Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհում մետրոպոլիտենի սկիզբը դրվել է Լոնդոնում 1863թ.-ին: Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առաջին մետրոն կառուցվել է Մոսկվայում 1934թ.-ին: Անդրկովկասում մետրոն մուտք է գործել առաջինը Թիֆլիսում 1966թ.-ին, որն արդեն աշխարհում 35-րդն էր: Այս պատմական իրադարձությունը մեզանում (Երևանի մետրոպոլիտենի բացումը) տեղի ունեցավ 1981թ. մարտի 7-ին և մեկընդմիշտ կապվեց Կարեն Դեմիրճյանի հետ,որի անունն էլ այսօր իրավամբ կրում է:

Մետրոպոլիտենի միտքը ծագել էր ավելի վաղ` դեռևս 1962թ.-ին: Մտահղացումը և առաջարկությունը պատկանում էր Գրիգոր Հասրաթյանին, ով այդ ժամանակ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն էր: Առաջարկն արժանանում է այդ տարիններին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի հավանությանը, որից հետո սկսվում է այն կենտրոնի` այսինքն Մոսկվայի հետ համաձայնեցնելու դժվարին ու երկարատև գործընթացը: Սկզբում հաջողվում է ստանալ 4 կմ երկարությամբ « ստորգետնյա արագընթաց տրամվայ» կառուցելու թույլտվությունը, որի աշխատանքները կատարվեցին այնպիսի հեռատեսությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լիներ վերափոխել մետրոյի թունելները, որովհետև մետրոպոլիտենի կառուցման հարցը մնում էր օրակարգում: Նոր քննարկումները սկսվեցին 1970-ական թթ., երբ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր Կարեն Դեմիրճյանը: Խորհրդային Միությունում այդ տարիներին մետրո կառուցելու առաջին չափանիշը 1 միլիոն բնակչության առկայությունն էր, իսկ Երևանն ուներ շուրջ 800.000 բնակչություն: Այդ արգելքը հաղթահարելու համար Կ. Դեմիրճյանն ընտրում է հետևյալ ճանապարհը. նրա հանձնարարությամբ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Վ. Դանդուրովը մանրամասն ուսումնասիրություններից հետո` ելնելով Երևանի բնակլիմայական պայմաններից ու փողոցների ոչ բավարար լայնությունից, որի հետևանքով խոչընդոտներ էին առաջանում վերգետնյա տրանսպորտի անխափան աշխատանքի ասպարեզում, նոր առաջարկներ ու հիմնավորումներ է կատարում: Կ.Դեմիճյանը մեկնում է Մոսկվա` իր հետ տանելով Երևանի մետրոպոլիտենի կառուցման այս նոր գիտական հիմնավորումները[1]:

Շատ ջանքեր ու ժամանակ պահանջվեցին, մինչև մեր երկրի ղեկավարները կարողացան հասնել իրենց նպատակին: 1977թ. հոկտեմբերի 6-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում մետրոպոլիտեն կառուցելու մասին:

Սկսվեց բոլոր նախագծային ինստիտուտների ու շինարարական կազմակերպությունների դժվարին աշխատանքը: Բայց այն մեծ նվիրումը, որով մարդիկ գործի անցան, օգնեց հաղթահարելու բոլոր դժվարությունները: Մետրոյի շինարարությունը հայտարարվեց համաժողովրդական և ինտերնացիոնալ կառույց և որպես այդպիսին նրան մասնակցեցին ոչ միայն մեր հանրապետության, այլև ԽՍՀՄ մյուս հանրապետությունների շինարարները:

Այսօր մենք խորին հարգանքով և երախտագիտության զգացումով ենք հիշում այն մարդկանց` շինարարներին և պետական գործիչներին, ում հայրենանվեր աշխատանքի շնորհիվ կառուցվեց 20-րդ դարի Հայաստանի հզոր կառույցներից մեկը` Երևանի մետրոպոլիտենը: Սա թռիչքային զարգացում էր Երևանի տրանսպորտային շինարարության բնագավառում: Դեռևս 20-րդ դարասկզբին Երևանն իրենից ներկայացնում էր հին փոխադրամիջոցներով` կառքերով երթևեկելի քաղաք, քանի որ ձիաքարշը, որը շահագործման էր հանձնվել 1906թ. սեպտեմբերի 17-ին (հեղինակ` ինժեներ Վ. Միրզոյան) , ուներ ընդամենը երկու գիծ. առաջինը ներկայիս Շահումյան հրապարակի մոտից բարձրանում էր մինչև Աբովյան փողոցի վերջը, իսկ երկրորդը` Խորենացի փողոցից մինչև երկաթուղային կայարան: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ հին Երևանի այս փոխադրամիջոցը, որն իրենից ներկայացնում էր երկաթե ռելսերով ընթացող ծածկակառք` ներսում 5-6 շարք երկար նստարաններով, առջևում կառապանով, իսկ վերջում տոմսավաճառով ( մանրակերտը կարելի է տեսնել Երևան քաղաքի պատմության թանգարանում,այստեղ է պահվում նաև մետրոյի խորհրդանիշ բանալին), այնքան էլ լավ չէր աշխատում, որի պատճառով ժամանակի երգիծական մամուլում հաճախ քննադատության էր «արժանանում». «Ճռճռացող արաբա, ամեն բանդ խարաբ ա, ճամփի կեսին կանգնել ես, ոչ ճար կտաս, ոչ ճամփա»,- այսպես է գրել նրա մասին երգիծաբան Փալանդուզ Մկոն « Երևանյան հայտարարություններ » թերթում: Լավ, թե վատ, ձիաքարշը գործեց մինչև 1920թ.: Նրա դեպոն ու երկաթգծերը հետագայում օգտագործվեցին հաջորդ փոխադրամիջոցի` տրամվայի շահագործման մեջ, որը մեր մայրաքաղաք մուտք գործեց 1933թ.-ից և հարյուր հազարավոր երևանցիների համար, որպես հիմնական փոխադրամիջոց ծառայեց մինչև 2005թ.: 1937թ.-ից տրամվային միացավ ավտոբուսը, իսկ 1949թ.-ից` նաև տրոլեյբուսը, բայց նրանք բոլորը միասին, չէին կարողանում բավարարել օրեցօր զարգացող ու մեծացող Երևանի տրանսպորտային կարիքները: Այդ դերը վերապահված էր մետրոպոլիտենին, որն էլ 1981թ.-ից սկսած հաջողությամբ կատարում է այն[1]:

1981թ. մարտի 7-ին շահագործման էր հանձնվել մետրոպոլիտենի առաջին ուղեմասը հինգ կանգառներով` «Բարեկամություն», « Մ. Բաղրամյան», « Երիտասարդական»,« Հանրապետության հրապարակ», և « Սասունսի Դավիթ»: Հետագայում` մինչև 20-րդ դարի վերջը, մետրոն ընդգրկեց գրեթե ողջ Երևանը` մնացյալը թողնելով ապագային[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, 2003թ.