Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոարվեստը Երևան մուտք գործեց 20-րդ դարի սկզբին: Ե. Ջանփոլադյանի հայտնի թատրոնի շենքում բացվեց առաջին կինոթատրոնը՝ Բ. Ջանիբեկյանի «Գրանդ Իլլյուզիոն»-ը, իսկ նրա հարևանությամբ, քաղաքային այգում՝ Ա. Գևորգյանի «Ապոլլո»-ն:

Կինոարվեստի հետ առնչվող ամենավաղ գրավոր վկայությունը Երևանում Վ. Գագուայի և Բ. Ջանիբեկյանի՝ գավառապետին ուղղված դիմումն է՝ կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու խնդրանքով (1910թ.): Նույն թվականին նշված կինոթատրոնները տերերի սնանկության պատճառով վերավաՃառվում են, իսկ նոր տերերը, վերականգնելով դրանք, կինոարվեստի ասպարեզում ապահովում են որոշակի աշխուժություն: Ժամանակի մամուլից տեղեկանում ենք, որ քաղաքում ցուցադրվել են «Տիտանիկի կործանումը», «1812 թվականը», «Քրիստոսի կյանքը» կինոնկարները:

Հայաստանում առաջին նկարահանումները կատարվեցին դեռևս 1907-1914 թթ., սակայն կինոարվեստի իրական զարգացումը սկսվեց խորհրդային կարգերի հաստատումից հետո: Հայկական կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է կառավարության «Պետկինոյի կազմավորման մասին» դեկրետի ընդունման օրը՝ 1923թ. ապրիլի 16-ը: Համաձայն այդ դեկրետի՝ մինչև խորհրդայնացումը եղած կինոթատրոններն ազգայնացվեցին: Նույն տարում Երևանում բացվեց ամառային «Պետկինոն», 1924թ.՝ «Նաիրի» կինոթատրոնը (Ամիրյան փողոցում): «Ապոլլո»-ն վերանվանվեց «Պրոլետար»: Պետկինոյի տեխնիկական հագեցվածությունը ապահովում էր 1924թ. բացված կինոլաբորատորիան:

1925թ. Հայաստանի Ժողկոմխորհի հրավերով Երևան եկավ Համո Բեկնազարյանը և ղեկավարեց հայկական կինոյի կայացման գործընթացը: 1925-1928թթ. նա ստեղծեց համր ժանրի հինգ կինոնկարներ՝ «Նամուս», «Զարե», «Շոր և Շորշոր», «Խասփուշ», «Տունը հրաբխի վրա»: 1935թ. նկարահանվեց առաջին հնչուն կինոնկարը՝ «Պեպոն»: Մի շարք անվանափոխություններից հետո Պետկինոն 1938թ. վերանվանվեց Երևանի կինոստուդիա, 1957թ.՝ «Հայֆիլմ», 1966թ. անվանակոչվեց Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա [1]:

1937 թվականից Երևանում նկարահանվում են նաև մուլտֆիլմեր (առաջինը՝ «Շունն ու կատուն»): 1940 - 1970թթ. կինոարվեստի այս ոլորտը նոր զարգացում ապրեց: Էկրանավորվեցին մի շարք հայտնի մուլտֆիլմեր՝ «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Արևի հարսնացուն», «Աբու Հասանի մաշիկները» և այլն:

Առաջին հայկական գեղարվեստական հեռուստաֆիլմը («Դեպի բարձունքներ») նկարահանվեց 1958թ.: 1970թ. ստեղծվեց հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան[1]:

Խորհրդային տարիներին Երևանում բացվեցին 23 կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Նաիրի», «Հայրենիք», «Կոմիտաս», «Արագած», «Սասունցի Դավիթ», «Հայաստան», «Անի», «Ռոսիա» (հետագայում՝ «Այրարատ) և այլն: Ամենահայտնի կինոթատրոնը «Մոսկվան» է, որը կառուցվել է 1935-1936թթ. Սբ Պողոս- Պետրոս եկեղեցու տեղում (ճարտ. Տ. Երկանյան, Գ. Քոչար):

Հայաստանի անկախացումից հետո Երևանի կինոթատրոնները փակվեցին, բացառությամբ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների, որոնք շարունակեցին երևանցիներին ծանոթացնել հայ և համաշխարհային կինոարվեստի նորություններին: 2015թ. հունիսի 1-ին վերաբացվեց քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդային իշխանության վերջին տարիներին կառուցված «Հայաստան» կինոթատրոնը: Կինոթատրոնների պակասն աստիճանաբար լրացվեց քաղաքում բացված հանգստի, զվարճանքի և առևտրի նորաոճ համալիրներում գործող կինոսրահներով, որոնք կարճ ժամանակում դարձան նախընտրելի վայրեր երեխաների և մեծահասակների համար:

Հայ կինոարվեստը 21-րդ դար թևակոխեց զարգացման նոր հեռանկարներով: Մայրաքաղաք Երևանում, այսօր, ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, որոնք մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոնների և արժանանում մրցանակների:

2004 թ. սկսած ամեն տարի Երևանում կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենում ամռանը` ծիրանի օծման ավանդույթ դարձած արարողությամբ: Կինոփառատոնին մասնակցում են աշխարհահռչակ ռեժիսորներ և դերասաններ:

ՀՀ կառավարության որոշմամբ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2006թ. հուլիսին վերակոչվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2007թ. հոկտեմբերին Երևան այցելեց հանրաճանաչ կինոսցենարիստ և դրամատուրգ Տոնինո Գուերրան[1]: Նա հյուրընկալվեց քաղաքապետարանում, եղավ նաև քաղաքի պատմության թանգարանում:

2010թ. հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնի առջև բացվեցին Հ. Բեկնազարյանի, Ռ. Մամուլյանի, Ս. Փարաջանովի և Անրի Վերնոյի աստղերը: Այս շարքը 2013թ. հուլիսի 7-ին «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի բացման օրը համալրվեց Շառլ Ազնավուրի աստղով և դարձավ ավանդույթ՝ ընդգրկելով նորանոր կինոաստղեր:


Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Երևանի տարեգրությունը, Ե., 2009թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։