսովետի գործկոմի որոշմամբ Նոր Արեշ թաղամասի չորս փողոցներ միացվեցին մեկ լայն պողոտայի մեջ, որը կոչվեց Էրեբունի: Այս տարածքում բնակություն էին հաստատել մեծ թվով հայրենադարձներ: Մայրաքաղաքի կենտրոնական պողոտան, որն այն ժամանակ կրում էր Լենինի անունը (այժմ՝ Մաշտոցի պողոտա), լուսավորվել էր նոր, շքեղ ջահերով, զարդարվել ցայտաղբյուրներով և տուֆակերտ նախշազարդ ծաղկամաններով: Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը թողարկեց 2750-րդ խառատային հաստոցը: [2]

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հոբելյանական մակագրություններով այս հաստոցն ուղարկվեց Վիետնամի հանրապետություն: Հայ գինեգործներն ու կոնյակագործները հոբելյանը դիմավորեցին նոր արտադրանքով՝ լցված Երևանի տեսարժան վայրերի պատկերներով ճենապակե սափորների մեջ: Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հետաքրքիր ցուցահանդեսով հանդես եկավ նաև պետական համալսարանը: Այստեղ ցուցադրված բազմազան նյութի մեջ ուզում ենք առանձնացնել Երևանի պատմությանը նվիրված երկու աշխատություն՝ Թ. Հակոբյանի և Ա. Սիմոնյանի հեղինակությամբ: Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» չորս հատորներից բաղկացած աշխատանքը իսկական նվեր էր քաղաքի պատմությունն ուսումնասիրողների համար: Գիտական լուրջ ուսումնասիրությունների արդյունք այս աշխատությունը մնում է անգերազանցելի նաև մեր օրերում:[2] Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովում, որը բացվեց ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի խոսքով, հանրապետության գիտական մտքի ներկայացուցիչները՝ պատմաբաններ, գրականագետներ, հնագետներ և այլք, հանդես եկան Երևանի մասին հետաքրքիր զեկուցումներով: Քաղաքի հոբելյանին իր մասնակցությունն ունեցավ նաև մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ համալսարան): Այստեղ հոկտեմբերին կազմակերպվեց նստաշրջան, որտեղ Երևանին նվիրված հետաքրքիր թեմաներով հանդես եկան ուսանողները: Հետաքրքիր մրցույթ էին կազմակերպել Արփա-Սևան կառույցի շինարարները. նրանք թիվ 4 հորատանցքի երկարությունը հասցրեցին 2750 մետրի: Քաղաքի հոբելյանին իրենց նվերն էին պատրաստել նաև ավտոգործարանի աշխատավորները: Նրանց թողարկած «Երազ-762» երկու ավտոմեքենաները ներկայացվեցին հանրապետական մարզադաշտում, հոբելյանական տոնահանդեսի ժամանակ: Հոկտեմբերին «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց «Երևանյան քնար» հատընտիր ժողովածուն, որն ամփոփում էր սովետահայ բանաստեղծների Երևանին նվիրված ստեղծագործությունները: Ժողովածուն բացվում էր Ե. Չարենցի «Երևան» բանաստեղծությամբ: Հոբելյանական համերգաշար սկսեց Հայֆիլհարմոնիան, որը սկսվեց Գոհար Գասպարյանի հատուկ համերգով: Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգներով հանդես եկավ բեյրութահայ երգիչ Մանուել Մենենգիչյանը: Կազմակերպվեց գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, ընթերցվեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից: Տոնական համերգային ծրագրով հանդես եկավ պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ կատարելով հայ հեղինակների ստեղծագործությունները: Նվագախումբը և երգչախմբերը տոնակատարության օրերին կատարեցին Է. Հովհաննիսյանի «Էրեբունի» կանտատը: [1]

«Էրեբունի» երգը, որը դարձավ մեր քաղաքի հիմնը, առաջին անգամ, Հաղթանակի զբոսայգում կայացած համաքաղաքային երգի տոնի ժամանակ, կատարեց 2750 հոգուց բաղկացած երգչախումբը՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Նկարիչների տանը բացվեց հոբելյանական ցուցահանդես, որտեղ ներկայացված 400 գործերից յուրաքանչյուրում արվեստագետները ցանկացել էին իրենց մեծ նվիրումի մի մասնիկը ներդնել քաղաքի հոբելյանին: Հայ նկարիչների, քանդակագործների և կիրառական արվեստի վարպետների ցուցահանդեսը դիտելու նպատակով նկարչի տուն այցելեցին հանրապետության ղեկավարները: Հանրապետության հրապարակին հարող պուրակում սկսեցին ցայտել 2750 շատրվաններ՝ Երևանի շոգից զովացնելով բնակիչներին ու հյուրերին: Սփյուռքահայ կոմպոզիտորների և բանաստեղծների ստեղծագործություններից կազմված անմոռանալի համերգ տեղի ունեցավ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որը վարում էր սիրելի դերասանուհի Հրաչուհի Ջինանյանը: Հայաստանի գրողների տանը կազմակերպվեց հոբելյանական երեկո, որը բացեց վարչության քարտուղար, արդեն հայտնի բանաստեղծ Պարույր Սևակը:[2] Սերունդների հիշողության մեջ երկար մնաց հատկապես ծաղկի տոնը, որը կազմակերպվել էր Արինբերդի լանջին: Այս յուրահատուկ աշնանային տոնին ներկայացված էր շուրջ երեք հազար ծաղիկ: Տոնի մասնակից դպրոցականները կրում էին ծաղկեպսակներ: Այդ օրը Թբիլիսիից ոտքով Երևան հասան յոթ երիտասարդ՝ բերելով իրենց հետ յուրահատուկ նվեր՝ մի շքեղ մատյան, քաղաքին հղված ողջյունի տեքստով և 2750 թբիլիսահայերի ստորագրությամբ, որը հանձնեցին տոնակատարության օրերին բացված Էրեբունի թանգարանին: Ահա, այսպես, ողջ հոկտեմբերի ընթացքում, իրար հերթ չտալով, տեղի էին ունենում նմանատիպ միջոցառումներ, որոնք լցնելով մարդկանց սրտերը խինդ ու բերկրանքով, սիրով ու հարգանքով՝ իրենց հին ու նոր քաղաքի հանդեպ՝ վեր էին ածվել համաժողովրդական տոնակատարության (ինչպես նկատեց մեր ընթերցողը, մենք առանձնապես չդասակարգեցինք մեր հաղորդած տեղեկությունները, քանի որ դրանք բոլորը հավասարապես կարևոր ենք համարում): Կատարված գործերից գեղեցկացել ու շենացել էր քաղաքը, զարդարվել կանաչ այգիներով, սառնորակ ցայտաղբյուրներով, մաքուր փողոցներով ու բակերով:[1]

Հոբելյանական տոնակատարությանը մասնակցելու համար, տարբեր վայրերից Երևան էին ժամանել բազմաթիվ հյուրեր և նշանավոր հայորդիներ: Բացի դրանից, ինչպես արդեն նշել ենք հոդվածի սկզբում՝ նախաբանի մեջ, միջոցառումներ են կազմակերպվում նաև տարբեր երկրներում ու քաղաքներում, որոնցից ուզում ենք առանձնացնել հատկապես Մոսկվան՝ որպես Խորհրդային միության մայրաքաղաքի (այդ ժամանակ մեր երկիրը գտնվում էր ԽՍՀՄ-ի կազմում): Այստեղ կազմակերպվեց մամուլի կոնֆերանս, ցուցահանդես, Մոսկվայի համալսարանում՝ ցերեկույթ և համերգ: «Ուրարտու պետության առեղծվածը» թեմայով Գիտելիք ընկերությունում դասախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն՝ Բ. Պիոտրովսկին: Քաղաքի իշխանությունների որոշմամբ նորակառույց կինոթատրոնը՝ Դիմիտրովյան խճուղու վրա, կոչվեց «Երևան» և այլն: [1]

Տարիների խորքից, այսօր գուցե պարզունակ թվան մեր թվարկած միջոցառումներից շատերը, բայց դրանք, հիմնականում, նպատակ են ունեցել՝ մի կողմից բարեկարգել և զարգացնել քաղաքը, մյուս կողմից՝ դաստիարակել իրենց բնօրրանը սիրող արժանի քաղաքացիներ: [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Շողակն արարատյան» թերթ, 2017թ. սեպտեմբեր, Բ, թիվ 16
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Շողակն արարատյան» թերթ, 2017թ. հոկտեմբեր, Բ, թիվ 18