Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի հնագիտական պեղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրեբունի և Թեյշեբաինի[խմբագրել կոդը]

Այն մասին, որ ուրարտական (Վանի Արարատյան թագավորություն) Արգիշտի 1-ին արքան իր թագավորության հինգերորդ տարում քաղաք է կառուցել Էրեբ(վ)ունի անունով՝ հայտնի էր դարձել դեռևս 20-րդ դարի սկզբին, 1916թ. Վանում Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու կատարած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված Խորխորյան արձանագրությունից: Այստեղ հիշատակվում էր նաև 6600 հայալեզու ռազմիկների մասին, որոնց արքան տարել էր Ծուպա և Խաթե երկրներից ու բնակեցրել իր հիմնած քաղաքում: Սակայն քաղաքի տեղը արձանագրության մեջ չէր նշվում և հնագետները երկար ժամանակ չէին կարողանում գտնել այն: Էրեբունին հայտնաբերվեց միանգամայն պատահականորեն. Երևանի հարավ–արևելյան մասում գտնվող Արինբերդ բլրի ստորոտում 1879թ. նորքեցի Պապակ Տեր-Ավետիսյանը վար անելիս գտավ հղկված բազալտե քարի բեկոր՝ ուրարտերեն արձանագրությամբ, որն, իհարկե, ոչ ոք չկարողացավ կարդալ (Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը արձանագրությունը գտնելու պատիվը վերագրում է դարձյալ նորքեցի Նազար Մաթևոսյանին): Քարը երկար ժամանակ մնաց հողագործի տանը, հետագայում՝ 1894թ., այն ձեռք բերեց ռուս հնագետ Ա. Իվանովսկին, ով նշանավոր արևելագետ (խալդագետ) Մ. Նիկոլսկու հետ գտնվում էր Հայաստանում: Նրանք արձանագրությունը կարդացին այսպես. «Արգիշտի, որդի Մենուայի այս բերդը շինեց այս 10.100 քարից» և, բլրի վրա կարճատև պեղումներ կատարելով, եկան այն եզրակացության, որ այստեղ եղել են Վանի թագավորության ժամանակաշրջանի շինություններ, իսկ Նիկոլսկու կարծիքով՝ հենց այստեղ պետք էր փնտրել Արգիշտի արքայի կառուցած քաղաքը, միջուկը համարելով Արինբերդը[1]: Հետագայում, ուրարտագիտության զարգացման շնորհիվ այդ արձանագրությունն ավելի ճիշտ կարդալով՝ հնագետները հասկացան, որ խոսքը նշված քանակով քարից պատրաստված ցորենի պահեստի մասին է: Այնուամենայնիվ, մեր հիշատակած պատահական գյուտն ունեցավ շրջադարձային նշանակություն՝ մեկընդմիշտ այս տարածքի վրա գրավելով հնագետների ուշադրությունը: Եվ, չնայած երկարաժամկետ ու բուռն պեղումները սկսվեցին ավելի ուշ՝ 1950թ., բայց ձեռք բերվեցին անհերքելի ապացույցներ, որոնք հաստատեցին Էրեբունի-Երևան քաղաքի նույնությունը: Պեղումներն իրականացնող արշավախմբի կողմից, որը ղեկավարում էր ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը, հայտնաբերվեց 23 արձանագրություն: Առաջին անհերքելի ապացույցը գտնվեց 1950թ. սեպտեմբերի 25-ին: Դա Արգիշտի-1-ին արքայի երկրորդ արձանագրությունն էր, որը դարձյալ Էրեբունու կառուցման մասին էր և կրկնում էր Վանի արձանագրության տեղեկությունը. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեց, անվանեց Էրեբունի, Բիայնիլիին ի հզորություն, թշնամիներին ի սարսափ… »[1]: Վերոհիշյալ արձանագրություններից բացի Թեյշեբաինի բերդաքաղաքից, որի մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, գտնվել էր ևս մեկը՝ արված բրոնզե կլոր պատվանդանի վրա, որտեղ խոսվում էր Արգիշտի արքայի պատրաստած և իր տիրոջը՝ Խալդ աստծուն նվիրած «Շաէ» արձանիկի մասին` ընդգծելով քաղաքի կառուցման փաստն ու կարևորությունը: Այսպիսով, Երևանի հիմնադրումը Արգիշտին հաստատում է միանգամից երեք արձանագրություններով: Անչափ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հնագետները հստակորեն որոշեցին քաղաքի հիմնադրման թվականը՝ դա տեղի էր ունեցել ք. ա. 782թ., Արգիշտի 1-ինի թագավորության 5-րդ տարում: Արինբերդի շրջակայքից հողի շերտերը հեռացնելով հնագետները հողի տակից վեր հանեցին ժամանակաշրջանին բնորոշ բերդաքաղաք, որի գագաթին միջնաբերդն էր՝ շրջապատված ամուր պարիսպով: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Էրեբունին իր միջնաբերդով զբաղեցրել է 150 հա տարածք և կազմել է մեր հինավուրց քաղաքի միջուկը: Ճարտարապետները հայտնաբերեցին նաև բազմաթիվ նմանություններ Էրեբունու և մեր հիշատակած մեկ այլ բերդաքաղաքի՝ Թեյշեբաինիի միջև, որը գտնվել է Երևանի հարավ-արևմուտքում և մինչև պեղումները՝ ծածկված լինելով այրված կավի կարմրավուն շերտով, ժողովրդի կողմից ստացել էր Կարմիր բլուր անունը: Սիմեոն Երևանցու «Ջամբռ» աշխատության մեջ այդ վայրը կոչվել է Կավակերտ: Էրեբունու նման Թելշեբաինին նույնպես բացվեց պատահական գտածոյով. 1936թ. Չարբախ գյուղի դպրոցականները պատմության ուսուցչի ղեկավարությամբ հայրենագիտական էքսկուրսիայի ժամանակ Կարմիր բլուրի տարածքից հայտնաբերում են սեպագիր արձանագրությամբ բազալտի քարի բեկոր և հանձնում երկրաբան Դեմյոխինին, ով զբաղվում էր հնություններով, իսկ նա էլ հանձնում է պատմության թանգարանին: Արձանագրության վերծանումից պարզվեց, որ գրվել է Արգիշտի 2-ի որդի Ռուսա 2-ի կողմից[1]: Այս պատահական հաջողությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում: Որոշ ժամանակ անց, 1939թ. ակադեմիկոս, արևելագետ Բորիս Պիոտրովսկու, ով Հայաստան էր եկել 1930թ. Ն. Մառի առաջարկով, գլխավորած արշավախումբը սկսեց պեղումները Կարմիր բլուրում: Բազմապիսի ու բազմաթիվ առարկաների կողքին գտնվեցին մեծ քանակությամբ բրոնզե և երկաթե զենքեր՝ վահաններ, սաղավարտներ, զրահի մնացորդներ, սրեր, դաշույններ, որոնց մի մասի վրա սեպագրված էին իրար հաջորդած ուրարտական թագավորների՝ Արգիշտի 1-ի, Սարդուրի 2-ի և Ռուսա 1-ի անունները: Գտնվեցին Արգիշտի 1-ի սեպագիր վահանները՝ նվիրված Խալդ աստծոն: Հետաքրքիր հանգամանքներում գտնվեց բերդաքաղաքի հովանավոր, ուրարտական ռազմի և փոթորիկի աստված Թեյշեբայի 24 սմ բարձրությամբ արձանիկը: Այն հնագետները հողի տակից հանեցին 1941թ. հունիսի 22-ին: Թեյշեբան դրանով կարծես գուժում էր մոտալուտ պատերազմի լուրը (այդ օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա): Աշխատանքի ընթացքում աստիճանաբար հողի տակից հանվեցին տարբեր շինություններ՝ նախ մի մեծ շենք միջնաբերդում, որը բաղկացած էր 150 ենթաբաժիններից: Դրանք երկհարկանի շինություններ էին, որոնց առաջին հարկերը ծառայում էին որպես մառաններ, պահեստներ և շտեմարաններ, իսկ 2-րդ հարկը բնակելի սենյակներ էին և ընդարձակ դահլիճներ, որոնք լուսավորվում էին առաստաղից բացվող երթիկներով: Բացվեցին ցորենի, գարու մնացորդներով ամբարներ, գարեջրի, պանրի, քնջութի ձեթի պատրաստման արհեստանոցներ, նկուղներ՝ մեծ քանակությամբ կավե ամաններով, միայն գինու ութ մառաններ՝ որոշ չափով հողի մեջ թաղված 400 խոշոր կարասներով (40.000 դեկալիտր գինի տարողությամբ): Արձանագրություններից մեկում, որը գտնվել է Զվարթնոցի ավերակներից, Ռուսան խոսում է խաղողի ու պտղատու այգիների, ցանքադաշտերի մասին, որոնցով շրջապատել է քաղաքը և Իլդարունի (Հրազդան) գետից անցկացրած ջրանցքի մասին, որն անչափ կարևոր էր երկրի տնտեսական կյանքում: Ռուսայի կառուցած ջրանցքը հասել է մինչև մեր օրերը և հայտնի է որպես Էջմիածնի ջրանցք : 18-րդ դարում այն հայտնի էր Դալմայի առու անունով: 1698թ. Նահապետ կաթողիկոսը գնում է այն և վերականգնելով՝ հասցնում մինչև Էջմիածին: Այս մասին Սիմեոն Երևանցին գրում է. «…ջուր Դալմա ասացեալ՝ զոր ի Հրազդան գետո հանեալ բերեն ի սահմանս Աթոռոյո»: Կարմիր բլուրի պեղումներին մասնակցեցին ամենատարբեր մասնագիտությունների տեր գիտնականներ, որոնցից յուրաքանչյուրը մանրամասնորեն ուսումնասիրում էր իր ոլորտի գտածոները: Այսպես. երբ գինու կարասներից բացի հայտնաբերվեցին նաև մեծ քանակությամբ խաղողի մնացորդներ, հայտնի խաղողագործ Ս. Պողոսյանը պարզեց, որ դրանք մեր լեռնաշխարհում մշակվում են մինչև այսօր և մեր այգեգործներին հայտնի են «Երևան», «Ոսկեհատ», «Մսխալի», «Քիշմիշ» և այլ անուններով: Այսպիսի օրինակները բազմաթիվ էին որոնք ցույց են տալիս Արարատյան թագավորության բնակիչների անհերքելի կապն այնտեղ ներկայումս ապրողների՝ հայերի հետ, որոնք ժառանգել էին իրենց նախնիների ողջ նյութական մշակույթը: Բավական է միայն ավելացնել, որ ինչպես Էրեբունին, այնպես էլ Թեյշեբաինին և ուրարտական մյուս քաղաքները կառուցվել էին բլուրների վրա և դրանց լանջերին: Ճիշտ այսպես են կառուցվել նաև միջնադարյան հայկական քաղաքները՝ Արտաշատը, Դվինը, Կարինը, Կարսը, Անին և այլն: Արձանագրություններից պարզվեց, որ Թեյշեբաինին եղել էր նաև վարչական կենտրոն և կառուցվել էր Էրեբունուց մեկ դար հետո՝ երբ վերջինս կորցրել էր նախկին նշանակությունը: Կյանքն Էրեբունիում իհարկե կանգ չէր առել, բայց Ռուսայի ժամանակ գլխավոր քաղաքը Թեյշեբաինին էր, այստեղ նստում էր թագավորի կողմից ընտրված կուսակալը: Գտնվելով Էրեբունուց ընդամենը 8-10 կմ հեռավորության վրա և ավելի փոքր՝ ընդամենը 40 հա տարածք զբաղեցնելով հանդերձ՝ Թեյշեբաինին ռազմավարական տեսակետից ավելի նպաստավոր դիրքում էր և ավելի լավ էր պաշտպանված, այդ պատճառով էլ այստեղ էին տեղափոխվել Էրեբունու ողջ հարստությունը: Այստեղ էր տեղափոխվել մեր վերը նշած «Շահե» արձանիկն՝ իր արձանագիր պատվանդանով, Արգիշտի 1-ին արքայի դրվագազարդ վահանները և այլ սրբազան զենքեր: Սակայն իրադարձություններն այնպես են դասավորվում, որ Վանի Արարատյան թագավորության կենտրոն Տուշպայի անկումից հետո կործանվում է նաև Թելշեբաինին: Ասորեստանի հարվածներից թուլացած Ուրարտուն չի կարողանում դիմադրել մեդիացիներին, որոնք ք. ա. 590թ. գրավում և ավերում են Տուշպա-Վանը, որից հետո Արարատյան դաշտ ներխուժած սկյութական ցեղերը թալանում, հրդեհում և կործանում են Թեյշեբաինին (բերդաքաղաքի հարստության մասին շատ լավ տեղեկացված լինելով՝ նրանք առաջինը գրոհեցին հենց Թեյշեբաինիի վրա): Քաղաքի այրված շինությունների պատերի մեջ պահպանվել էին նրանց արձակած նետերը, որոնցից մեծ քանակությամբ գտնվեցին պեղումների ժամանակ: Հրդեհված քաղաքում ապրել այլևս հնարավոր չէր և բնակիչները տեղափոխվում են Էրեբունի: Վերջինս նույնպես ենթարկվել էր ավերածությունների, բայց չէր հրդեհվել: Գուցե հենց այդ նպատակով էլ կառուցվել էր Թեյշեբաինին, որպեսզի անհրաժեշտության դեպքում փրկեր Էրեբունին կործանումից: Պատահական չէ, որ հնագետներից շատերի կարծիքով, Արարատյան թագավորության վարչական կենտրոնը շարունակում էր մնալ Էրեբունին, իսկ Թեյշեբաինին՝ կարծես օժանդակ ամրոց լիներ նրա համար: Պահպանելով իր գոյությունը նաև հետագա դարերում` Էրեբունին, Աքեմենյան Պարսկաստանի կողմից հայոց թագավորության նվաճումից հետո, դառնում է սատրապություններից մեկի կենտրոնը: Միջնաբերդում եղած շենքերը որոշ փոփոխություններով շարունակում են իրենց գոյությունը նաև հետագա դարերում: Միջնադարում 11-12-րդ դարերում Կարմիր բլուրի վրա եղել է դաստակերտ, որի ժամատունը կանգուն է մնացել մինչև 20-րդ դարի 30-ական թթ.[1]:

Ծիծեռնակաբերդ[խմբագրել կոդը]

Երևանում կատարված պեղումները չեն սահմանափակվում միայն Էրեբունի և Թեյշեբաինի բերդաքաղաքների պեղումներով: Շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պատահական գտածոներն առիթ են դարձել պեղումներ կատարելու նաև շատ ու շատ այլ վայրերում, որտեղից գտնվել են հնագույն մարդկանց բնակության էլ ավելի վաղ շրջանի հետքեր: Այսպես, 1925թ. Ծիծեռնակաբերդի ստորոտում, Հրազդան գետի ափին, Երևանի առաջին հիդրոկայանը կառուցելիս, հողի տակից հանվեցին բրոնզեդարյան հնագույն գործիքներ և խեցե իրեր: Ավելի ուշ՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմքերը փորելիս, հայտնաբերվեցին հնագույն շրջանի կառուցվածքների հետքեր: Դրանք հաստատում էին հնում այստեղ, բլրի գագաթին եղած բերդ-ամրոցի գոյությունը, որն ավանդազրույցից հայտնի է Աստղկաբերդ անունով: Վերջինիս համաձայն բերդ-ամրոցում ապրում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը: Բերդի աշտարակի ամենաբարձր հարկում նա պահում էր իր սիրելի սուրհանդակներին՝ ծիծեռնակներին, այդ պատճառով էլ բարձունքը մինչև այսօր կոչվում է Ծիծեռնակաբերդ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տեղանքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար: 1926թ. նեոլիթյան մշակույթի հետքեր հայտնաբերվեցին Երևանի քարհանքում՝ Նորքի մոտ, Գետառի աջ ափին, որոնք վկայում էին հնագույն մարդու կողմից բնակեցված լինելու մասին: 1936-37թթ. Սասունցի Դավիթ կայարանի շինարարության ժամանակ շրջակայքից գտնվեցին պղնձի-քարի դարի (էնեոլիթ) շուրջ 1000 հնագիտական իր, որոնց մեջ ուզում ենք հատկապես առանձնացնել Կենաց ծառ ձուլելու կաղապարը: Հնագույն բրոնզեդարյան բնակատեղի է հայտնաբերվել նաև ֆիզիկայի ինստիտուտի տարածքում (Հրազդան գետի ափին՝ Քանաքեռի ուղղությամբ): Բնակատեղին հին Երևանցիները անվանում էին Կարմիր բերդ: Երևանյան լիճը կառուցելիս Հրազդանի ափին հայտնաբերվեցին քարեդարյան քարայր-կացարաններ, որոնցում գտնվեցին մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ: Հնագույն բնակավայրեր է գոյություն ունեցել նաև Թեյշեբաինի բերդաքաղաքի տեղում: Չնայած արձանագրության մեջ նշվում է, որ տեղանքը ամայի էր, բայց պեղումների ընթացքում բացվեցին ավելի հնագույն շերտեր, որոնք թվագրվում էին բրոնզի դարով: Դրանց մեծ մասը ընդգրկվել էր հետագայում կառուցված բերդաքաղաքի տարածքի մեջ[2]:

Շենգավիթ[խմբագրել կոդը]

Շենգավիթում պեղումներն սկսվել են դեռևս 20-րդ դարի 30-ական թթ., որոնց ընթացքում հայտնաբերված նյութը հնարավորություն տվեց գաղափար կազմելու մարդկության պատմության ամենավաղ շրջանի ոչ միայն կենցաղի, այլև շինարարական արվեստի, բնակավայրի բնույթի, բնակարանների կառուցվածքի մասին: Պեղումների արդյունքում բացվեցին չորս շերտ, որոնցից առաջին երեքը վերաբերում էին մեր երկրի պատմության վաղագույն շրջանին՝ նախնադարին: Շենգավիթում հայտնաբերված բնակարաններից յուրաքանչյուրը բաղկացած է եղել շուրջ յոթ մետր տրամագիծ ունեցող կլոր շինությունից և նրա շուրջը դասավորված քառանկյուն սենյակներից: Յուրաքանչյուր բնակարան ուներ իր օջախը, պատերը դրսից խնամքով ծեփված էին, իսկ ներսից ներկված էին կապույտ գույնով: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարից, ոսկորից, պղնձից պատրաստված իրեր: Վերին շերտերում հայտնաբերված խեցեղենն ուներ փայլուն սև գույն: Մեծ քանակությամբ աղորիքները, քարե մանգաղները, ցորենի ու գարու հորերը ցույց էին տալիս, որ Շենգավիթի բնակչությունը եղել է նստակյաց, զբաղվել է հիմնականում հողագործությամբ: Պեղումներից գտնված նյութից կարելի է եզրակացնել որ, կարևոր տեղ է գրավել նաև անասնապահությունը: Շենգավիթում հայտնաբերվել է նաև Երևանի տարածքում եղած ամենահին ջրամատակարարման համակարգը: Հնագետների կարծիքով Շենգավիթի բնակավայրը անընդմեջ գոյություն է ունեցել 2000 տարի՝ ք.ա. 4-ից մինչև 2-րդ հազարամյակի կեսերը[1]:

Նշված տարածքներից շատերը ժամանակակից Երևանի կազմում են ընդգրկվել 18- 19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը, այդ պատճառով էլ՝ չնայած ավելի հին են և մեր քաղաքի պատմությունն ավելի հեռավոր ժամանակներ են տանում, բայց քաղաքի հիմնադրման ժամանակը մենք հաշվում ենք Վանի Արարատյան թագավորության շրջանից սկսած: Իհարկե կան գիտնականներ, որոնք Շենգավիթի պեղումների արդյունքով մեր քաղաքը համարում են 6000 տարեկան (այդպես է ժամանակին համարել պեղումների ղեկավար Ս. Սարդարյանը և այսօր էլ քիչ չեն այդ կարծիքի հետևորդները):

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», մաս 1-ին, Երևան, 1959թ.
  2. «Շողակն արարատյան» պաշտոնաթերթ, 2018թ. նոյեմբեր, Բ