Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի խորհրդանիշները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի խորհրդանիշները

Աշխարհի բոլոր նշանավոր քաղաքները, որոնց հետ Երևանը քույր և համագործակցող քաղաք է ունեն իրենց խորհրդանիշները: Նրանց հետ հանդիպումներին Երևանը երկար ժամանակ ներկայանում էր ՀՀ պետական խորհրդանիշներով, քանի որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը լինելով չուներ իր խորհրդանիշները: [1] Այդ հարցը միշտ անհանգստացրել է մեր քաղաքի ղեկավարներին, բայց ամեն անգամ հետաձգվել և լուծում չի ստացել: Վերջապես, 20-րդ դարի վերջին, հարցը ստացավ իր լուծումը և մեր սիրելի քաղաքն ունեցավ իր խորհրդանիշները: Դրանք քաղաքի դրոշը, օրհներգը և զինանշանն են: Կարծում ենք հետաքրքիր կլինի իմանալ նրանց ստեղծման պատմությանը: Առաջին լուրջ քայլերը խորհրդանիշների ստեղծման ուղղությամբ կատարվեցին 1994թ., երբ ընդունվեց Երևանի զինանշանը՝ հեղինակ Ալբերտ Սոխիկյան: Այն իրենից ներկայացնում է «Երևան» մակագրությամբ պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, գավազանը ձեռքին առյուծ, որի գլխավերևում թագն է՝ կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով, կրծքին՝ հավերժության նշան և Արարատ լեռը: Ողջ պատկերը եզերված է ուղղանկյունաձև վահանակով: 2004թ. քաղաքապետարանը շարունակելով աշխատանքներն այս ուղղությամբ, ստեղծեց օրհներգի և դրոշի մրցույթային հանձնաժողովներ:[1] 117 հեղինակներից ստացվեցին 162 առաջարկներ: Առաջին մրցանակը նվաճեց Կարապետ Աբրահամյանի և Կարապետ Փաշայանի համատեղ աշխատանքը՝ դրոշը: Այն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի ուղղանկյուն խաղապատկեր որպես մաքրության, պարզության խորհրդանիշ, որի կենտրոնում զինանշանն է՝ շրջապատված Հայաստանի մայրաքաղաքները խորհրդանշող 12 կարմիր եռանկյունիներով: Դրոշի և զինանշանի մայրաքաղաքային նշանակությունը ընդգծելու համար հեղինակները օգտագործել են ազգային դրոշի գույները` ծիրանագույն, կարմիր, կապույտ: Երևանի օրհներգ հաստատվեց Պ. Սևակի խոսքերով և Է. Հովհաննիսյանի երաժշտությամբ գրված «Էրեբունի Երևան» երգը, որ առաջին անգամ կատարվել էր քաղաքի 2750-ամյակի տոնակատարության ժամանակ: Երևանի խորհրդանիշներն առաջին անգամ մեր համաքաղաքացիներին ներկայացվեցին 2004թ. հոկտեմբերի 13-ին օպերայի և բալետի թատրոնի դահլիճում կայացած «Էրեբունի-Երևան » տոնակատարության հանդիսավոր նիստի ժամանակ: Նիստը սկսվեց օրհներգով, առաջին անգամ պարզվեց դրոշը և ներկայացվեց զինանշանը: Այնուհետև Երևանի խորհրդանիշները հանդիսավորությամբ հանձնվեցին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որտեղ էլ նրանք իրենց տեղը գտան հիմնական ցուցադրության մեջ: [1]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Երևանի քաղաքապետարանի հաշվետվություն, հուլիս, 2008 թ.